Խաչատրյանների գրասենյակներից խուզարկության արդյունքում ոչինչ չի առգրավվել. Փաստաբան

«Գագիկ Խաչատրյանի որդիների հետ կապված՝ «Գալաքսի» խմբի ընկերություններում, գրասենյակներում, Խաչատրյաններին պատկանող բնակարաններում խուզարկությունների արդյունքում ոչինչ չի առգրավվել». 168.am-ի հետ զրույցում ասաց Խաչատրյանների փաստաբանական թիմի անդամ Ամրամ Մակինյանը:

Հիշեցնենք՝ խուզարկությունը տեղի էր ունեցել երեկ: Փաստաբանների խոսքով՝ այնտեղ փնտրել են որոշակի փաստաթղթեր և առարկաներ:

Երեկ փաստաբանական խումբը տարածած հրատապ հաղորդագրության մեջ, չխախտելով նախաքննության գաղտնիքը, որոշ մանրամասներ էր հաղորդել, մասնավորապես, որ «Գուրգեն Խաչատրյանին արդեն իսկ առաջադրված եղել է մեղադրանք, և որպես խափանման միջոց՝ ընտրվել էր ստորագրությունը չհեռանալու մասին: Այժմ մեղադրանքը փոփոխվել է և ավելացվել է որևէ քննադատության չդիմացող դրվագով: Ըստ նոր մեղադրանքի՝ Գուրգեն Խաչատրյանն աջակցել է կաշառք ստանալուն, այնինչ և՛ գործի նյութերից, և՛ պարզաբանումներից հստակ երևում է, որ մեղադրանքում նշված գումարը փոխառություն է, փոխառության պայմանագիրը դեռ գործում է և պետք է վերադարձվի ժամկետի ավարտին: Հավելյալ տեղեկատվություն չենք ներկայացնի՝ նախաքննական գաղտնիքը պահպանելու պահանջով պայմանավորված»,- նշված էր հայտարության մեջ։

Նախաքննության մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Փաստաբանական խմբի անդամ Երեմ Սարգսյանը լրատվամիջոցներին տեղեկացրել էր,  որ միջնորդությունը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրի դատավոր Վահե Միսակյանին: Երեկ նիստը կայացել է, սակայն նյութերին ծանոթանալու համար պաշտպանը միջնորդել էր հետաձգել, ինչը բավարարվել է:

Գուրգեն Խաչատրյանի փաստաբանական թիմի անդամ Ամրամ Մակինյանն այսօր 168.am-ի հետ զրույցում ասել է, որ գործի մասով այլ մանրամասներ, այդ թվում՝ հաջորդ դատական նիստի օրվա մասին հայտարարություն, կլինի ավելի ուշ:

Տեսանյութեր

Լրահոս