Բաժիններ՝

ԿԳՄՍ-ն աշակերտներին խրախուսելու որոշում է կայացրել․ Փոխնախարար

Ինչպես հայտնի է՝ քննություններ չեն լինի՝ ինչպես 4-րդ և 9-րդ դասարաններում, այնպես էլ՝ ավագ դպրոցի 10-րդ, 11-րդ և ավարտական 12-րդ դասարաններում, իսկ կիսամյակային և տարեկան արդյունքները՝ ինչպես այս դասարանների, այնպես էլ՝ բոլոր մյուսների դեպքում, կամփոփվեն մինչև մարտի 13-ը նշանակված գնահատականների հիման վրա:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը «Հոդված 3» ակումբի կողմից կազմակերպված առցանց քննարկման ժամանակ ասաց, որ մարտի 13-ից սկսած կրթական գործընթացն իզուր չէր։

«Կարողացել ենք ապահովել կրթության շարունակականությունը։ Որևէ երեխա ու ուսուցիչ դասերը չի կրկնելու հաջորդ տարի։ Մենք գնահատում ենք կատարված աշխատանքը, բայց, ցավոք, շատ երեխաներ զրկված են եղել հեռավար ուսուցմանը մասնակցելուց։

Շատ կարևոր ենք համարում աշակերտներին խրախուսելը և այստեղ որոշում ենք կայացրել, որ, եթե միջինացման արդյունքում ունենանք թեկուզ մեկ նիշ ավելի, դա կմիջինացվի դեպի վերև՝ հօգուտ աշակերտի։ Օրինակ՝ 6․1-ի դեպքում ամփոփված գնահատականը կլինի 7, 8․1-ի դեպքում՝ 9, և այլն։ Սա արված է այն պատճառով, որ, եթե երեխան աշխատել է ավելին, քան այդ նիշը, հետևաբար՝ պետք է գնահատել և խրախուսել։ Կարգավորումներ ենք նախատեսել բոլոր այն դեպքերում, երբ ունեցել են 1-3 միավոր։ Գիտեք, որ բավարար միավորի շեմը 4-ն է, այս պարագայում հօգուտ սովորողի որոշում է կայացվելու, որպեսզի հնարավորություն տանք բոլոր աշակերտներին՝ փոխադրվել հաջորդ դասարան՝ առանց որևէ էական ցնցումների»,- մանրամասնեց ԿԳՄՍ փոխնախարարը։

Նրա փոխանցմամբ՝ համանման մոտեցմամբ են առաջ գնացել մի շարք երկրներ։ Եվրոպական երկրներում նույնպես հաշվի են առել առկա ուսուցման արդյունքը։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն էլ հայտնեց, որ վերջերս օնլայն լսումներ են կազմակերպվել հեռավար կրթության վերաբերյալ, մի շարք խնդիրներ են վերհանվել։

«Տարըմբռնումներ կային, ասում էին, թե՝ բա ինչո՞ւ էինք այսքան ժամանակ դաս անում, և այլն։ Տարիներ շարունակ մեր կրթական համակարգը հիմնվել է հենց գնահատականի վրա, և ոչ թե՝ գիտելիք ստնալու։ Եվ հենց այստեղ է խնդիրը։ Երեկ տեսա, որ այդ նույն փոփոխություններով առաջարկվում է 1-4-րդ դասարանների գնահատման համակարգը հանել և հիմնական շեշտը դնել գիտելիքի վրա։ Մանրամասներին ծանոթանալուց հետո նոր դրա հետ կապված կարող եմ կարծիք հայտնել»,- նշեց Հովհաննես Հովհաննիսյանը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանն էլ ասաց, որ հեռավար կրթությունը պիլոտային ծրագիր պետք է դիտարկել, ու բնական է՝ խնդիրներ էին լինելու։

Նա կոչ արեց ԿԳՄՍ-ին՝ լսել ուսուցիչների ձայնը, քննարկում կազմակերպել մանկավարժական խորհուրդների մասնակցությամբ, որովհետև գնահատման խնդիրը միայն ծնողների մտահոգությունը չէ։ Միայն 20 տոկոսի չմասնակցելու պատճառով չպետք է ոտնահարվեր այն 70 տոկոսի իրավունքը։

Խնդիր կա նաև ներառականության հետ։ Տարբեր մարզերից ծնողներից բողոքներ են հասնում, որ տարբեր՝ հենաշարժողական, լսողական խնդիրներ ունեցող երեխաներ դուրս են մնում կրթության հեռավար ծրագրից»,- ընդգծեց պատգամավորը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս