ՀԱՊԿ-ը և Եվրասիայում անվտանգային նոր ճարտարապետության անհրաժեշտությունը. ո՞ր երկրների համար է կարևոր ՀԱՊԿ-ը

Օրերս ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Հայաստանը չի մասնակցի Բիշքեկում նոյեմբերի 27-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին: Երևանը, սակայն, դեմ չէ գագաթնաժողովում համաձայնեցված փաստաթղթերի ընդունմանը:

Սա, իհարկե, անակնկալ տեղեկություն չէր, քանի որ ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունները սրված են հատկապես 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո։ ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ սառեցրել են անդամակցությունը ՀԱՊԿ-ին՝ չբացառելով նաև այդ կառույցը լքելու հեռանկարը: Հետևաբար՝ Հայաստանը վերջին 2 տարիների ընթացքում հիմնականում չի մասնակցում ՀԱՊԿ-ի միջոցառումներին:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ում ՀՀ անդամակցությունը սառեցրել են ոչ միայն այն պատճառով, որ ՀԱՊԿ-ը չի ապահովում Հայաստանի նկատմամբ իր ունեցած անվտանգային պարտավորությունները, այլև այն պատճառով, որ ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար։ Նա ասել էր, որ շատ է քննարկվում այն հարցը՝ արդյո՞ք Հայաստանը փորձելու է կամ մտածում է ՀԱՊԿ վերադառնալու մասին:

«Լիարժեք կվերականգնենք ՀԱՊԿ-ում մեր գործունեությունը միայն այն պարագայում, երբ մեր բարձրացրած հարցերին հնչեն կոնկրետ պատասխաններ։ Մեր շեշտադրումներից անցել է երկու տարի, պատասխաններ ոչ միայն չեն հնչել, այլ արդեն ակնհայտ է, որ չեն հնչելու: Ինչքան այդ պատասխանները չեն հնչում, ամեն րոպեի ու վայրկյանի հետ ՀՀ-ն ավելի է հեռանում ՀԱՊԿ-ից: Եթե մենք դեռ չենք անցել անդառնալիության կետը, մեծ է հավանականությունը, որ այս իրավիճակի շարունակվելու դեպքում մենք կանցնենք անդառնալիության կետը, և որևէ մեկը մեզ մեղադրելու լեգիտիմ առիթ ու պատճառ չի ունենա»,- ընդգծել էր Փաշինյանը:

Կարդացեք նաև

Նշենք, որ ՀԱՊԿ-ը չի անդրադառնում ՀՀ իշխանությունների բարձրացրած այս հարցերին:

ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը երեկ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց այս փուլում Արտաքին գործերի նախարարության օրակարգում չկա: «Մեր առջև այդպիսի խնդիր դեռ չի դրվել, և եթե լինեն այդպիսի զարգացումներ, կիմանաք, բնականաբար, դրա մասին»,- նշեց Սաֆարյանը:
Նա վերահաստատեց ՀԱՊԿ -ի հետ կապված Հայաստանի քաղաքականությունը՝ ասելով. «Չենք մասնակցում, բայց չենք խոչընդոտում որոշումների, փաստաթղթերի ընդունմանը»:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ինչո՞ւ Հայաստանը դուրս չի գալիս այդ կառույցից, ո՞րն է պատճառը, որ շարունակում է մնալ ՀԱՊԿ-ում, արդյոք Երևանը մտավախություն ունի՞, որ իր այդ քայլով էլ ավելի կսրի Ռուսաստանի հետ ունեցած հարաբերությունները՝ հարցերին ի պատասխան՝ Մնացական Սաֆարյանը նշեց, թե «այս փուլում իրենց քաղաքականությունն այդպիսին է»։

«Հայաստանը վարում է իր արտաքին քաղաքականությունն իր շահերի հիման վրա, ըստ իրավիճակի, հայտարարվել է Հայաստանի և՛ դիվերսիֆիկացման, և՛ բալանսավորման քաղաքականության մասին։ Ըստ կոնկրետ իրավիճակի՝ Հայաստանն ընդունում է որոշումներ, և եթե հավելյալ տեղեկատվություն լինի, կտեղեկացնենք»,- ընդգծեց փոխարտգործնախարարը:

