Նիկոլ Փաշինյանն Արթուր Վանեցյանին համարում է իր միակ հիմնական մրցակիցը. Արսեն Բաբայան
Կարծում եմ՝ բոլորս ենք համոզված, որ այն հայտարարությունը, հարցերի շարքը, որ ներկայացրել էր Ֆեյսբուքում Հրաչյա Հակոբյանը, գրվել է այլ տեղ: ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի ֆեյսբուքյան աղմկահարույց գրառման մասին նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Արսեն Բաբայանը: Ըստ նրա՝ այդ գրառումը և ընդհանրապես վերջերս գրվող բոլոր տեքստերը, որ կապ ունեն Արթուր Վանեցյանի հետ, գրվում են հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից:
Արսեն Բաբայանն իր այս տեսակետը հիմնավորում է դրանցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ոճի առկայությամբ:
«Ապացուցման համար ցանկացած անձ, որ ծանոթ է վարչապետի տեքստերին, այդ թվում՝ «Հայկական Ժամանակ» թերթի, կարող է ձեռագիրը նկատել: Եվ ցանկացած մարդ, որ տեսնում է եթերում Հրաչյա Հակոբյանի բառապաշարը, խոսքերը, շատ լավ կարող է հասկանալ, որ դա նրան չի պատկանում»,- ասաց Արսեն Բաբայանը:
Հիշեցնենք, որ երեկ Հրաչյա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում հարց ուղղելով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին՝ գրել էր. «Իսկ կարո՞ղ է մի օր պարզվել, որ Վանեցյանն ԱԱԾ տնօրենի պաշտոնից հեռացվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու պատճառով: Կարո՞ղ է պարզվել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստերի ճնշման ներքո նրան ստիպել է խոստովանել օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու փաստը: Իսկ կարո՞ղ է պարզվել, որ Փաշինյանը պարզել է նաև հավաքագրման պայմանները: Օրինակ՝ կարո՞ղ է պարզվել, որ Շվեյցարիայում գտնվող Արթուր Վանեցյանի՝ ոչ միայն վարչապետի և ՀՔԾ պետի հետ ունեցած հեռախոսազրույցներն են գաղտնալսվել, այլև նրա և Միքայել Մինասյանի բանակցությունները, թե ինչպես է Վանեցյանը Մինասյանից սեփականությունները շորթում՝ նրան ու նրա ընտանիքի անդամներին քրեական պատասխանատվության չենթարկելու, և հետագայում երիտհանրապետականների «նոր իշխանություն» հաստատելու հեռանկարի դիմաց»:
Այս հայտարարությանն իրավական գնահատական տալու համար էլ Արսեն Բաբայանը դիմում էր պատրաստվում ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազություն, սակայն դատախազության դռները փակ էին, և իրավապաշտպանը դիմումը ոչ թե հանձնեց առձեռն, այլ ուղարկեց պաշտոնական փոստի միջոցով:
«Դատախազությունը, որպես հանցագործությունների դեմ պայքարի կարևորագույն մի օղակ, պետք է առնվազն քրեական դատավարության ընթացակարգով ստուգման ենթարկի հայտնած տեղեկությունները:
Եթե այդ տեղեկությունը ճիշտ լիներ, ստացվում է, որ վարչապետը կամ իրավապահ մարմինները կարող են պարտակել հանցագործություն: Մյուս կողմից՝ ստացվում է, որ Հրաչյա Հակոբյանը կատարում է սուտ մատնություն: Եվ երրորդ կողմից, որ հնարավոր չէ, գործ ունենք իբր լուրջ հանցագործության հետ: Այս երեք ուղղությունները ստուգելու, իրավական գնահատական տալու համար էլ, ինչպես նաև իրավական պատասխանատվություն կիրառելու համար էլ ես դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին»,- ասաց Արսեն Բաբայանը:
Իրավապաշտպանի խոսքով՝ Հրաչյա Հակոբյանը լինելով իշխանության ներկայացուցիչ, Ազգային ժողովի պատգամավոր՝ «անում է մի հայտարարություն՝ անհեթեթ, զրպարտչական, բայց ինչ-որ հնարքի կիրառմամբ այդ հայտարարությունը ձևակերպում է այնպես, որ իր կարծիքով՝ հնարավոր չլինի իրեն պատասխանատվության ենթարկել զրպարտության համար, այսինքն՝ քաղաքացիական դատավարության ընթացակարգով»։
Ըստ Բաբայանի՝ այս գրառումն արել է հենց Հրաչյա Հակոբյանը, որովհետև վարչապետի ընտանիքի անդամ է, և կարող է հանրության մոտ տպավորություն ստեղծվել, թե եթե նման բաների մասին խոսում է վարչապետի ընտանիքի անդամը, ուրեմն ինչ-որ բան գիտի:
Արսեն Բաբայանի դիտարկմամբ՝ իշխանության ներկայացուցիչները վերջին շրջանում իրենց ուժերը կենտրոնացրել են Արթուր Վանեցյանի դեմ, որովհետև Նիկոլ Փաշինյանն Արթուր Վանեցյանին համարում է իր միակ հիմնական մրցակիցը:
«Պետք է նաև հիշենք, որ վերջին շրջանում հատկապես պարոն Վանեցյանի նկատմամբ այսպիսի զրպարտչական գործողություններն ավելացան, երբ պարոն Վանեցյանը հանդես եկավ կոնկրետ հայտարարություններով, ինչպես նաև վերջերս՝ մոտ 40 րոպե հարց ու պատասխանով, հարցազրույցի տեսքով բավականին հետաքրքիր հայտարարություններ արեց, կարելի է ասել՝ խոսեց իր նպատակների, որոշումների մասին: Սա, իհարկե, որոշակի ցայտնոտնային իրավիճակ ստեղծեց իշխանության վերևում կանգնած մարդու կամ մարդկանց մի քանիսի մոտ, և ես վստահ եմ, որ առնվազն վարչապետը տեսնում է իր ապաշնորհ կառավարության գործունեությունը, տեսնում է, որ իշխանությունը սկսել է փախչել իր տակից, և միակ հիմնական մրցակիցը, կարծում եմ՝ Արթուր Վանեցյանի մեջ է տեսնում, և դրա համար էլ ընտանեկան ամբողջ ուժերը հենց ուղղորդել են պարոն Վանեցյանի ուղղությամբ»,- նշեց Արսեն Բաբայանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում