«Պարոն նախագահի տրամադրվածությունը դրական է, որպեսզի լիովին հաղթահարենք բոլոր խնդիրները». Իզմիրլյան բ/կ տնօրենը՝ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակի մասին

««Իզմիրլյան» բժշկական կենտրոնում գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիագնոստիկ վիրահատությունից հետո կորոշվի հիմնական վիրահատության ծավալը»:  Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում փոխանցեց բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը:

«Այս պահին առողջական վիճակը կայուն է, բավականաչափ լավ դինամիկա կա իր առողջության մեջ՝ տեղափոխվելուց հետո: Պարոն նախագահի տրամադրվածությունը դրական է, որպեսզի այն բոլոր խնդիրները, որոնք կան, լիովին հաղթահարենք»,- հավելեց Ա. Չարչյանը:

Ըստ բ/կ տնօրենի՝ առողջական խնդիրների առաջացման հարցում նշանակություն ունի նաև Երկրորդ նախագահի տարիքային շեմը:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը մեզ հետ զրույցում չմեկնաբանեց, թե ի՞նչ վիրահատության մասին է խոսքը, ե՞րբ է տեղի ունենալու վիրահատությունը, կամ քանի՞ օր Ռոբերտ Քոչարյանը կմնա բժշկական կենտրոնում:

Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն էլ հաստատեց, որ առողջական խնդիրներ կան, և նախագահը բուժման կարիք ունի: Վ. Սողոմոնյանը նշեց, որ չի տիրապետում Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողության մասին տեղեկություններին.

«Ցավոք սրտի, ինքը շարունակում է գտնվել ապօրինի կալանքի տակ, դրա համար իմ շփման միակ ձևն իր հետ նամակագրությունն է»:

Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանը, 4-րդ օրն է, որ գտնվում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում:

Տեսանյութեր

Լրահոս