2019թ. դեկտեմբերից մինչ օրս «ADM դայմոնդս» ադամանդի ընկերությունը ներկրել է 197.000 կարատ ադամանդի հումք. Արտակ Բաղիկյան
«ADM դայմոնդս» ադամանդի ընկերությունը, որը 2020 թվականի առաջին եռամսյակի տվյալներով՝ զբաղեցնում է Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկի 715-րդ հորիզոնականը, ըստ սեփականատեր Արտակ Բաղիկյանի՝ նպատակ ունի դառնալ Հայաստանի 100 խոշոր հարկատուներից մեկը։
Ընկերության սեփականատերը վստահեցրեց, որ պետությունից որևէ քվոտա, այլ կերպ ասած՝ աջակցություն, արտոնյալ պայմաններ չունեն ադամանդի արտահանման համար: Լրագրողների հետ զրույցում Բաղիկյանը բացատրեց, որ աշխարհի որևէ երկրում պատրաստի ադամանդ արտահանելու համար քվոտա չկա, ինչպես նաև քվոտա չկա ադամանդի ներկրվող հումքի՝ ալմաստի համար:
«Ադամանդի հումքի մասով, նորից կրկնում եմ՝ հումքի մասով, ՀՀ-ն ունեցել է քվոտա 2002-2005թթ.: Այդ ժամանակ մեր ընկերությունը գոյություն չի ունեցել: Բոլոր հարցերը քվոտաների մասով ուղղեք տվյալ ժամանակահատվածում գործող ընկերություններին»,- ասաց Բաղիկյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե «ADM դայմոնդս»-ն ունի պետական քվոտա, ինչի արդյունքում էլ հայտնվել է խոշոր հարկատուների ցանկում:
Ընկերության սեփականատիրոջ փոխանցմամբ՝ 2019 թվականի դեկտեմբերից մինչ օրս ընկերությունը ներկրել է 197.000 կարատ ադամանդի հումք:
Անդրադառնալով հարցին, թե ինչպես է ստացվում, որ մեծանում են ընկերության արտադրական ծավալները, սակայն չի ավելանում աշխատողների քանակը, Արտակ Բաղիկյանն ասաց, որ 2019 թվականին ձեռք են բերել նորագույն լազերային սարքավորումներ, որոնք հնարավորություն են տվել տասնյակ անգամներ բարձրացնել արտադրողականությունը:
«Եվ չենք գտնում, որ մենք մեղավոր ենք, մենք չենք համարում, որ մենք մեղավոր ենք, որ այն անանուն գործարարները, որոնք ժամանակին չեն կատարել համապատասխան ներդրումներ իրենց արտադրողականությունը բարձրացնելու համար, այժմ զարմանում են, թե ինչպես է հնարավոր բարձրացնել արտադրողականությունը՝ առանց աշխատողների թվաքանակի ավելացման»,- ընդգծեց Արտակ Բաղիկյանը:
Ընկերության սեփականատիրոջ խոսքով՝ այժմ ունեն 157 աշխատակից, միջին աշխատավարձը` 100.000 դրամի սահմաններում: Այդ աշխատակիցների մեծ մասն էլ ադամանդագործներ են, կան նաև վարչական աշխատակիցներ:
Թե ինչքա՞ն է կազմում ընկերության յուրաքանչյուր ադամանդագործի միջին արտադրողականությունը, ղեկավարները հստակ ասել չկարողացան: Պատճառն ընկերությունում առկա նորագույն լազերային սարքավորումներն են, որոնք, ինչպես արդեն նշել էինք, արագացնում են գործընթացը:
Բաղիկյանի փոխանցմամբ՝ ընկերության համար իրացման շուկան հիմնականում Հայաստանից դուրս է՝ ՌԴ, ԱՄԷ, Հոնկոնգ, Բելառուս, Վրաստան:
«ADM դայմոնդս» ադամանդի ընկերությունն այս պահին չունի գունավոր քարերի արտադրություն և արտահանում:
«Սարքավորումները, որոնք ձեռք ենք բերել Հնդկաստանից, կապված համավարակի հետ՝ մի քիչ ուշանում են Հայաստան ներմուծելու: Հույս ունենք, որ մոտակա երկու ամիսներին կսկսենք արտադրությունը: «ADM դայմոնդս»-ը չի զբաղվում գունավոր քարերի արտադրությամբ, վաճառքով և այլն»,- մեր հարցին ի պատասխան՝ ասաց Արտակ Բաղիկյանը:
Ինչ վերաբերում է հումքի սորտավորմանը՝ ընկերության սեփականատերն ասաց. «Ցանկացած հումք, որը մեր կողմից ներկրվում է, իհարկե, սորտավորվում է, որովհետև անհրաժեշտ է ըստ գույների, որակների, չափերի առանձնացնել, որից հետո՝ գնահատել և մտցնել արտադրություն: Սա շատ կարևոր է, որովհետև հումքը գալիս է միքս վիճակով, և անհրաժեշտություն կա անպայման սորտավորելու»:
Մեր հարցին, թե պատրաստի արտադրանքի ո՞ր մասն է վաճառվում հայկական ոսկերչական ընկերություններին, պատասխան չստացանք, քանի որ, ըստ Արտակ Բաղիկյանի, այժմ նման թիվ չկա՝ «դա նաև մի քիչ բարդ վերահսկելի է»:
Ուղիղ պատասխաններ չստացանք նաև մեր այն հարցերին, թե ինչքա՞ն հումք է ներկրվում, օրինակ, ՌԴ-ից, որը համարվում է լավագույն հումք (ալմաստ) ունեցող ու արտահանող երկիրը, ինչքա՞ն հումք է ներկրվել այս տարվա առաջին եռամսյակում, կամ ընկերության արտադրական ու առևտրային հնարավորությունների ստեղծման օրվանից մինչ օրս ինչպե՞ս են ծավալվել, ներկրման ու արտահանման արդյունքում որքա՞ն հարկ և մաքս է վճարել պետբյուջե: Սեփականատեր Արտակ Բաղիկյանն ու ընկերության փոխտնօրեն Արսեն Արտաշեսյանը նշեցին, որ մեր հարցերի մի մասի պատասխանը կստանանք մեզ այսօր տրամադրած փաստաթղթերում, մյուսների պատասխաները կտրամադրեն գրավոր՝ ավելի ուշ: Մեզ տրամադրած փաստաթղթերն ուսումնասիրելուց ու ընկերությունից այլ պատասխան ստանալուց հետո կտեղեկացնենք լրացուցիչ։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում