«Դոժդ»-ի ստի անձրևը․ Հենրիխ Դանիելյան
ՀՀԿ ԳՄ անդամ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
««ԴՈԺԴ»-Ի ՍՏԻ ԱՆՁՐԵՎԸ
Լրագրությունը կարող է ունենալ տարբեր ոճեր։ Լրագրողը կարող է ունենալ սեփական քաղաքական հայացքները, խմբագրությունը՝ իր դիրքորոշումը։ Կարող են լինել սուբյեկտիվ գնահատականներ, շեշտադրումների տարբերություններ, անգամ՝ ակնհայտ կողմնակալություն։
Բայց կա հստակ սահման, որից այն կողմ ավարտվում է լրագրությունը և սկսվում է քարոզչությունը։
Ինձ համար «Դոժդ» հեռուստաալիքը վաղուց հատել է այդ սահմանը։ Այս անգամ այդ ստախոս քարոզչական աղբանոցը որոշել է տեղեկատվական օգնության հասնել յուրայիններից մեկին՝ Նիկոլ Փաշինյանին՝ փորձելով Հայաստանի ոչ վաղ անցյալի պատմությունը հարմարեցնել նրա իշխանության այսօրվա քաղաքական շահերին։
Փորձ է արվում սեփական լսարանին համոզել, թե Հայաստանի ներկայիս վիճակը, այդ թվում՝ հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս մակարդակը, իբր համադրելի է Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման տարիների հետ։
Ո՛չ։ Համադրելի չէ։
Եվ դրա ապացույցը ոչ թե մեր քաղաքական գնահատականներն են, այլ փաստերը, փաստաթղթերը և, ամենակարևորը, արդյունքները։
Արցախ
Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին Արցախը հայկական էր։
Ավելին՝ 2016 թվականին Իլհամ Ալիևն անձամբ հրապարակայնորեն հայտարարում էր, որ փակ դռների հետևում Ադրբեջանի վրա ճնշում է գործադրվում՝ Լեռնային Ղարաբաղի անկախությանը համաձայնելու համար։
Սա Սերժ Սարգսյանի հայտարարությունը չէր։
Սա Հայաստանի Հանրապետական կուսակցության գնահատականը չէր։
Սա Ադրբեջանի նախագահի հրապարակային խոստովանությունն էր։
Այսօր Արցախը օկուպացված է, իսկ Արցախի հայ բնակչությունը ստիպված է եղել լքել իր պատմական հայրենիքը։
Միայն այս փաստն արդեն բավարար է հասկանալու համար, թե որքան կեղծ է երկու ժամանակաշրջանների միջև հավասարության նշան դնելու փորձը։
Բայց շարունակենք։
Բանակ և սպառազինություն
Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին Հայաստանը ստացավ «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ, ուներ Ս-300 համակարգեր և հետևողականորեն ամրապնդում էր իր ռազմական ներուժը։ Միայն վերջին տարիներին ՌԴ-ից բերվել էր 50.000 տոննա ռազմական օժանդակություն և ոչ միայն։
2015 թվականին ստորագրվեց ռուսական պետական արտահանման վարկային համաձայնագիր՝ 200 միլիոն ԱՄՆ դոլարի սպառազինություն և ռազմական տեխնիկա ձեռք բերելու համար։
2017 թվականին ստորագրվեց ևս մեկ համաձայնագիր՝ 100 միլիոն ԱՄՆ դոլարի չափով։
Սրանք քաղաքական հայտարարություններ չէին։
Սրանք Հայաստանի պաշտպանունակության ամրապնդմանն ուղղված կոնկրետ որոշումներ և պետական պայմանավորվածություններ էին։
102-րդ ռազմաբազան և Հայաստանի անվտանգությունը
Առանձին պետք է անդրադառնալ Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազային, որովհետև այստեղ ևս գոյություն ունի ոչ թե քաղաքական մեկնաբանություն, այլ կոնկրետ միջպետական փաստաթուղթ։
2010 թվականին՝ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք, ստորագրվեց ռուսական ռազմաբազայի վերաբերյալ համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը։
