«Եկեք գոնե իրավական նիհիլիզմից, ժխտողականությունից չանցնենք իրավական ցինիզմի». դատարանում ներկայացվեց գրավի միջնորդությունը

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մեկ այլ միջնորդություն այսօր ներկայացվեց Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Միջնորդությունը հիմնավորված է երկրում կորոնավիրուսային վարակով և Ռոբերտ Քոչարյանի ռիսկային տարիքով: Նա 60-ն անց է, ունի առողջական խնդիրներ, այսինքն՝ միաժամանակ ներառված է կորոնավիրուսի մի քանի ռիսկային խմբում:

Միջնորդությունը ներկայացնելիս Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը ասաց, որ միջնորդությունը ներկայացրել էր սույն թվականի ապրիլի 17-ին, երբ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը  1201 էր, և գրանցվել էր 19 մահվան դեպք, իսկ այսօր կա արդեն 3029 վարակակիր և 43 մահվան դեպք:

Պաշտպանը նաև տեղեկացրեց, որ դիմել է Դատախազություն՝ պարզելու, թե այս պահին քրեակատարողական հիմնարկներում քանի 60-ն անց կալանավորված անձ կա: Ի պատասխան պաշտպանի՝ հայտնել են, որ կա 8 կալանավորված անձ, որից 3-ն ունեն ուղեկցող հիվանդություններ։ Դատախազությունից նաև հայտնել էին, որ այդ 8 կալանավորից 5-ից արդեն վերցրել են կորոնավիրուսային թեստ:

«Ես ինքս այս ժամանակահատվածում եղել եմ մեկուսարաններում: Հարգելի դատարան, այնտեղ գոյություն չունի որևէ նորմատիվի պահպանում, որը կա Առողջապահության համաշխարհային կազկակերպության կողմից սահմանված: Էն, որ մենք հիմա արտակարգ նիստ ենք անում, հարգելի դատարան, սա էլ ա ռիսկային միջավայր: Հենց նաև այս իրավիճակից ելնելով է, որ էդ աստիճան հորդոր է ներկայացվում Եվրոպայի խորհրդի անդամ երկրներին՝ խափանման միջոց կալանավորումը փոխելու:

Հարգելի դատարան, Ֆրանսիայում, ԵԽ մի անդամ երկիր մենք ենք, մի անդամ էլ Ֆրանսիան է, Դուք կհիշեք՝ 2-3 տարի առաջ ահաբեկչական գործողություններ են եղել Փարիզում: Էդ ահաբեկչական գործողությունը կատարած անձանց, իրենց անմեղության կանխավարկածը հարգելով, կալանավորումը փոխել են: Ահաբեկչական գործողություն կատարած մարդկանց, հարգելի դատարան: Հիմա մենք ի՞նչ ենք խոսում: Ի՞նչ իրավիճակի ենք ուզում հասնել:

Եթե մեկի մոտ տպավորություն կա, որ կարող է այս գործով լինել մեկ այլ հայտնի գործով իրավիճակը, երբ առողջական խնդիրը հասնի այնպիսի իրավիճակի, որ դատախազներն էին նիստ նախաձեռնում, այդպես չի լինի: Չի լինելու այդպես: Եվ ես վստահ եմ, հարգելի դատարան, որ Դուք էլ թույլ չեք տա, որովհետև հակառակը, եթե Դուք թույլ տաք, մենք ի վերջո վերջին շրջանում, մոտեցել ենք, այսպես կոչված, իրավական նիհիլիզմի մի շարք դրսևորումների, իրավաբանները գիտեն՝ որն է դա: Բայց եկեք գոնե իրավական նիհիլիզմից, ժխտողականությունից չանցնենք իրավական ցինիզմի»,- միջնորդությունը ներկայացնելիս ասաց Արամ Վարդևանյանը՝ հավելելով, որ գրավի ողջամիտ չափ սահմանելը թողնում են դատարանի հայեցողությանը:

Հիշեցնենք, որ այսօր դատարանում նախ  ներկայացվել էր Ռոբերտ Քոչարյանին՝ նախկին վարչապետների անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը:

Մեղադրող կողմը, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները հայտնեցին, որ միջնորդությունների մասին կարծիք կարտահայտեն բոլոր միջնորդությունները լսելուց հետո:

 

Տեսանյութեր

Լրահոս