«Ակնհայտ է, որ մեզ առաջիկայում սպասում է առողջապահական և սոցիալական ծանրագույն փուլ, գուցե՝ աղետ»․ Վահե Հովհաննիսյան

Հարցազրույց «Այլընտրանքային նախագծեր» խմբի ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանի հետ

Պարոն Հովհաննիսյան, ըստ էության, բոլոր կարևոր հարցերի պատասխանատվությունն իշխանությունը թողնում է քաղաքացիների վրա։ Հիմա այդ կարևոր հարցերից մեկն էլ կորոնավիրուսի դեմ պայքարն է, որը ևս, ըստ իշխանությունների` կախված է յուրաքանչյուր քաղաքացու պատասխանատվությունից և գիտակցությունից: Ի վերջո, երկրի կարևոր հարցերի նկատմամբ իշխանությունն իր պատասխատանվությունը չի՞ գիտակցում։ Պետական կառավարման համակարգն արդյո՞ք պատշաճ ձևով է արձագանքում երկրում առկա խնդիրներին և մարտահրավերներին, որովհետև երբեմն վարչապետն էլ է դժգոհում իր իսկ կադրերից, բայց, օրինակ՝ պարգևավճարները շարունակում են դուրս գրվել պետբյուջեից։

– Եթե մինչև համաճարակը խոսում էին այն մասին, որ նոր իշխանությունը չունի ռեֆորմիստական գործիչներ և թիմեր, չունի ռեֆորմի ծրագրեր, որոնք Հայաստանի զարգացման հիմքը պետք է դառնան, ապա այսօր ակնհայտ է դառնում, որ բացակայում է հակաճգնաժամային կառավարումը։ Խաղաղ պայմաններում այդ բացն ինչ-որ իմաստով և ինչ-որ ժամանակահատվածում կարելի է լրացնել էմոցիոնալ ելույթներով և «ներքին թշնամիների» թիրախավորմամբ։

Բայց ճգնաժամային փուլերում դա անհնար է. դատարկախոսությամբ ճգնաժամ չես հաղթահարի։ Հակաճգնաժամային կառավարումն առանձին որակներ է պահանջում՝ գիտելիք, կոնսոլիդացիոն մեծ ռեսուրս, կամք և այլն։

Այս պահին տեսնում ենք առողջապահության նախարար, որը փորձում է նախազգուշացնել, կազմակերպել, առնվազն՝ գիտակցում է վտանգները, փորձում է ահազանգել, բայց մյուս կողմից՝ տեսնում ենք այնպիսի որոշումների ընդունում, որոնք ուղղակիորեն հակասում են նախարարի կողմից հնչեցված մտահոգություններին ու հոռետեսական սցենարներին։

Տեսնում ենք պարետին, որ, մեծ հաշվով, դեռևս ոչ փորձառու, բավականին մեծ հանրային ու իրավիճակային ճնշման տակ գտնվող երիտասարդ պաշտոնյա է, փորձում է ինչ-որ քայլեր անել, ռեսուրսներ գտնել, բայց ամենի արդյունքում կրկին ականատես ենք կիսատ-պռատ որոշումների, որոնց մի մասը չի կատարվում, կատարվողների արդյունքն էլ խիստ կասկածելի է։

Այսինքն, համակարգը, անկախ նրանում ներգրավված մարդկանց էնտուզիազմից, չի ստացվում նորմալ աշխատեցնել, օգտակար գործողության գործակիցը խիստ ցածր է։ Ակնհայտ է, որ մեզ առաջիկայում սպասում է առողջապահական և սոցիալական ծանրագույն փուլ, գուցե՝ աղետ։ Մեզ համար հիմա ամեն օրը գին ունի, հապաղման ամեն օրը թանկ է նստելու, գործելու, ոչ ստանդարտ լուծումներ գտնելու անկարողությունն առաջիկա շաբաթներին և ամիսներին մեր պետության համար վերածվելու է ծանր փորձության։

Ինչ վերաբերում է պարգևավճարներին, ապա դա այլ թեմա է, ես այն չէի կապի համաճարակի հետ։ Դա էֆեկտիվ պետական համակարգ ունենալու և սոցիալական համերաշխության բարդ առնչությունն է, որը մեզ մոտ լուծում ստացավ ամենապարզունակ ճանապարհով։