Եվ սկզբունքային նշանակություն ուներ ոչ միայն ռազմաբազայի տեղակայման ժամկետի երկարաձգումը։
Փոխվեց պարտավորությունների բովանդակությունը։
Հանվեց նախկին Խորհրդային Միության պետական սահմաններով պայմանավորված տարածքային սահմանափակումը։
Նոր պայմանավորվածությամբ ռուսական ռազմաբազան Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի հետ համատեղ պետք է ապահովեր Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, իսկ ռուսական կողմը պարտավորվում էր աջակցել Հայաստանին ժամանակակից և համատեղելի սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով ապահովելու հարցում։
Ոչ միայն Թուրքիայի հետ սահմանը։
Ոչ միայն Իրանի հետ սահմանը։
Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ամբողջությամբ։
Սա է դաշնակցային հարաբերությունների իրական բովանդակությունը, երբ քաղաքական հայտարարությունների հետևում կանգնած են ստորագրված փաստաթղթեր, սպառազինություն և անվտանգության ոլորտում հստակ պարտավորություններ։
87 տոկոս և 66 տոկոս
Հիմա անդրադառնանք հասարակական ընկալմանը։
Եվ կրկին չվերցնենք ո՛չ ՀՀԿ-ի, ո՛չ էլ ռուսական որևէ կառույցի տվյալներ։
Վերցնենք ամերիկյան International Republican Institute-ի՝ IRI-ի հետազոտությունները։
2018 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Հայաստանի քաղաքացիների 87 տոկոսը հայ-ռուսական հարաբերությունները գնահատում էր որպես լավ։
Վատ էր գնահատում ընդամենը 11 տոկոսը։
Իսկ 2024 թվականին հրապարակված IRI-ի հետազոտության համաձայն՝ արդեն 66 տոկոսը Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գնահատում էր բացասական։
Սրանք քաղաքական կարգախոսներ չեն։
Սրանք թվեր են։
Եվ այդ թվերը հստակ արձանագրում են, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկում։
Ռուսաստանի հետ դաշնակցությունը չէր նշանակում Արևմուտքի հետ առճակատում
Սակայն կա առավել սկզբունքային հանգամանք։
Սերժ Սարգսյանի օրոք Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների բարձր մակարդակը երբեք չէր կառուցվում Արևմուտքի հետ հարաբերությունները վատթարացնելու հաշվին։
Հայաստանը դարձավ ԵԱՏՄ անդամ։
Եվ նույն Հայաստանը 2017 թվականին՝ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք, Եվրոպական միության հետ ստորագրեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ CEPA-ն։
Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն էր և միաժամանակ զարգացնում էր հարաբերությունները Եվրոպական միության ու Միացյալ Նահանգների հետ։
Հայաստանում գործում էր ռուսական 102-րդ ռազմաբազան, և միաժամանակ մենք համագործակցում էինք ՆԱՏՕ-ի հետ այն ձևաչափերով, որոնք համապատասխանում էին Հայաստանի ազգային շահերին։
Մենք ձեռք էինք բերում ռուսական սպառազինություն և միաժամանակ հետևողականորեն զարգացնում էինք ռազմավարական նշանակության հարաբերությունները Իրանի, Չինաստանի և Հնդկաստանի հետ։
Մեզ անհրաժեշտ չէր քանդել հարաբերությունները մեկի հետ՝ մյուսի հետ հարաբերություններ կառուցելու համար։
Սա է ինքնիշխան պետության արտաքին քաղաքականությունը։
Ինքնիշխանությունը մեկ կենտրոնից հեռանալը և մեկ այլ կենտրոնի ուղղությամբ վազելը չէ։
Ինքնիշխանությունը սեփական երկիրը մեծ տերությունների աշխարհաքաղաքական հակամարտության գործիքի վերածելը չէ։
