Առաջին ատյանի դատարանի նախագահն Արմեն Թավադյանի և Վարուժան Մկրտչյանի քրեական գործն այլ դատավորի փոխանցելու որոշում է կայացրել

«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից Վարուժան Մկրտչյանի քրեական գործը, որը մակագրվել էր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ, դատավոր Արթուր Մկրտչյանին, փոխանցվել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանին, իսկ քրեական գործն էլ միացվել է դատավոր Կարեն Ֆարխոյանի վարույթում գտնվող՝ Վարդգես Գասպարին՝ ընդդեմ Արմեն Թավադյանի քրեական գործին:

Այսօր կայացած դատական նիստում քրեական գործերը միացնելու հարցը բարձրացրել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ, դատավոր Արթուր Մկրտչյանը. 168.am-ի հետ զրույցում  հայտնեց Արմեն Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը՝ հավելելով, որ իր պաշտպանյալի հետ հարցը քննարկելու արդյունքում այս քրեական գործը մյուսին միացնելու հարցում առարկություն չեն ներկայացրել:

Դատավորի բարձրացրած հարցին չեն առարկել նաև գործով մյուս ամբաստանյալ Վարուժան Մկրտչյանը և մեղադրող դատախազը:

Ընթացակարգի համաձայն՝ քրեական գործը պետք է ուղարկվի դատավոր Կարեն Ֆարխոյանին, որը գործը պետք է վարույթ ընդունի և որոշի՝ միացնե՞լ քրեական գործերն իրար, թե՞ ոչ:

Տեղեկացնենք, որ այսօր տեղի ունեցած դատական նիստին Արմեն Թավադյանը ներկա չի եղել պաշտպանի հորդորով՝ երկրում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված:

Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանին և Վարուժան Մկրտչյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով:

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Արմեն Թավադյանը, ինչպես նաև Վարուժան Մկրտչյանը, մեղադրվում են, որ «2008թ․ մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հարուցված, այդ թվում՝ նաև նշված գործից Ռ․ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ անջատված մասով, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործերով արդարադատության իրականացման, դատական համակարգի նորմալ գործունեության ապահովմանն ու գործով ճշմարտության բացահայտմանը խոչընդոտելու դիտավորությամբ 2019թ․ ամռանը նշված նպատակով Ռ․ Քոչարյանի այլ աջակիցների հետ ստեղծել են կազմակերպված խումբ»։

Մյուս քրեական գործով «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, այն է՝ խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ:

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Արմեն Թավադյանը 2019 թվականի մայիսի 13-ին Երևան քաղաքի Գյուլբենկյան 20 հասցեում գտնվող Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի վարչական շենքի առաջին հարկում, դեռևս չպարզված մի խումբ անձանց հետ, դիտավորությամբ և կոպտորեն խախտել է հասարակական կարգը:

Տեսանյութեր

Լրահոս