Տարվերջյան միջոցառմանը, որին նախատեսում եք մասնակցել ամբողջ կոլեկտիվով, անպայման նախարարից հարցրեք՝ ինչպե՞ս է նախարարությունը կանխելու կառավարման ստեղծվող խառնաշփոթը. Անուշ Պողոսյան

Անուշ Պողոսյանը գրում է. «Հայաստանի առողջապահական համակարգում կառավարչական անհստակությունների ռիսկերը և պետական միջոցների հնարավոր ոչ արդյունավետ շահագործումը:

ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալությունում (ՊԱԳ) ներկայումս աշխատում է 108 մարդ, որոնցից 65-ը քաղաքացիական ծառայողներ են՝ բարձր մասնագիտական կարողություններով և երկարամյա փորձառությամբ։

Նախարարության կողմից հայտարարված կառուցվածքային փոփոխությունների շրջանակում նախատեսվում է այդ 65 քաղաքացիական ծառայողներին փոխանցել քաղաքացիական ծառայության ռեզերվ, ինչը պետական բյուջեի վրա կդառնա մոտ 58.5 մլն դրամի հավելյալ բեռ։
Այս քայլը մի շարք հիմնարար հարցեր է առաջացնում.

1. Ո՞րն է ոլորտային փորձագետների ապագա գործունեության հստակ տեսլականը
Քաղաքացիական ծառայողների հեռացումը փաստացի նշանակում է առողջապահական ոլորտում անփոխարինելի փորձառության կորուստ։ Առայժմ հստակ պատասխան չկա՝ ինչպես և որտեղ է պետությունը նախատեսում օգտագործել այդ կադրային ռեսուրսը։

2. Ինչո՞ւ է նորաստեղծ հիմնադրամը գրանցված նույն հասցեում, որտեղ գործում է ՊԱԳ-ը
Ըստ պաշտոնական տվյալների՝ հիմնադրամը, որը զբաղվելու է բացառապես «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքով ապահովագրված անձանց հարցերով, գրանցված է Երևան, Գ. Հովսեփյան 10 հասցեում՝ նույն շենքում, որտեղ այս պահին գործում է ՊԱԳ-ը։

Սա ակնհայտորեն ենթադրում է, որ կամ երկու կառույցները որոշ ժամանակ համատեղ են գործելու՝ տարբեր իրավական կարգավիճակներով, ինչը ինքնին կառավարման շփոթ և համակարգային կրկնօրինակումներ են առաջացնելու, կամ ՊԱԳ-ը ամբողջական լուծարվելու է։

3. Ո՞վ է շարունակելու կառավարել պետական պատվերով բժշկական օգնությունը
Հիմնադրամի գործառույթները չեն ընդգրկում պետպատվերի համակարգի կառավարումը։

Եթե ՊԱԳ-ը կրճատվում է և մասնագիտական կազմը տեղափոխվում է ռեզերվ, ապա պետպատվերի վարչարարությունը փաստացի մնում է առանց պատասխանատու ինստիտուտի։

Սա կարող է հանգեցնել՝

❎ ծառայությունների ուշացման

❎վերահսկողական մեխանիզմների խաթարման

❎բժշկական կազմակերպությունների հետ աշխատանքում լուրջ դժվարությունների

❎ֆինանսական հոսքերի խափանման։

4. Պետական բյուջեի վրա կրկնակի բեռի վտանգ
Գործընթացը տպավորություն է ստեղծում, որ առաջիկա երեք տարիների ընթացքում պետական միջոցներով կարող են միաժամանակ պահպանվել և ՊԱԳ-ը, և հիմնադրամը՝ առանց լիարժեք հիմնավորման։

Այս մոտեցումը չի համապատասխանում պետական կառավարման հիմնական սկզբունքներին՝ նպատակայինություն, արդյունավետություն և հաշվետվողականություն։

Առողջապահական համակարգի բարեփոխումները պետք է հիմնվեն հաշվարկված, կառուցվածքային և կադրային ներուժի գնահատումների վրա։

Առկա քայլերը, ցավոք, ստեղծում են բովանդակային անորոշություն և ռիսկային իրավիճակ, որտեղ ոլորտային կարևորագույն ծառայությունները կարող են հայտնվել անցումային խառնաշփոթի մեջ։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտ է ապահովել.

✅բաց, հիմնավորված և հանրային հաշվետվությամբ գործընթաց,

✅գործառույթների հստակ բաժանում նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների միջև,

✅քաղաքացիական ծառայողների գործառույթների շարունակականության երաշխավորում,

✅պետական միջոցների արդյունավետ օգտագործման կշռադատված մոտեցում։

Հ ․Գ․ Հարգելի ՊԱԳ-ի գործընկերներ

Տարվերջյան միջոցառմանը, որին նախատեսում եք մասնակցել ամբողջ կոլեկտիվով, անպայման նախարարից հարցրեք՝ ինչպե՞ս է նախարարությունը կանխելու կառավարման ստեղծվող խառնաշփոթը և ինչպե՞ս է ապահովելու ձեր մասնագիտական գործունեության շարունակականությունը։

Ձեզանից յուրաքանչյուրը լիարժեք իրավունք ունի այդ հարցին ստանալ հստակ, պատասխանատվությամբ հիմնավորված և պաշտոնական պարզաբանում»։

Տեսանյութեր

Լրահոս