«Եթե Բուքիքիոն կաշառակեր է, ինչո՞ւ եք դիմել Վենետիկի հանձնաժողովին՝ ՍԴ վեճը լուծելու համար». Անի Սամսոնյանը՝ Վահագն Հովակիմյանին
Այսօր խորհրդարանում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իշխանական պատգամավոր Վահագն Հովակիմյանին հիշեցրեց, թե նա ամիսներ առաջ ինչ մեղադրանքներ էր ուղղել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյին:
«Պարոն Հովակիմյան, Դուք փետրվարին հայտարարել էինք, որ 2009 թվականին Բուքիքիոն Սերժ Սարգսյանի կողմից շատ թանկարժեք նվեր է ստացել: Մեջբերում եմ Ձեր խոսքերը.«Այդ հատուկ շքանշանը, որը տվել էին տարբեր գնահատականներով, դրա վրա եղած ադամանդները շատ թանկ արժեն: Ուզում եմ ասել, որ այդ նույն պաշտոնյան նախկին իշխանություններից բավականին հետաքրքիր նվերներ է ստացել»:
Պարոն Հովակիմյան, հիմա ուզում եմ հասկանալ՝ արդյո՞ք Ձեր հայտարարության հիման վրա քրեական վարույթ հարուցվել է, քանի որ հայտարարություն եք տվել հանցագործության մասին: Հետո, եթե Բուքիքիոն կաշառակեր պաշտոնյա էր, ինչո՞ւ եք դիմել Վենետիկի հանձնաժողովին, որպեսզի օգնի Սահմանադրական դատարանի վեճը հանգուցալուծելու համար»,- նշեց Անի Սամսոնյանը:
Լսելով հարցը, Վահագն Հովակիմյանն Անի Սամսոնյանին հորդորեց տեքստը նորից ընթերցել և անտեղ գտնել կաշառք բառը:
«Իհարկե, Ձեր ընկալմամբ, ես հասկացել եմ, թե ինչպես եք հասկացել տեքստը: Ձեր ընկալումը տեքստի իրավական ընկալման հիմք չի կարող լինել, հասկանում եք, Դուք ինչպես տեքստն ընկալում եք, դա չի կարող որևէ իրավապահի կամ, ասենք, ինձ համար հիմք լինել ինչ-որ գործողություն անելու: Այսինքն՝ պետք չէ ինձ վերագրել մի բան, որը ես չեմ ասել: Համոզված եղեք, ես իմ ամեն մի բառի համար պատասխան եմ տալու, երբեք չեմ ասի բառ, որի պատասխանը չեմ կարող տալ»,- նշեց Վահագն Հովակիմյանը:
Լսելով արձագանքը՝ Անի Սամսոնյանը Վ. Հովակիմյանին հիշեցրեց, որ, եթե տեղյակ չէ, որ թանկարժեք նվերը պաշտոնյայից պաշտոնյային փոխանցելը կոռուպցիա է, ապա կարող է կարդալ և հասկանալ, թե դա ինչ է նշանակում:
«Դուք շատ պարզ ասել եք, որ Սերժ Սարգսյանը Բուքիքիոյին տվել է թանկարժեք նվեր, և վերջինս չէր կարող լինել անաչառ ու օբյեկտիվ, որովհետև նա եղել է կաշառված հանձնաժողովի նախագահ: Եթե սխալվել եք, հիմա հնարավորություն ունեք ասելու, որ ստել եք, զրպարտել եք, հնարավորություն ունեք ԱԺ ամբիոնից ներողություն խնդրելու Վենետիկի հանձնաժողովի նախագահից»,- ասաց Անի Սամսոնյանը:
Ի պատասխան՝ Վահագն Հովակիմյանն ասաց, որ ներողություն է խնդրում հանրությունից, որ Անի Սամսոնյանն ուղղակի կարդալով տեքստը՝ այն յուրովի է ընկալում և փորձում է այդ յուրովի ընկալումը վերագրել իրեն և անվանել ստախոս:
«Ես մեր հանրությունից եմ ներողություն խնդրում, որ Դուք լինելով ԱԺ պատգամավոր՝ էդպես եք անում: Ավելին կասեմ՝ կյանքս կտամ, որ Դուք մնաք էդպիսին, որ հստակ գրված տեքստը խեղաթյուրելու Ձեր իրավունքից օգտվեք, դա Ձեր իրավունքն է»,- եզրափակեց պատգամավորը: