Ով է օգտվելու ապօրինի բռնագանձված գույքից
Մայիսի 11-ին ՀՀ Նախագահը ստորագրեց գույքի ապօրինի բռնագանձման մասին մի շարք ներքին հակասություններով օրենքը, որն ընդունվել էր կիսածածուկ, արտակարգ դրության պայմաններում և առանց անհրաժեշտ քննարկումների։ Նիկոլ Փաշինյանը այս օրենքը համարում է իր վարչակարգի կարևորագույն ձեռքբերումը։
Օրենքի իրավական և տնտեսական ծանր հետևանքների քննարկումը թողնելով մասնագետներին՝ անհրաժեշտ է նայել այս օրենքի ժողովրդականության կարևորագույն հիմքին՝ սոցիալական արդարություն հաստատելու հեռանկարին, քանի որ պոպուլիստական հայտարարություններում հաճախ է նշվում, որ այն հին ռեժիմի դեմ պայքարի և սոցիալական արդարության հաստատման կարևորագույն գործիք է։ Շատերն են սպասում այս օրենքի կիրառմանը՝ հույս ունենալով, որ ամեն ինչ կբռնագանձեն ու կբաժանեն ժողովրդին և բոլորը կսկսեն լավ ապրել։ Անգամ շրջանառվում է մի անհեթեթ վարկած, թե՝ հենց գույքը բռնագանձեն, հնարավոր կլինի ապահովել ժողովրդի սոցիալական կարիքները և նոր միայն կսկսվի կորոնավիրուսի դեմ իրական պայքարի փուլը։
Ստիպված ենք հիասթափեցնել մեր բնակչությանը։ Ինչպես ասել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը․ «Սա հարուստներից գույքը վերցնելու և աշխատավորներին գույքը հանձնելու մասին չէ։ Տվյալ անձը պարտավոր է իրեն փաստացի պատկանող ամբողջ գույքը հայտարարագրել՝ այդ թվում արտասահմանյան բանկային հաշիվները, և դրա նվազագույնը՝ 75 տոկոսը, փոխանցել պետությանը»։ Մենք շատ լավ գիտենք, թե այս երկու տարվա ընթացքում օլիգարխների կողմից պետությանը փոխանցված գումարները ուր են գնացել, չիմացողների համար մեկ անգամ ևս նշենք՝ բյուջե չեն գնացել։
Մայիսի 16-ին առցանց մամուլի ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց այն մասին, թե ում գույքն են ապօրինի բռնագանձելու․ «Մենք ցուցակներ չենք ձևավորում, ցուցակներն իրենք կոռուպցիոներներն են ձևավորել իրենց գործունեությամբ»: Այստեղ որևէ իրավական պնդում չկա, բայց կա պնդում այն մասին, որ կոռուպցիոներ կհամարվեն նրանք, ում այդպիսին է ներկայացրել տարիների ընթացքում «Հայկական ժամանակ» օրաթերթը, կամ այդ մասին ժամանակին հանրահավաքներում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Այլ դեպքերում կոռուպցիոներները հայտարարվում են խոշոր գործարարներ, և հաճախ ծառայում են վարչապետի ընտանեկան բիզնեսներում։
Հիմա, ի նկատի ունենալով Հայաստանում գործող քաղաքական-իրավական պրակտիկան, փորձենք պատկերացնել, թե ինչպես է իրականում գործելու այս անօրինական բռնագանձումը։ Դժվար է պատկերացնել, որ բռնագանձված գույքը որևէ մեկը կգնի, քանի որ Հայաստանում բոլորը բոլորին ճանաչում են, և ուրիշի օջախին տիրանալն ինչպես բարոյական սահմանափակումներ է դնում, այնպես էլ կարող է լուրջ կրիմինալ ռազբորկաների առիթ հանդիսանալ։ Ասվածի ապացույցը Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցն է, որը խլվել է մի նախկին կոռուպցիոներից, բայց որևէ կերպ վաճառել չի ստացվում։ Այսինքն, եթե անգամ որևէ գույք խլվի, այն մնալու է պետության բալանսում՝ ստիպելով կատարել լրացուցիչ պահպանության և կոմունալ ծախսեր։
Ամենահավանական սցենարն այն է, որ դեպքերի մեծ մասում չի լինի գույքի բռնագանձում, այլ կլինի բռնագանձման սպառնալիք, անգամ՝ այդ ուղղությամբ որոշ իրավական գործողություններ։ «Կոռուպցիոներին» կառաջարկվի վճարել մի «սիմվոլիկ» գումար, որից հետո նրա ու գույքի մասին կմոռանան, կամ առժամանակ կմոռանան՝ մինչև հաջորդ մուծումը։ Ոչ սիմվոլիկ գումարի դեպքում համապատասխան օլիգարխը կհայտարավի համապատասխան խոշոր գործարար և կհայտնվի պետության հովանավորության տակ։
Այնպես որ, հանրությունն անտեղի է սպասում օլիգարխների գույքի ապօրինի բռնագանձմանը։ Ասված է՝ նրանց ոչինչ չի տրվելու, ամեն ինչ պետությանը՝ հուսով եմ՝ գիտեք ով է պետությունը։ Իսկ գույքի ապօրինի բռնագանձման օրենքը հերթական այն օրենքներից է, որ սոցիալական արդարության բարձրագոչ ծնծղաների տակ դառնալու է բարձրագույն իշխանավորների ռեկետի հերթական գործիքը։
Դեռ կոռուպցիայի ինչքա՜ն ձևեր կային, որ հին ռեժիմի կոռուպցիոներները չէին փորձել։
Աղասի Ենոքյան