«Երբ ունենանք վերջնական որոշում՝ հրապարակային կներկայացնենք». Լիլիթ Մակունցը՝ սահմանադրական հանրաքվեի մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստերի հաճախականությունը պայմանավորված է որոշումներ կայացնելու հետ կապված տարբեր հարցերով, ինչը կարող է կապված լինել թե՛ կորոնավիրուսի, թե՛ այլ իրավիճակների հետ:

Ըստ նրա՝ ՔՊ-ում և «Իմ քայլը» խմբակցությունում պարբերաբար քննարկվում են կարգապահական տարբեր բնույթի հարցեր, թե այդ հարցերն այս փուլում ինչին են առնչվում՝ Լիլիթ Մակունցը չասաց՝ նշելով, որ դրանք ներքին հարցեր են, նա նաև անուններ չհնչեցրեց:

«Տարբեր բնույթի, այդ թվում՝ կարգապահական հարցերի քննարկումը չի խոսում խնդիրների մասին, այլ հակառակը, այս ամենը խոսում է այն մասին, որ մենք շատ աչալուրջ ենք բոլոր տեսակի հարցերի նկատմամբ, որոնց տալիս ենք արագ և շուտափույթ լուծում: Եթե լինի այնպիսի տեղեկատվություն, որը ենթակա կլինի հրապարակման՝ կհրապարակենք»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Լիլիթ Մակունցը:

Ինչ վերաբերում է Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հրաժարականին, Լիլիթ Մակունցն ասաց, որ նման որոշում կայացվել է արդեն նախկին նախարարի ներկայացրած դիմումի հիման վրա:

Անդրադառնալով Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին՝ Լ. Մակունցը տեղեկացրեց, որ անընդհատ քննարկումներ են տեղի ունենում իրենց հետագա գործողությունների վերաբերյալ, քանի որ այս պահին կորոնավիրուսով պայմանավորված՝ կան հստակ սահմանափակումներ և, բնականաբար, քանի դեռ բազմամարդ միջոցառումների անցկացումն իրենից վնաս է ներկայացնելու՝ նման բան տեղի չի ունենալու:

«Երբ մենք վերջնական որոշում կունենանք հետագա գործողությունների առնչությամբ, դրա մասին անպայման հրապարակային կներկայացնենք, որովհետև դա իսկապես կարևոր հարցին առնչվող միջոցառում է, որը գիտեք, թե ինչպիսի քննարկումների արդյունքում է իրականացվել: Այս պահին դեռ վերջնական որոշում չունենք, թե ինչ ենք անելու»,- շեշտեց Լ. Մակունցը:

Խոսելով ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդուն՝ «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու մասին որոշումից և պատասխանելով հարցին, թե ո՞ւմ մեղքով է, որ Գ. Խաչատրյանին մինչև այժմ չեն հայտնաբերել, Լիլիթ Մակունցն ասաց, որ նախկինում էլ է ասել, որ «Իմ քայլը» բաց է և համագործակցային է իրավապահ համակարգին օգնել՝ տրամադրելու այն բոլոր լրացուցիչ գործիքները, որոնք իրենց աշխատանքը կդարձնեն ավելի արդյունավետ:

«Մենք առանց նրանց հետ աշխատելու, համագործակցելու գործիքներ ստեղծելուն այդքան էլ հակված չենք, որովհետև հասկանում ենք, որ իրավապահ համակարգում ցանկացած նմանատիպ գործիք ստեղծելը կարող է մեկ բանի օգնել, տասն այլ բանի վնասել: Հետևաբար՝ ակնկալում ենք, որ իրավապահ համակարգից կգա առաջարկ, թե իրենց ինչ է պետք ավելի արդյունավետ աշխատելու համար, եթե նման գործիքների անհրաժեշտություն կա, ապա մենք՝ որպես օրենսդիր, պատրաստ ենք մեր լիազորությունների շրջանակներում աշխատել և օգնել նրանց: Իսկ եթե լրացուցիչ գործիքների անհրաժեշտություն չկա, ապա այստեղ հարցը տեղափոխվում է բոլորովին այլ դաշտ: Չեմ կարող չհնչեցնել նաև «Իմ քայլը» խմբակցության կողմից մտահոգություն՝ նմանատիպ դեպքերի առնչությամբ»,- ընդգծեց Լիլիթ Մակունցը:

Հարցին՝ վարչապետը գո՞հ է «Իմ քայլի» աշխատանքներից, քանի որ լուրեր են շրջանառվում, որ վարչապետի կողմից կան դժգոհություններ, Լիլիթ Մակունցը պատասխանեց, որ նման հարց չի քննարկվել, իսկ երբ խոսում են ներքին կարգապահության վերաբերյալ հարցերից, դա ունի միայն մեկ նպատակ՝ աշխատանքն  ավելի նպատակային ու համակարգային դարձնել:

Ինչ վերաբերում է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի տեսաուղերձին, որտեղ նա ներկայիս իշխանություններին մեղադրում է պետական դավաճանության մեջ, Լիլիթ Մակունցն ասաց, որ նախկին դեսպանի երկու տեսաուղերձների հետ կապված որևէ մեկնաբանություն չունի:

Տեսանյութեր

Լրահոս