Ոչ ոք չի կարող Պատարագի տեքստը կամայականորեն զեղչել․ հոգևորականները շարունակում են աղոթել
Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ գումարված եպիսկոպոսաց ժողովի` նախօրեին տարածած հայտարարությունը, պատասխաններից զատ՝ նոր հարցեր է առաջ բերել։
Բարձրաստիճան հոգևորականների հավաքի օրն էր դեռևս նշվում, որ հայաստանյան եպիսկոպոսների ու թեմակալ առաջնորդների օրակարգում լինելու է Պատարագների ժամանակ հոգևորականների կողմից Վեհափառի անունը չհիշատակելու կամայական որոշումն ու Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոսին վերագրվող դրվագների քննությունը։
Շուրջ 3 ժամ տևած Ժողովից մեկ օր անց տարածված հաղորդագրության մեջ, սակայն, համառոտ անդրադարձ է կատարվել այս հարցերին և ոչ մի բառ՝ ստեղծված հանձնախմբի մասին, որն իբրև թե քննելու էր Արշակ սրբազանին վերագրվող՝ համացանցում անհասկանալի աղբյուրներով շրջանառված, ապա ջնջված տեսանյութերի հարցը։
Ի դեպ, ասում են՝ հանձնախմբի շատ անդամներ դեռ չգիտեն էլ՝ ինչ աշխատանքներ պետք է տանեն, իսկ այդ խմբի ստեղծման համար ստորագրողներից մեկն անգամ չգիտի՝ ինչի տակ է ստորագրած եղել։
Ավելի ուշ Մայր Աթոռը եպիսկոպոսաց ժողովի հայտարարությունը տեղադրեց, որում մասնավորապես նշվում էր․ «Ժողովին քննարկվեց վերջին շրջանում առանձին հոգևորականների կողմից Սուրբ Պատարագի արարողության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունների հիշատակության միտումնավոր զեղչման խնդիրը:
Եպիսկոպոսաց դասը դատապարտելի նկատեց սույն երևույթը՝ արձանագրելով, որ եկեղեցաբանական տեսանկյունից այն հակականոնական է և կարող է հանգեցնել հերձվածի։ Ընդգծվեց, որ նման գործողությունները ենթակա են խստագույն պատժի, եթե եկեղեցականը չզղջա և չսրբագրի իր հակականոնական ընթացքը սահմանված կարգով։
Ժողովը կարևոր նկատեց, որ հոգևորականները չտրվեն պառակտիչ գործողությունների և սադրանքների, պահպանեն միաբանության ոգին՝ հանուն Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու անսասանության և առավել զորացման»,- ասվում էր Մայր Աթոռի հայտարարության մեջ։
Կանսա՞ն արդյոք հոգևորականները Ձեր այս հորդորները, արդյո՞ք կզղջան և կսրբագրեն իրենց ընթացքը՝ հարցին ի պատասխան՝ մեզ հանդիպած եպիսկոպոսները կամ չարձագանքեցին, կամ՝ եղան լակոնիկ։
«Շատ աղոթելիք է»,- ասաց Դանիել Սրբազանը։
Տեր Ադամ քահանա Մակարյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ Մայր Աթոռի վերջին հայտարարությանը՝ հույսով, որ ի վերջո միաբանության շնորհիվ հնարավոր կլինի հաղթարահարել այս վիճակը։
«Ինձ թվում է՝ մեծ մասը հասկանում են, որ այս զեղչումները հակականոնական են, որովհետև դրանք քրիստոնեական տեսանկյունից էլ աղոթք են Հայոց Հայրապետի համար։ Քրիստոս մեզ հորդորում է բոլորի համար աղոթել, և եկեղեցու Հայրապետի համար աղոթքը զեղչելը ոչ միայն իրավական տեսակետից անընդունելի է, այլև քրիստոնեական տեսակետից։
Տեսեք՝ մենք Պատարագի արարողության ավարտին աղոթքներ ենք անում հավատավոր բարեպաշտ իշխանավորների համար, և մենք երբեք չենք զեղչում այդ տեքստը, և մեր պարտականությունն է՝ աղոթել բոլորի համար»,- ասաց նա:
Քահանայի համար անընդունելի են զեղչման մասին արդարացում-գրառումները։
«Ոչ ոք չի կարող Պատարագի տեքստը կամայականորեն զեղչել»,- շեշտեց նա։
Ի դեպ, եպիսկոպոսաց հայտարարության մասին հարցադրումներ ուղղեցինք նաև Պատարագի ժամանակ վեհափառի անունն առաջինը խմբագրած, դրա համար չզղջած, անգամ կարգալուծությունից հետո, առանց եկեղեցու արտոնության Հովհաննավանքում ծառայող Տեր Արամի եղբորը՝ Անուշավան սարկավագին, որն, ի դեպ, շարունակում է Մայր Աթոռում իր ծառայությունը։ Նա շտապում էր աղոթքի։
Մանրամասները՝ տեսանյութում

