ՀԱՊԿ-ը կոչ է արել հնարավորինս շուտ ստորագրել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը
ՀԱՊԿ անդամ երկրներն իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ կնքմանը։ Այս մասին ասվում է ՀԱՊԿ խորհրդի հռչակագրում, որի տեքստը տեղադրվել է Կրեմլի կայքում։
Փաստաթղթում ընդգծվում է, որ կազմակերպությունը «գոհունակությամբ է արձանագրում» Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական երկխոսության զարգացումը։
Միաժամանակ, ՀԱՊԿ անդամները կողմ են առկա տարաձայնությունների համապարփակ կարգավորմանը և կոչ են անում կողմերին հնարավորինս շուտ ստորագրել անվերապահ խաղաղության պայմանագիր։
ՀԱՊԿ գագաթնաժողովը սկսվել է նոյեմբերի 27-ին Բիշքեկում։ Հայաստանը պատվիրակություն չի ուղարկել, սակայն ներկայացուցիչները հայտարարել են, որ դեմ չեն բոլոր համաձայնեցված փաստաթղթերի ընդունմանը։

