Ծախսը՝ մոտ 2,5 մլն դոլար. չէ՞ որ անցած տարի խաղաղություն հաստատված չէր, իսկ այս տարի՝ հաստատված է, հետևաբար՝ երևանցիները պիտի շուրջ 74 %-ով ավելի հավեսով ուրախանան. «ՉԻ»
«ՉԻ». Երևանի քաղաքային իշխանությունները նախատեսում են Ամանորի տոնական նախապատրաստությունների համար ծախսել մոտ 953 մլն դրամ կամ մոտ 2,5 մլն դոլար։
ՉԻ. Այստեղ, բնականաբար, որևէ կոռուպցիա չկա։ Ինչպե՞ս կարող է կոռուպցիա լինել մի գործում, որին մասնակցում է Տիգրան Ավինյանը։ Այլ հարց է, թե ինչո՞ւ են նույն ծախսերն անցյալ տարի կազմել 550 մլն, իսկ այս տարի՝ 953 մլն (աճը՝ ավելի քան մեկ մլն դոլար կամ մոտ 74 տոկոս), բայց սա էլ իր տրամաբանական պատասխանն ունի։ Չէ՞ որ անցած տարի խաղաղությունը դեռևս հաստատված չէր, իսկ այս տարի՝ հաստատված է, հետևաբար՝ երևանցիները պիտի շուրջ 74 տոկոսով ավելի հավեսով ուրախանան։
Ի դեպ՝ եթե հիշում եք, Նիկոլ Փաշինյանի վարչապետության հենց առաջին տարում մեծ աղմուկ բարձրացավ, որ իշխանությունները որոշել են ամբողջ 71 մլն դրամ հատկացնել նոր տոնածառի համար, նրանք էլ առարկում էին, թե «էդ ի՞նչ եք ասում, տոնածառն ընդամենը 22 մլն արժի, մնացածը լույսերն ու խաղալիքներն են, բայց դրանք էլ հո ամեն տարի չե՞նք առնելու, մի անգամ առնում ենք, և վերջ»։ Իսկ այս տարի, պարզվում է, մոտ 150 հազար դոլար տրամադրվում է հենց տոնածառի ճյուղերի և լույսերի համար։
Մի խոսքով՝ լավ է, որ այս տարի Ամանորը 74 տոկոսով ավելի ճոխ ենք նշելու։ Եթե ոչ բոլոր երևանցիները՝ ապա գոնե նրանք, ովքեր անմիջական առնչություն ունեն տոնախմբությունների կազմակերպման հետ։ Բայց շատ ճոխն է՛լ մի բան չի․ մեկ էլ տեսար՝ «ամեն համբալ իրա գեղի «Օպելով» լցվեց Երևան», ո՞նց ենք տակից դուրս գալու։

