
«Փաշինյանն ընկել է ագոնիայի մեջ»․ Հրանտ Բագրատյան

«Մենք այսօր երկու հիմնական ձերբակալված ունենք՝ Ռոբերտ Քոչարյանը և Գագիկ Խաչատրյանը։ Մեկը բավականին մոտ հարաբերություններ ունի Պուտինի հետ, մյուսը շատ ավելի մոտ հարաբերություններ ունի ՌԴ ներկայիս վարչապետ Միշուստինի հետ»,- 168TV-ի «Պրեսսինգ» հաղորդման ընթացքում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը վերոնշյալ գործերը տարել է այն ձևով, որ պետք չէր տանել․ «Քոչարյանին, երկու տարի է՝ կալանավորել ես, արդեն կարող էիր դատած լինել, բոլորը դա հասկանում են։ Խաչատրյան Գագիկը արդեն 8-9 ամիս ձերբակալված է։ Եվ սրանք այն դեպքերն են, որ, եթե մեկնումեկին ազատի, Նիկոլ Փաշինյանն ըստ էության զրոյանում է։ Այս ընթացքում, երբ Նիկոլ Փաշինյանը մյուսներին մեղադրում էր կոռուպցիայի մեջ, ինքը ստեղծել է երկու հիմնադրամ՝ կնոջ ղեկավարությամբ, որը չէին արել ոչ Սերժ Սարգսյանը, ոչ Ռոբերտ Քոչարյանը։ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին ընդհանրապես չեմ խոսում՝ բացառված էր։ Ինձ թվում է՝ Գագիկ Խաչատրյանի և Քոչարյանի դեպքում ինքն ընկել է ագոնիայի մեջ և չի կարողանում մարսել։ Խուսափում են, չէ՞, դատից»։
Դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հրանտ Բագրատյանն ասաց․ «Նիկոլ, դու հիմա պահում ես հասարակության կապերի բաժին, որը բյուջեից ֆինանսավորում ես, և որտեղ նստած են քո ֆեյքերը, որոնք, ինչ ասում ենք՝ հայհոյում են։ Դուք հասկանում եք, որ, երբ Փաշինյանն իշխանության չլինի, այդ ամբողջը լինելու է քրեական գործ։ Ինձ թվում է՝ այստեղ ավելի շատ ինքն իրեն գցել է այնպիսի վիճակի մեջ, որ ինքն իր հետ ինադ է ընկել։ Ինքը թեմա չունի դատելու, ինքը ասում է՝ համաձայնեք՝ ինչ ասում եմ, եթե անգամ սխալ եմ ասում, համաձայնեք, տվեք փողերը, դուրս եկեք։ Նորմալ երկրում սա կհանգեցներ նրան, որ Փաշինյանը կթողներ-կգնար, բայց ինքը կարող է ասի՝ Հայաստանը չլինի, ես լինեմ։ Ես, օրինակ, Միքայել Մինասյանի, Ծառուկյանի կամ Սերժ Սարգսյանի գործերով չեմ խորացել, բայց հետևում էի Քոչարյանի և Գագիկ Խաչատրյանի գործերին։ Այդ երկու գործերով չեմ հասկանում, եթե, ենթադրենք, Գագիկ Խաչատրյանը ավելորդ մարդիկ է պահել, խոսքը մոտ 150 մլն դրամի մասին է, դրանից դեռևս չի բխում, որ նրա խափանման միջոցը կալանքը պետք է լիներ։ Ընդհանրապես, այդ ստից վճարումները, որ՝ Սաշիկ Սարգսյանը փող է տվել, Արմեն Ավետիսյանը փող է տվել․․․ էս Նիկոլը հենց գնաց, դրանք գալու էն, էդ փողերը հետ ուզեն։ Ես նույնիսկ չգիտեմ՝ դրանց թուղթ տվե՞լ է, թե՞ ոչ, կամ փող են տվել՝ Փաշինյանը վերցրել դրել է գրպա՞նը, ի՞նչ է արել։ Միշտ էլ կարող է ասել՝ ծախսել եմ զենքի վրա, իսկ ո՞վ է ստուգելու՝ ինչքան ես ստացել, ինչքան ես ծախսել։ Կներեք, ես ձեզ չեմ հավատում»։
Հրանտ Բագրատյանը նշեց, որ ինքն էլ է վարչապետ եղել, բայց իր կինը ֆոնդեր չի բացել․ «Եթե պաշտոնական հրավեր չկար, իմ կինն ո՞վ էր, որ ինձ հետ մի տեղ գար պետության հաշվին, թեկուզ, եթե ինքնաթիռը թռչում է։ Այդ գործերը մարսելու գործեր չեն։ Երկու ելք կա՝ կամ հեռանում է Փաշինյանը, կամ վարի է գնում հանրապետությունը։ Ուրիշ ելք չկա, որովհետև ինքը խորացնում է, ինքն այն տեսակը չէ, որ դրական էվոլյուցիա ունենա պաշտոնի գալուց հետո, իր մոտ չարությունը շարունակվում է։ Իրեն ոնց որ թե մանուկ հասակում մեկը վիրավորել է, և մենք իրեն անընդհատ պարտք ենք։ Կամ տան փոքրն է եղել, ճնշված է եղել։ Անընդհատ նեղացած տոնով, զոհի կեցվածքով պետություն կառավարել չի կարելի։ Պետության ղեկավարը չի կարող մեծահոգի չլինել։ Դու արտակարգ դրություն ես հայտարարել, ում նկատմամբ խափանման միջոցը կալանքն է, ազատեք այդ մարդկանց, վերջում կարող է պարզվել, որ այդ մարդը մեղավոր չէ, բայց արդեն նստած է ինքը»։
Անդրադառնալով Մարտի 1-ի զոհերի հարազատներին տրված փոխհատուցումներին, Հրանտ Բագրատյանն ասաց․ «Նորմալ չէր, որ Մարտի 1-ի զոհերի հարազատներին բյուջեից փոխհատուցում տրվեց, որովհետև դատը չէր եղել։ Ինքը կարող էր նախնական մի փոքր փոխհատուցում տալ, ես այդտեղ վատ բան չեմ տեսնում։ Ինքը կարող էր ասել՝ տուժել եք, ձեր տղան զոհվել է, դուք կերակրող եք կորցրել, ձեզ մի փոքր փոխհատուցում։ Բայց ինքը դա տվեց՝ որպես Մարտի 1-ի գործի տուժած կողմ, ինքը արդեն ճանաչեց կողմերին։ Ինքը պետք է ասեր՝ քննություն է ընթանում, կպարզենք ձեր տուժված լինելու աստիճանը։ Հետո որ դատը վերջանար, դատարանը պարզեր, որ պետության գործողությունների արդյունքում մարդը զոհվել է, տրվեր ամբողջական փոխհատուցում»։