Թրամփն անդրադարձել է հետախուզության՝ լաբորատորիայում կորոնավիրուս ստեղծելու հաշվետվությանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տեսել է հետախուզական այն հաշվետվությունները, որոնք ցույց են տալիս, թե կորոնավիրուսը ի հայտ է եկել Ուհան քաղաքում գտնվող լաբորատորիայում: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ը:
Հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը կպահանջի անցկացնել միջազգային քննություն Ուհանի վարակաբանական ինստիտուտում, Դոնալդ Թրամփը նշել է, որ ներկայում Չինաստանը փորձում է լինել թափանցիկ: Նրա խոսքով, Չինաստանը կամ չի կարողացել կանգնեցնել կորոնավիրուսը, կամ թույլ է տվել տարածվել:
Ավելի վաղ Ազգային հետախուզությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ հետախուզական համայնքը կիսում է տարածված գիտական տեսակետը, ըստ որի, COVID-19 չի ստեղծվել մարդկանց կողմից կամ գենետիկորեն չի ձևափոխվել: Նշվում է նաև, որ հետախուզական ծառայությունները «կշարունակեն ուշադիր ուսումնասիրել ի հայտ եկող տեղեկատվությունը՝ հասկանալու, թե արդյոք բռնկումը սկսվել է կենդանիների հետ շփման պատճառով, թե Ուհան քաղաքի լաբորատորիաներում տեղի ունեցած միջադեպի արդյունք է»:
Չինաստանը չի ընդունում իրենց ուղղված մեղադրանքները: Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը պատասխանել էր մեղադրանքներին:
«Ինչ վերաբերում է պատասխանատվության հարցին, ապա մենք բազմիցս ասել ենք, որ վարակն ընդհանուր մարդկության թշնամին է: Չինաստանը նույնպես տուժող կողմ է, այլ ոչ թե վարակի հանցակիցը: ԱՄՆ-ի առանձին դեմքեր պետք է հստակ հասկանան, որ իրենց թշնամին վարակն է, ոչ թե Չինաստանը»,-ասել է նա:
Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 210-ից ավելի երկրում և տարածքում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։