– Վերջին օրերին կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվն օրական գերազանցում է 100-ը: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ մարտ ամսին, երբ այդ թիվն անհամեմատ ցածր էր, երկրում արտակարգ դրություն մտցվեց՝ բավականին խիստ սահմանափակումներով, իսկ հիմա, երբ նման իրավիճակ ունենք, որոշվեց թուլացնել այդ սահմանափակումները։ Իշխանությունները հասկացան, որ այլևս ի վիճակի չեն հասարակությանը տանը պահե՞լ, քանի որ Ձեր հոդվածում էլ գրել էիք, որ «մնա տանը» կարգախոսը պահպանում է առավելապես հասարակության կրթված շերտը։ Թե՞ պարզապես սոցիալտնտեսական խնդիրները ստիպեցին նրանց գնալ այդ քայլին։

– Շատ կարևոր է՝ ապավինել փաստերին. Հայաստանն այն բացառիկ պետություններից է, որոնք սահմանափակումների թուլացմանը գնում են հիվանդացության աճի փուլում։ Սա առողջ տրամաբանության համար դժվար ընկալելի է։ Երբ առողջապահության նախարարն ասում է, որ մայիսի վերջին կարող ենք ունենալ 10.000 հիվանդ, ապա ծագում է հարցը՝ այդ դեպքում ինչո՞ւ եք թուլացնում սահմանափակումները։

Պետք էր անել լրիվ հակառակը։

Երբ առողջապահության նախարարն ասում է, որ նորմերը չպահելու դեպքում կարող ենք ունենալ 500.000 հիվանդ և հազարավոր մահեր. ծագում է նույն բնական հարցը, քանի որ անզեն աչքով տեսանելի է, որ նորմերը գրեթե չեն պահպանվում։

Նման պայմաններում մայիսի 4-ից սահմանափակումների թուլացումը նման է մեծ վիճակախաղի։ Բայց այստեղ խաղադրույք է արվում ժողովրդի առողջության վրա։

Գուցե պարզապես կառավարության ներսում իրար չեն լսում, գուցե գործ ունենք սովորական վատ համակարգման, վատ, անփույթ մենեջմենթի հետ, բայց այս պարագայում անփութությունը կարող է շատ թանկ նստել։

Չեմ կարծում, թե գործող պաշտոնյաները չեն գիտակցում իրենց պատասխանատվությունը. ավելի հավանական է, որ գիտակցում են, գուցեև փորձում են ազդել որոշումների վրա, սակայն մթնոլորտը կառավարման համակարգում, գոնե՝ ինչքան դրսից է երևում, ընթանում է բոլորովին այլ տրամաբանությամբ։

Բազմաթիվ կարևոր համակարգեր, այդ թվում՝ ոստիկանությունը, վերահսկող այլ մարմիններ, գործում են բոլորովին այլ հանձնարարականների, այլ լարվածության ներքո, այլ խնդիրներ են լուծում։ Պետությունը չի կենտրոնացրել իր բոլոր ռեսուրսները՝ ընթացիկ ու սպասվող լրջագույն խնդիրները լուծելու ուղղությամբ։ Մենք դեռևս հախուռն, անկազմակերպ, լայվից լայվ կայացվող որոշումների մեջ ենք, և շատ պաշտոնյաներ այս պարագայում պարզապես աննախանձելի պայմաններում են աշխատում։

Ի վերջո, պետությունները լոքդաունի թուլացման գնում են որոշակի պարտադիր նախապատրաստական աշխատանքներից հետո միայն՝ թեստավորումների քանակի էական ավելացում և հիվանդանոցային ռեզերվների ավելացում։ Եթե սրանք չեն արվում, ապա գործ ունենք ավանտյուրայի հետ, որը ենթադրում է քաղաքական պատասխանատվություն։ Դրանից խուսափել չի լինելու։

Ժողովրդի անունից մշտապես խոսող և ցանկացած քայլ որպես հանրային պահանջ ներկայացնող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս գործող իշխանություններից հիասթափվածների բավականին լայն և ընդգրկուն խմբերի մասին խոսեց, և, բնականաբար, ըստ վարչապետի՝ այդ խմբերն էին մեղավոր, որ հիասթափվել էին։ Վարչապետը վերջերս նաև ակնարկում է, որ, եթե մարդիկ դժգոհ են, կարող են հեղափոխություն անել, ասում է, որ, եթե իշխանությունը հայտարարել է մի բան ու այն 100 տոկոսով չի իրականացրել, թող մարդիկ համապատասխան հետևություններ անեն։ Ճամպրուկային տրամադրություններ նկատո՞ւմ եք վարչապետի մոտ, թե՞ պարզապես մանիպուլյացիոն հայտարարություններ են։

