Դատավոր Կարեն Ֆարխոյանը Արմեն Թավադյանի և Վարուժան Մկրտչյանի քրեական գործն ընդունել է վարույթ

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը վարույթ է ընդունել «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից Վարուժան Մկրտչյանի քրեական գործը։

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին տեղի ունեցած դատական նիստում դատավոր Արթուր Մկրտչյանը  քրեական գործը փոխանցել էր դատավոր Կարեն Ֆարխոյանին, քանի որ վերջինի վարույթում էր գտնվում նաև  «Վարդգես Գասպարին՝ ընդդեմ Արմեն Թավադյանի» քրեական գործը:

Տեղեկությունը 168.am-ին  փոխանցեցին դատավոր Կարեն Ֆարխոյանի աշխատակազմից՝ նշելով, որ դատական նիստի օր դեռևս նշանակված չէ:

Աշխատակազմից նաև հայտնեցին, որ կողմերին այս մասին «տեղյակ պահել են», սակայն մեզ հետ զրույցում Արմեն Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն ասաց, որ իրենք դեռևս չեն ծանուցվել:

Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանին և Վարուժան Մկրտչյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով:

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Արմեն Թավադյանը, ինչպես նաև Վարուժան Մկրտչյանը մեղադրվում են, որ «2008թ․ մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հարուցված, այդ թվում՝ նաև նշված գործից Ռ․ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ անջատված մասով, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործերով արդարադատության իրականացման, դատական համակարգի նորմալ գործունեության ապահովմանն ու գործով ճշմարտության բացահայտմանը խոչընդոտելու դիտավորությամբ 2019թ․ ամռանը Ռ․ Քոչարյանի այլ աջակիցների հետ ստեղծել են կազմակերպված խումբ»։

Մյուս քրեական գործով «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, այն է՝ խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ:

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Արմեն Թավադյանը 2019 թվականի մայիսի 13-ին Երևան քաղաքի Գյուլբենկյան 20 հասցեում գտնվող Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի վարչական շենքի առաջին հարկում, դեռևս չպարզված մի խումբ անձանց հետ, դիտավորությամբ և կոպտորեն խախտել է հասարակական կարգը:

Տեսանյութեր

Լրահոս