Ինքնիշխանությունը մի ռազմավարական ուղղությունը մյուսի համար զոհաբերելը չէ։
Ինքնիշխանությունը բոլորի հետ աշխատելու, բայց ոչ մեկի շահերը սեփական պետության շահերից վեր չդասելու կարողությունն է։
Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանը ստիպված չէր ընտրություն կատարել Մոսկվայի և Բրյուսելի միջև։
Թեհրանի և Վաշինգտոնի միջև։
Արևելքի և Արևմուտքի միջև։
Հայաստանի ընտրությունը Հայաստանն էր։
Եվ հենց սա է այն սկզբունքային տարբերությունը, որն այսօր այդքան համառորեն փորձում են ջնջել հասարակության հիշողությունից։
Մի՛ վերաշարադրեք Հայաստանի պատմությունը և մի՛ ստեք. մենք ձեզ դա թույլ չենք տա։
Մի՛ փորձեք Նիկոլ Փաշինյանի իշխանության այսօրվա արդյունքները լեգիտիմացնել՝ կեղծելով երեկվա Հայաստանը։
Որովհետև կան փաստաթղթեր։
Կան թվեր։
Կան փաստեր։
Եվ կա մի բան, որը հնարավոր չէ վերաշարադրել՝ արդյունքը։
Սերժ Սարգսյանի օրոք Արցախը հայկական էր։
Հայաստանը զինվում էր և ամրապնդում իր ռազմական ներուժը։
Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները հիմնված էին կոնկրետ ռազմաքաղաքական պայմանավորվածությունների և անվտանգության պարտավորությունների վրա։
Հայ-ռուսական հարաբերությունները դրական էր գնահատում հարցվածների 87 տոկոսը։
Հայաստանը ԵԱՏՄ անդամ էր և միաժամանակ Եվրոպական միության հետ ստորագրում էր CEPA-ն։
Հայաստանը զարգացնում էր հարաբերությունները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի, Միացյալ Նահանգների, Եվրոպայի և այլ երկրների հետ։
Մենք արտաքին քաղաքականության մի ուղղությունը չէինք զոհաբերում մյուսին։ Մենք ամրապնդում էինք Հայաստանի դիրքերը բոլոր ուղղություններով։
Իսկ հիմա նայեք Հայաստանին Նիկոլ Փաշինյանի իշխանության ութ տարիներից հետո։
Նայեք Արցախին։
Նայեք Հայաստանի անվտանգության համակարգին։
Նայեք մեր դաշնակիցների և գործընկերների հետ հարաբերությունների վիճակին։
Նայեք վերջին ութ տարիների արտաքին քաղաքականության արդյունքներին։
Եվ դրանից հետո կրկին փորձեք հավասարության նշան դնել այս երկու ժամանակաշրջանների միջև։
Այդպիսի հավասարության նշան գոյություն չունի և չի կարող գոյություն ունենալ։
Հենց այդ պատճառով է այսօր անհրաժեշտ դարձել վերաշարադրել անցյալը՝ ներկան արդարացնելու և դրա հետևանքները լեգիտիմացնելու համար։
Կարելի է մանիպուլացնել բառերով։
Կարելի է ընտրել հարմար փաստերը և լռել անհարմարների մասին։
Կարելի է հեռուստատեսային նյութ կառուցել նախապես որոշված քաղաքական եզրակացության շուրջ։
Բայց հնարավոր չէ վերաշարադրել արդյունքը։
Երբ Նիկոլ Փաշինյանի իշխանության տեղեկատվական սպասարկման համար անհրաժեշտ է խեղաթյուրել Հայաստանի ընդամենը մի քանի տարվա վաղեմության և փաստաթղթավորված պատմությունը, դա այլևս լրագրություն չէ։
Դա քաղաքական քարոզչություն է, որի նպատակը փաստերը խեղաթյուրելու և անցյալը վերաշարադրելու միջոցով Նիկոլ Փաշինյանի իշխանության աղետալի արդյունքները լեգիտիմացնելն է։
Եվ հենց այդ պատճառով «Դոժդն» ինձ համար վաղուց դադարել է լրատվամիջոց լինելուց և վերածվել է կեղծիք տարածող քարոզչական աղբանոցի։
Հ.Գ. Հայաստանի պատմությունը մենք գիտենք առանց ձեր մեկնաբանությունների։ Եվ թույլ չենք տալու այն վերաշարադրել այսօրվա քաղաքական նպատակահարմարությանը համապատասխան»։

