Բաժիններ՝

Ավագանու որոշմամբ ԵԿՄ-ին անհատույց օգտագործման տարածքներ տրամադրվեցին. քննարկումները թեժ էին

Երևանի ավագանին 31 կողմ, 2 դեմ, 1 ձեռնպահ ձայների համամասնությամբ  որոշեց ԵԿՄ-ին անհատույց տրամադրել Երևան քաղաքին պատկանող 8 տարածք: Նիստի սկզբում ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Մեսրոպ Պապիկյանն առաջարկեց հանել հարցը օրակարգից, քանի որ այդ հարցի մասին 2 շաբաթ առաջ են տեղյակ պահել իրենց և չեն հասցրել այն բազմակողմանի ուսումնասիրել: Ավագանու իմքայլական անդամներից ոչ բոլորն էին կողմ իրենց խմբակցության անդամի առաջարկին, հարցը մնաց օրակարգում: Մինչև քվեարկությունը քննարկումները բավականին թեժ էին: Ավագանու անդամները մեկը մյուսին մեղադրեցին անշնորհակալ լինելու, ԵԿՄ ավանդը չգնահատելու, պաթետիկ ելույթների, նախկինների հետ համեմատելու և այլ արարքների մեջ: Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանին զարմացրեց այն, որ այս թեման այսքան բուռն քննարկվում է:

«Ինձ համար զարմանալի է, որ էս սերունդն է ԵԿՄ-ին անհատույց տարածքներ տրամադրելու հարցը համարում վիճահարույց թեմա, որովհետև այս սերունդն ամենաշատ պետք է պարտական լինի Երկրապահին և ազատամարտիկներին, որոնք իրենց կյանքն են զոհաբերել մեր ապագայի համար: Նոր իմ գործընկեր Արմեն Ներսիսյանը փայլուն բան ասաց, էդ մարդիկ կիլոմետրերով տարածք են մեզ համար ազատագրել, էսօր քաղաքի կենտրոնում 200 քմ-ն հարմար չեք գտնո՞ւմ այդ մարդկանց տալու համար»,- ասաց Հարությունյանը:

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Էռնեստ Ավանեսովին բարկացրել էր այն, որ «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն իր ելույթում ասել էր, որ անգամ ՀՀԿ-ականները նման հարցերի շուրջ նման քննարկումներ չեն ունեցել:

«Մտեք ձեր կուսակցություններ և մյուս կողմից դուրս եկեք, ամոթի որոշ դրվագներ հաստատ կտեսնեք: Չփորձեք մեր ասածները խեղաթյուրել և այլ ուղղությամբ տանել: Մենք շատերս 2016-ին խմբեր ենք կազմել, մեկնել ենք դիրքեր, երբ ձեզանից շատերը չգիտեմ ինչո՞վ էին զբաղված, այդ թվում՝ ՀՀԿ-ի հետ: Չփորձեք մեզ ՀՀԿ-ի հետ համեմատել»,- ասաց Ավանեսովը:

Անի Խաչատրյանը սկզբում՝ տեղից, ապա ամբիոնից արձագանքեց՝ Ավանեսովը ԵԿՄ գրասենյակների դեմ արդեն, մեկ տարի է, պայքար է մղում:

«Ես Ձեզ մեկ տարի առաջ էլ մեղադրել եմ ԵԿՄ գրասենյակների վրա ղումար խաղալու: ԵԿՄ գրասենյակները համագործակցում են ՊՆ-ի հետ, և նրանց շնորհիվ 3800 մարդ է անդամագրվել պայմանագրային ծառայության: Մենք այստեղ զուտ նախագիծ ենք քննարկում, հակառակ դեպքում այստեղ նստածների մեծ մասն անգամ բարոյական իրավունք չէր ունենալու երկրապահի անունը բարձրաձայնելու, վերանայեք ձեր անցած ճանապարհը»,- ասաց Խաչատրյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը պնդեց, որ սա այն հարցը չէր, որը կարելի էր այսքան ծանրացնել, և, որ սա տեսնում է ամբողջ աշխարհը:

«Էս ի՞նչ ենք անում, ուրախացնում ենք թշնամիներին, որոնք ամեն րոպե սպասում են, թե երբ են մեզ մոտ այսպիսի ընդվզումներ սկսելու: Ուզում եմ ասել՝ այն գործընկերներիս, որոնք հիմա դեմ կքվեարկեն այս նախագծին, թող լավ մտածեն, որ իրենց ազգականների մեջ կան հաշմանդամություն ունեցողներ, շրջապատում կլինեն զոհված ու վիրավորված ազատամարտիկներ, նրանց հարազատները: Այդ ամենը հիշեք, նոր այսքան երկար-բարակ խոսեք: Մի մոռացեք, որ այս ամենն ամբողջ աշխարհը տեսնում է, ծիծաղեցնե՞լ եք տալիս, թե՞ ուղղորդված եք ինչ-որ մեկի կողմից»,- ասաց Ներսիսյանը:

Ավագանու անդամները մեկը մյուսին հաջորդող ելույթներ ունեցան, արդյունքում՝ նրանց մի մասը հրաժարվեց մասնակցել քվեարկությանը: Հայկ Մարությանը պնդեց, որ ԵԿՄ-ն արդեն իսկ ազատել է մի շարք տարածքներ, որոնք պետք են Երևան քաղաքին, և պատրաստակամություն է հայտնել ազատել այլ տարածքներ ևս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս