Բանկերը տարբեր պատճառաբանություններով մերժում են և բազմաթիվ գյուղացիների վարկ չեն տրամադրում․ «Ֆերմերային շարժում» հ/կ նախագահ
«Սկսվել են գարնանային գյուղատնտեսական աշխատանքները։ Գյուղացիների մի մասը զբաղված է դաշտում սածիլի տնկման աշխատանքներով, իսկ կարտոֆիլի և լոլիկի պտղի հասունացման շրջանում ակտիվորեն տեղի է ունենում պտղի վնասատուի՝ ցեցի, ձվադրումը և բազմացումը,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ֆերմերային շարժում» հ/կ նախագահ Սարգիս Սեդրակյանը՝ շարունակելով,- Անցած տարի, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արտաշատում հանդիպեց Արարատի մարզի գյուղացիների հետ, գյուղացիներն առաջնահերթ դժգոհեցին ցեցից՝ նշելով, որ ցեցը բաց գրունտում մեծ վնաս է հասցնում կարտոֆիլի և լոլիկի բերքին։ Հանդիպումից հետո եղավ վարչապետի հանձնարարականը՝ պայքարի միջոցառումներ իրականացնել՝ ուղղված ցեցի դեմ։ Այդ ուղղությամբ հանրապետության 2 տարածքներում իրականացվեցին տեղային որոշ փորձեր, դրանով սահմանափակվեցին ու ցեցին մոռացան։ Ուզում եմ ապրիլի 22-ին կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Էկոնոմիկայի նախարարության կազմում գյուղատնտեսության ոլորտը ներկայացնող փոխնախարարներ Արմեն Խոջոյանին և Տիգրան Գաբրիելյանին հարցնել՝ ի՞նչ եք արել ցեցի դեմ պայքար կազմակերպելու գործում։ Գյուղացին ձեր կողմից կոնկրետ միջոցառումներ է ակնկալում։ Ո՞վ պետք է կազմակերպի պայքարի միջոցառումներ, եթե ոչ՝ դուք»։
Սարգիս Սեդրակյանի խոսքով՝ փոխնախարարները խոսել են նաև գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության մասին՝ հայտարարելով, որ այս տարվա 1-ին եռամսյակում՝ նախորդ տարվա 1-ին եռամսյակի համեմատ, ավելացել է բանկերից օգտվող գյուղացիների քանակը։
«Բերվեցին նաև փաստացի թվեր, համաձայն որոնց՝ օրվա դրությամբ ունեն 13.000-ից ավելի հայտադիմում՝ 27,6 մլն դրամ գումարի դիմաց։
Այն փաստը, որ ավելացել է վարկ ստացող գյուղացիների հայտադիմումների քանակը, տրամաբանական է, դա այդպես էլ պետք է լիներ, քանի որ գյուղացիների համար ստեղծվել են վարկ ստանալու բարենպաստ պայմաններ, մանավանդ՝ 0 տոկոսից մինչև 1 մլն դրամ վարկի ստացումը։ Իշխանությունների ձեռնարկված այս նախաձեռնությունը դրական մեծ արձագանք գտավ գյուղացիների, ոլորտի մասնագետների և հասարակության բազմաթիվ շերտերի կողմից, սակայն վերջիններիս ոգևորությունը կարճ տևեց, երբ որոշ ժամանակ անց գյուղացիներից ստացվեցին դժգոհություններ առ այն, որ բանկերը տարբեր պատճառաբանություններով մերժում են և բազմաթիվ գյուղացիների վարկ չեն տրամադրում։
Այս առումով, իշխանությունները բանկերին արդարացնելով՝ նշեցին, որ բանկն ինքն է որոշում, թե ում վարկ տա և ում չտա, քանի որ դրանով բանկերը մեծ ռիսկի տակ են մտնում։ Այդ դեպքում հարց է ծագում․ բա ինչո՞ւ հնչեցվեց այդ ամպագոռգոռ հայտարարությունը։ Այդ դեպքում թող բարի լինեն, հանդիպեն գյուղացիների հետ, նրանց հետ գնան բանկեր և պարզեն նրանց վարկ չտրամադրելու պատճառները։ Որոշ պաշտոնյաներ երբեմն հայտարարում են, թե պաշտոնյայի աշխատավարձը պետք է բարձր լինի։ Միանգամից ասեմ՝ համաձայն եմ, բայց միայն այն դեպքում, երբ պաշտոնյան պրոֆեսիոնալ է»,- նշեց «Ֆերմերային շարժում» հ/կ նախագահը։