«Տիկին Բաղդասարյան, ուսուցիչ եմ՝ 2 կնշանակեմը ո՞րն է. վախեցնում ես, որ ի՞նչ անես»
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն այսօր խորհրդարանի ամբիոնից դիմելով իշխող խմբակցության պատգամավորներին, մասնավորապես՝ Նազելի Բաղդասարյանին, ասաց. «Հարգելի գործընկերներ, այնպիսի տերմիներ օգտագործեցիք, որ տպավորություն ստացա, թե մարտի դաշտում ենք, զավթել, բռնազավթել, եսիմ ինչ: Սովորական հարց է, պարզապես պետք է այդ հարցը քննարկել ու հասկանալ, թե ինչի մասին է խոսքը: Հիմա Դուք հանրությանը համոզեցիք՝ համաժողովրդական քվեարկությամբ ՍԴ-ի հարցը լուծելու համար, մենք ասացինք, որ այդտեղ կան իրավական խնդիրներ, դրա համար ձեռնպահ ենք քվեարկում: Հիմա եկել համոզում եք, որ համաժողովրդական քվեարկությունը ճիշտ չէ, ճիշտը հարցը միասին որոշելն է:
Ասում եք, որ սա կարող է չվերաբերի ապրիլի 5-ի հանրաքվեին, մեր ժողովուրդը մի լավ խոսք ունի՝ կարող է ցանես, ու չկանաչի, դրա համար այդ կարողան թողեք մի կողմ, պարզ է, որ ապրիլի 5-ի հանրաքվեի վերաբերյալ է սա»,- հայտարարեց պատգամավորը, ապա շարունակելով միտքը՝ ասաց, թե իշխանությունը հայտարարում է, որ ժողովրդի մասին է մտածում, մինչդեռ ժողովրդին թողնում է, որ գնան մոլերը՝ առևտուր անելու, ռեստորաններում քեֆերի մասնակցեն, մի օր էլ կարող են գնալ ու հանրաքվեին մասնակցել:
Հետո խորհուրդ տվեց, որ քարոզչությունը պետք չէ սկսել Երևանից, գնալ-հասնել մինչև Սյունիք, կարող են օնլայն քարոզարշավ անցկացնել:
«Հիմա, եթե ուրիշ բան կա, եկեք հայերեն մեզ ասեք, մենք էլ հայերեն կքննարկենք ու կմտածենք, եթե ուրիշ բան չկա, սիրելիներս, եկեք նորմալ ընթացքով գնանք, ի՞նչ եք խառնվել իրար: «Տիկին Բաղդասարյանն էլ ասում է՝ ուսուցիչ եմ՝ 2 կնշանակեմ. վախեցնում ես, որ ի՞նչ անես, մենք վաղուց ավարտել ենք»,- ընդգծեց Սերգեյ Բագրատյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ-ն քննարկում է Վահագն Հովակիմյանի հեղինակած նախագիծը՝ «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու» վերաբերյալ:
«Իմքայլական» պատգամավորի հեղինակած նախագծով հնարավորություն կտրվի արտակարգ դրության ավարտից հետո չեղարկել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունների դադարեցման նպատակով ապրիլի 5-ին հանրապետության նախագահի հրամանագրով նշանակված հանրաքվեն:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում