Արմեն Սարգսյանը հյուրընկալել է վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանին:
Նրանք զրուցել են Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի երկու նախաձեռնությունների՝ Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում համազգային այգի՝ «Հայ պարկ» ստեղծելու և Գյումրիում մեծ մտածող, ծնունդով գյումրեցի Գյուրջիևի անվան այգի հիմնելու մասին:
Նախագահ Սարգսյանը նշել է, որ այս երկու նախաձեռնությունների վերաբերյալ կարևոր է ճարտարապետի կարծիքը, ով ոչ միայն Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի շենքի համահեղինակն է, այլև իր գործունեությամբ մեծ ներդրում է ունեցել Գյումրիի պատմաճարտարապետական նշանակություն ունեցող շենքերի պահպանման գործում՝ մասնավորապես նախագծելով և կառուցելով «Կումայրի» պետական պատմաճարտարապետական արգելոց-թանգարանը։
Ներկայացնելով իր երկու նախաձեռնությունների նպատակը՝ նախագահն ասել է, որ «Հայ պարկ»-ի հիմքում առաջին հերթին միասնության և միասնական գործի գաղափարն է: Ստեղծվում է մի արժեք, որն ուղղված է ոչ միայն մեր պատմությանը, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, այլ նաև՝ ապագային: Նա կարևոր է համարել նաև այգու բնապահպանական նշանակությունը Երևանի համար:
Ինչ վերաբերում է Գյումրիում Գյուրջիևի այգու ստեղծմանը, գաղափարը ենթադրում է համերգասրահի, գրադարանի և այլ ենթակառուցվածքների ստեղծում, միջավայր, որը կարող է գրավել ոչ միայն Գյուրջիևի հետ կապված անհատներին ու աշխարհի տարբեր երկրներում գտնվող նրա կենսափիլիսոփայության հետևորդներին, այլև դառնալ մշակութային միջոցառումների անցկացման հետաքրքիր վայր:
Ճարտարապետ Սաշուր Քալաշանը ողջունելի է համարել նախագահ Սարգսյանի նախաձեռնությունները՝ նշելով, որ պատրաստ է իր մասնագիտական կարողություններով և փորձով աջակցել մեր ժողովրդի և, հատկապես, Երևանի ու Գյումրիի համար կարևոր ծրագրերը կյանքի կոչելուն: