«Ձեր այս տրամաբանությունը նշանակում է՝ թքել ՀՀ Սահմանադրության վրա, Սահմանադրությունը սարքել պոլի շոր». Նաիրա Զոհրաբյանը՝ Վահագն Հովակիմյանին

Այսօր խորհրդարանում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դիմելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանին՝ հարց բարձրացրեց՝ կապված Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հետ:

«Պարոն Հովակիմյան, շարունակելով Ձեր նախագծի տրամաբանությունը, տեսականորեն չեք բացառում, որ կարող է ստեղծվել իրավիճակ, որ Դուք խորհրդարանին օժտեք լիազորությունով՝ չեղարկել խորհրդարանական ընտրությունները, ՏԻՄ ընտրությունները, Հայաստանը հռչակել միապետություն: Առհասարակ՝ չե՞ք կարծում, որ Ձեր այս տրամաբանությունը նշանակում է՝ թքել ՀՀ Սահմանադրության վրա, Սահմանադրությունը սարքել պոլի շոր և ընդամենը Ձեր ներքաղաքական այսրոպեական խնդիրը լուծելու համար՝ ուղղակի ձևախեղել Սահմանադրությունը: Այո, այս տրամաբանությամբ, ինչպես Դուք եք ասում, կարող եք մի օր էլ ասել, որ, քանի որ այս ֆորսմաժորային իրավիճակում, որը կանխատեսելի չէ, մենք չեղարկում ենք խորհրդարանական ընտրությունները, Հայաստանը հռչակում ենք միապետություն և ինչ ուզում՝ անում ենք, որովհետև այս պահի ֆորսմաժորային իրավիճակը թելադրում է այդ նպատակահարմարությունը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Պատասխանելով՝ Վահագն Հովակիմյանն ասաց. «Տիկին Զոհրաբյան ջան, ԱԺ ընտրությունների ճակատագիրը հստակ Սահմանադրությամբ ամրագրված է: Սահմանադրությունը նաև կարգավորում է, որ ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո ինչպես է անցկացվում այդ ընտրությունները: Այսինքն՝ այստեղ չկա  որևէ մեկը, որ  օրենքի մակարդակով բերի ու  ինչ-որ լիազորություններ տա: Ըստ էության, ԱԺ-ի որոշումը՝ հանրաքվե իրականացնելու մասին, նախագահի հրամանագրով իրացվել է, այստեղ իրավական մեծ բանավեճ է սկսվում, թե ինչ պետք է լինի ու ինչպես»,- նշեց Վ. Հովակիմյանը:

Արձագանքելով՝  Նաիրա Զոհրաբյանն ասաց՝ ոչինչ չի հասկանում, որովհետև հասկանում է, որ հանրաքվեի մեխանիզմը հստակ կանոնակարգում է Սահմանադրությունը.

«Չեմ կարծում, որ ԱԺ-ն Սահմանադրական քայլ է անում՝ այս նախագծով չեղարկելու հանրաքվեի անցկացումը»,- շեշտեց նա:

Վահագն Հովակիմյանն էլ իր հերթին՝ պատասխանեց. «Տիկին Զոհրաբյան ջան, ես կյանքս էլ կտամ, որ Դուք միշտ Ձեր տեսակետը պնդելու հնարավորություն ունենաք, բայց եթե Ձեր տեսակետը ճիշտ լինի»:

Տեսանյութեր

Լրահոս