Անկարայում Հռոմի պապը հանդիպել է Էրդողանի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Հռոմի պապ Լևոն 14-րդ-ի հետ։ Առաջին օտարերկրյա այցն Անկարա իրականացրած Հռոմի պապին Թուրքիայի նախագահականում պաշտոնական արարողությամբ դիմավորել է անձամբ Էրդողանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Էրդողան-Պապ հանդիպումը տևել է կես ժամ, ինչին հաջորդել է կողմերի պատվիրակությունների միջև հանդիպումը, որն այժմ ընթացքի մեջ է։ Դրա ավարտից հետո նախատեսվում է Էրդողանի և Պապի ողջույնը՝ նախագահականի ազգային գրադարանում գտնվող հրավիրյալներին։
Նշվում է, որ դիմավորման արարողությանը ներկա է գտնվել Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը, արտգործնախարար Հաքան Ֆիդանը, մշակույթի և տուրիզմի նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը, նախագահականի գլխավոր քարտուղար Հաքքը Սուսմազը, նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը, Նախագահի անձնական քարտուղար Հասան Դողանը, նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը և Անկարայի նահանգապետ Վասիփ Շահինը։
Նշենք, որ Լևոն 14-րդն այցելել է նաև Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի դամբարան՝ «Anıtkabir», և ծաղիկներ խոնարհել։ Հռոմի պապն իր ստորագրությունն է թողել նաև «Anıtkabır»-ի հատուկ գրքում՝ գրելով․ «Ես շնորհակալ եմ Աստծուց, որ կարողացա այցելել Թուրքիա և այս երկրին և մարդկանց խաղաղության ու բարօրության շատություն եմ մաղթում»։