Ռուս վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը «168 Ժամի» հետ զրույցում ասաց, որ աշխարհաքաղաքական ներկայիս հանգրվանում ՀԱՊԿ-ի նշանակությունը ձևավորվում է ավելի շատ՝ որպես սիմվոլիկ անվտանգային հարթակ, քան՝ արդյունավետ կոլեկտիվ պաշտպանական մեխանիզմ։

Նա շեշտեց, որ կազմակերպության կենտրոնում Ռուսաստանն էր, ՌԴ անվտանգային հնարավորությունները, և կազմակերպությունը հիմնվում էր Ռուսաստանի ու գործընկերների հարաբերությունների վրա, իսկ կազմակերպության անդամ բոլոր երկրների միջև կապը կազմակերպության առջև դրված խնդիրների շուրջ բացակայում էր:

«Սակայն Ուկրաինայի պատերազմից հետո տարածաշրջանային ուժային դինամիկան փոխվեց․ ՀԱՊԿ անդամ երկրները սկսեցին ավելի բազմավեկտոր արտաքին քաղաքականություն վարել, տեսանք, որ հավաքական անվտանգությունը չի գործում, իսկ մինչ այդ էլ ՀՀ իշխանություններն էին բազմաթիվ խնդիրներ բարձրաձայնում, այդ խնդիրների մի մասն օբյեկտիվ հիմքեր ունեին, իսկ հետագա զարգացումներն ապացուցեցին, որ հետխորհրդային գոտում շատ բան է փոխվում: Ուստի հասկանալի է, որ ՀԱՊԿ-ը՝ որպես կառույց, պահպանում է իր դիրքերը, սակայն անվտանգային նոր մեխանիզմների ու ճարտարապետության կարիք կա»,- ասաց Խրամչիխինը՝ հավելելով, որ Ռուսաստանում արդեն իսկ քննարկվում են մի շարք նոր գաղափարներ:

Միևնույն ժամանակ, ըստ նրա, պետք է նաև ընդունել, որ ՀԱՊԿ որոշ անդամ երկրների համար կազմակերպությունը շարունակում է պահպանել իր կարևորությունը, խոսքը Բելառուսի և Տաջիկստանի մասին է, որոնք շահագրգռված են պահպանել ռուսական անվտանգային հովանավորչությունը և որոշ երաշխիքներ։ «Ղազախստանն էլ մի կողմից՝ չի խզում ֆորմալ մասնակցությունը, մյուս կողմից՝ ակտիվորեն խորացնում է կապերը Չինաստանի, Թուրքիայի և արևմտյան կառույցների հետ՝ ձևավորելով բազմաբևեռ անվտանգության ճարտարապետություն։ Այսպիսով, ՀԱՊԿ-ի նշանակությունը տարբերվում է՝ ըստ ազգային օրակարգերի, և միասնական ընկալում այլևս չկա»,- ասաց Խրամչիխինը:

Նրա խոսքով, հավանաբար ՀԱՊԿ-ը կշարունակի գործել, բայց ոչ որպես կոլեկտիվ անվտանգության արդյունավետ համակարգ։

«Այն ձևաչափ է, որը պահպանում է Ռուսաստանի տարածաշրջանային ներկայության դերը, սակայն չի կարողանում արձագանքել աշխարհաքաղաքական բոլոր մարտահրավերներին, որոնց բնույթն անընդհատ փոխվում է:

Հետևաբար, ՀԱՊԿ-ի շուրջ խնդիրները խորքային են, պայմանավորված աշխարհաքաղաքական խորքային գործընթացներով. այն արտացոլում է հետխորհրդային անվտանգության մոդելի ավարտը և նոր ռազմավարական ճարտարապետության որոնումները տարածաշրջանում։ Ուստի այս խորքային զարգացումների, պատերազմի, գլոբալ բանակցությունների ֆոնին ՀԱՊԿ-ի հետ կապված հարցերը մեծ կարևորություն չունեն, Հայաստանի չմասնակցությունը՝ ևս, քանի որ գլոբալ պատերազմի ավարտից հետո նոր ճարտարապետություն պետք է ձևավորվի»,- ասաց Խրամչիխինը:

Տեսանյութեր

Լրահոս