– Չեմ կարող ոչինչ ասել իշխանության ճամպրուկային տրամադրությունների մասին, դժվար թե որևէ գործող իշխանություն նման տրամադրություն ունենա, գուցե նրանք պարզապես սթափ չեն գնահատում իրականությունը։

Այսօր քաղաքական իշխանության կողմից արվում են այն բոլոր քայլերը, որոնք պետք է բացառվեին ճգնաժամային փուլում։ Դրանք են՝ որոշումների կայացման դանդաղկոտությունը, անհստակությունը, նույնիսկ կարճաժամկետ պլանավորման անկարողությունը, խոշոր բիզնեսի վրա հարձակումները, ներքին պառակտումները, և այլն։

Կա տպավորություն, որ իշխանությունն ամբողջությամբ չի պատկերացնում իրականության լրջությունը և այն իրականությունը, որ մենք ունենալու ենք առաջիկա ամիսներին։

Ավելի շատ հենց հեռատեսության ու պրագմատիզմի բացակայության մասին է խոսում այդ գործելաոճը, ինչն ամենևին լավ լուր չէ պետության ու քաղաքացիների համար։ Պրագմատիզմը և սեփական քայլերի հետագա ազդեցությունը սթափ գնահատելը ճգնաժամային կառավարման հիմքում պիտի լինեն։

Զգացմունքային պոռթկումների, անորոշության այն դոզան, որ այսօր ստանում ենք իշխանությունից, ավելի շուտ հենց սեփական անելիքը չպատկերացնելու, կամ գուցե՝ արհեստական, այլ տեղերից թելադրված օրակարգերով շարժվելու, և ոչ՝ ճամպրուկային տրամադրությունների հետևանք է։

Կորոնավիրուսով և դրա հետևանքներով պայմանավորված՝ ի՞նչ սպասել ապագայում, հնարավո՞ր են սոցիալական ընդվզումներ, խոշոր ցույցեր, ի վերջո, հեղափոխություն, որի մասին ակնարկել էր նաև Նիկոլ Փաշինյանը։ 

– Կա հստակ խնդիրների մի խումբ, որն առաջիկայում պայմանավորելու է մեր կյանքը. անվտանգության խնդիր, համաճարակ, տնտեսություն-սոցիալական վիճակ։

Հարց՝ արդյո՞ք այսօրվա իշխանությունների որակը և այսօրվա հայաստանյան մթնոլորտը բավարար են՝ այս խնդիրներին դիմակայելու համար։ Սրանցից յուրաքանչյուրն ինքնին ծանրագույն մարտահրավեր է, իսկ բոլորի միաժամանակյա առկայությունը վեր է շատուշատ՝ ավելի պրոֆեսիոնալ ու փորձառու կառավարությունների ուժերից։

Ապավինել ժողովրդի իմաստությա՞նը. այսօր փողոցներում մի պտույտը բավարար է, որ հասկանանք դրա անհնարինությունը։ Եվս մի՝ փողոցում ծնված հեղափոխությունը կարող է շատ թանկ նստել մեզ վրա, այդ թվում՝ կարող են իրավիճակի տերը դառնալ ամենևին ոչ լուսավոր ու առաջադեմ հոսանքներ ու քաղաքական միավորումներ։

Եթե իշխանությունը վերջնականորեն չի որոշել դասալքությամբ զբաղվել, ապա պիտի գիտակցի նաև նման տխուր զարգացումների հնարավորությունը և փորձի կանխել՝ լիցքաթափելով մթնոլորտը և փորձելով համերաշխության ու հանդուրժողականության կայացմանն ուղղված քայլեր անել։

Իշխանությունը փոխել՝ չի նշանակում՝ անպայման հեղափոխություն անել։ Իշխանությունն ինքը պիտի իր ներսում սկսի փոխվել, քանի որ ամենամեծ վտանգն այս պահին սպառնում է հենց իրեն։ Եթե չունեն այդքան ռեսուրս, եթե շարունակում են կախված մնալ հին պատկերացումներից, ապա պետք է պատրաստ լինեն սոցիալական և հանրային լուրջ լարվածության։

Տեսանյութեր

Լրահոս