«Միջին միջանցքը» պետք է դառնա այլ երթուղիների հուսալի այլընտրանք․ Մարթա Կոս

Եվրոպական Միությունը հանձնառու է զարգացնելու Տրանսկասպյան տրանսպորտային երթուղին, որը հայտնի է նաև «Միջին միջանցք» անվամբ՝ որպես Հյուսիսային երթուղու հուսալի երկարաժամկետ այլընտրանք։ Այս մասին հայտարարել է  ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը` «Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի և տրանսպորտային հասանելիության ներդրողների» ֆորումից առաջ Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում։

«Միջին միջանցքն աշխարհաքաղաքական և տնտեսական առավելություններ է առաջարկում այս երթուղու երկայնքով գտնվող բոլոր երկրներին, որը բաղկացած է Չինաստանը, Կենտրոնական Ասիան, Հարավային Կովկասը և Սև ծովը Եվրոպայի հետ կապող երկաթուղիների և նավահանգիստների ցանցից», – նշել է եվրահանձնակատարը։

Նրա խոսքով՝ Միջին միջանցքով բեռնափոխադրումները 2022 թվականից ի վեր արդեն քառապատկվել են։ «Մինչև 2030 թվականը այն կարող է եռապատկվել, եթե ներդրումներն ուղղված լինեն դրա հզորությունը մեծացնելուն և խոչընդոտները վերացնելուն։ Այս հարցերը կլինեն Տաշքենդում կայանալիք ֆորումի քննարկումների կիզակետում», – նշել է Կոսը։

Հանձնակատարի խոսքով՝ ԵՄ-ի սեփական փորձը ցույց է տվել, թե ինչպես է մեկ երկրից կամ աղբյուրից չափազանց կախվածությունն այն խոցելի դարձնում։ Սա կարող է հանգեցնել էներգետիկ շանտաժի, անհրաժեշտ հումքի պակասի կամ թվային տեխնոլոգիաներից չափազանց կախվածության, ինչն, ի վերջո, կսահմանափակի գործողությունների ազատությունը: «Տրանսպորտային ենթակառուցվածքների, թվային և էներգետիկ հասանելիության մեջ ներդրումները ստեղծում են ավելի շատ հնարավորություններ և նվազեցնում շանտաժի ռիսկը»,- եզրափակել է Կոսը։

Տեսանյութեր

Լրահոս