Բաժիններ՝

«Տեղի դեֆիցիտ չկա այն մանկապարտեզներում, որտեղ ԵԿՄ-ն գրասենյակներ ունի». Հայկ Մարության

«2 տարին  լրացած 9317 երեխա սպասում է մանկապարտեզ հաճախելու իր հերթին». Ավագանու մայիսի 26-ի նիստի ընթացքում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Աննա Ջավախյանը՝ անդրադառնալով  քննարկվող հարցին, որ ԵԿՄ մի շարք գրասենյակներ տեղակայված են մանկապարտեզների տարածքներում:

«Այս պահին 30.649 երեխա հաճախում է մանկապարտեզ: 9317 երեխա, ում 2 տարեկանը լրացած է, սպասում է հերթի մեջ: 6845 երեխայի 3 տարեկանն արդեն լրացել է, և չեն կարողանում հաճախել մանկապարտեզ: Այդ երեխաների ծնողներից մեկին մենք դատապարտում ենք սնանկության, քանի որ հնարավորություն չենք տալիս երեխային ուղարկել մանկապարտեզ, գնալ աշխատանքի: Ներկայիս առկա տարածքներով այս հարցը չենք լուծելու, իսկ այս երեխաները սպասում են»,- ասաց իմքայլական ավագանու անդամը:

Ջավախյանը նշեց, որ ոչ բոլոր ծնողները հնարավորություն ունեն իրենց երեխաներին մասնավոր մանկապարտեզներ ուղարկել և հույսը դնել ծնողի ֆինանսական կարողությունների վրա, չի կարելի:

«Էրեբունին ունի 126.300 բնակչություն, 13 մանկապարտեզ, 1143 երեխա սպասում է մանկապարտեզ հաճախելու իր հերթին, գործող խմբերի քանակը 72-ն է: Նույնաքանակ բնակչություն ունեցող Կենտրոնում ունենք 21 մանկապարտեզ, և հերթի մեջ է 877 երեխա, սա նշանակում է, որ Էրեբունիի երեխաների կեսից քիչը պետք է մոռանա, որ մանկապարտեզի երես է տեսնելու, չենք կարողանալու լուծել հարցը, եթե այսօր 402,3 քմ տարածք տալիս ենք որևէ կազմակերպության»,- ասաց Ջավախյանը:

Ավագանում իմքայլական անդամն ասաց, որ ինքը չի քվեարկելու, քանի որ իրեն շատ բարդ ընտրության առջև են կանգնեցրել, մի կողմում՝ երկրապահներն են, մյուս կողմում՝ երեխաները: Ջավախյանը նկատեց, որ արդարացում չէ այն պնդումը, թե գումար չկա այս պահին մանկապարտեզները վերանորոգելու, նաև առաջարկեց թեման հուզական դաշտ չտանել: Քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձավ Աննա Ջավախյանի ելույթին և նշեց, որ ԵԿՄ-ին տրամադրվող տարածքներից միայն 4-ն են մանկապարտեզի տարածք:

«58, 73, 87, 119 մանկապարտեզների տարածքներում ԵԿՄ-ն ունի գրասենյակներ: Նշեմ, որ այնտեղ տեղի դեֆիցիտ չկա: Դավիթաշենի թիվ 58 մանկապարտեզում հերթագրված է 47 երեխա, ավարտում է 99-ը, տարբերությունը 52 է, այդքան ավել տեղ է մնում: Էրեբունու թիվ 73 մանկապարտեզում հերթագրված է 53 երեխա, ավարտում է 69, 16 երեխայի ավել տեղ կա: Մալաթիա-Սեբաստիայի թիվ 87 մանկապարտեզում հերթագրված 0 երեխա կա, 35՝ ավարտող: Նոր Նորքի 119 մանկապարտեզում հերթագրված է 100 երեխա, 112-ն ավարտում են: Սրանք են այն չորս մանկապարտեզներն այն 8 տարածքներից, որոնք տրամադրվում են ԵԿՄ-ին»,- եզրափակեց Մարությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս