«Սիրտը կաթողիկոսի «գլուխն» է ուզում և հայոց եկեղեցին` տապալված…». Արմինե Օհանյան
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Ես երեկ գրել էի, որ այն, ինչ այս իշխանությունն արել է իրավապահ, դատական համակարգի հանդեպ աններելի է… կներեք, սխալվել եմ` ուրիշ ավելի աններելի բաներ կամ: Օրինակ այն, ինչ անում են Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, ինչը ոչ մի արդարացում ու ներում չունի: Այս արշավը ոչ միայն Մեծ խառնակչություն է, հանրությունը պառակտելու, էլ ավելի բզկտելու փորձ, այլ ուղղակի հանցագործություն մեր ժողովրդի ու պետության նկատմամբ:
Սկզբում եկեղեցիները չուլան անվանեց, հետո մտավ հոգևորականների անձնական կյանք ու «բարքերի ոստիկան» դարձավ, թե` եկեք պարզենք ով է կուսակրոնության ուխտը խախտել: Բայց այն «ուխադրուժները», որոնք իր կողմն անցան, ինդուլգենցիա ստացան, ով չանցավ` նրանց պատերազմ հայտարարեց: Սիրտը կաթողիկոսի «գլուխն» է ուզում և հայոց եկեղեցին` տապալված…
Հետո սկսեց կարգալույծ և Մայր Աթոռից «աբիժնիկ» հոգևորականներից հերձվածողների բանակ ձևավորել ու սուրբ պատարագի կանոնակարգը փոխել:
Իսկ այսօր ինքն ու իր աղանդի փոքրաթիվ անդամները հասան սրբազանների դասին` եպիսկոպոսների մի խմբի կողմից եկեղեցին պառակտող, Վեհափառի ու Մայր Աթոռի դեմ ստորագրված հայտարարություն տարածեցին:
Ովքե՞ր են ստորագրել այդ հայտարարությունը.
Օֆշորի սկանդալից հայտնի, բազում քրեական գործերով անցնող մեկը:
Իր թեմում խայտառակ պատմության մեջ հայտնված, իր քահանայի ընտանիքը քանդած մեկը, ում տեղափոխել են այլ թեմ` սկանդալը մարելու համար:
Մեկը, ում զավակը բարձր պաշտոն էր զբաղեցնում Փաշինյանի թիմում:
Մեկը, ում անվան շուրջ սեքսուալ բնույթի տարբեր լուրեր կան…
Ես ահավոր չեմ սիրում այս թեմաները, բայց թվարկում եմ, որ ցույց տամ այս իշխանության փարիսեցիությունը, միջոցների մեջ խտրություն չդնելն ու այն, թե` «ովքեր են դատավորները»:
Եկեղեցու դեմ սկսված այս սրբապիղծ արշավը, այս ազգավնաս խառնակչությունը ոչ մի կեղծ նպատակի տակ հնարավոր չէ թաքցնել: Նման նպատակներին հավատացողները կամ մտավոր խնդիրներ ունեն, կամ իրենց մասնակցությունն այս սատանայական արշավին ամեն կերպ ուզում են արդարացնել` հստակ հասկանալով, թե ինչ է իրականում տեղի ունենում: Կարծում եմ ժամանակն է համահայկական շարժում սկսելու. «Ձեռքերդ հեռու հայոց եկեղեցուց»»:

