«Մարդկանց ասում եք՝ կենդանիներին մի սատկացրեք, բա ի՞նչ անեն, թողնեն իրենց երեխաներին հոշոտե՞ն». Փորձագետ
Թափառող շների հարձակումներից բողոքող մարդկանց թիվն ավելացել է, իսկ համացանցում սկսել են ակտիվորեն տարածել շների հարձակումներից տուժած երեխաների լուսանկարներ։ Նման դեպքեր արձանագրվում են և՛ մարզերում, և՛ մայրաքաղաքում:
Հերթական դեպքը եղել է փետրվարի 18-ին՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շերամի փողոցում:
Երեք շուն հարձակվել է 9-ամյա Սոս Անտոնյանի վրա, կծել երեխայի ոտքը, ինչի հետևանքով երեխան ենթարկվել է վիրաբուժական միջամտության։ Տղայի մոր՝ Հասմիկ Մկրտչյանի փաստմամբ՝ շները ստերջացված են եղել։ Շների ականջներին նկատել են փակցված դեղին կոճակները։ Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախ թաղամասի բնակիչները նույնպես ահազանգել էին թափառող շների հայտնվելու վերաբերյալ:
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի առևտրի բաժնի պետ Արթուր Էլբակյանը թափառող շների ագրեսիվ վարքը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում պայմանավորել էր աղբահանության որակի բարձրացման հետ: «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի» ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Աղաբեկյան էլ ասել է, թե ստերջացված շները հիմնականում ագրեսիվություն չեն ունենում, ինչպես նաև հարակից մարզերում ձյուն է, դրա համար գալիս են Երևան։
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) նախկին պետ, զոոնոզային հիվանդությունների և անասնաբուժական առողջապահության կազմակերպման միջազգային փորձագետ, «Մեկ առողջություն»
Կոալիցիայի ղեկավար Գրիգոր Գրիգորյանի կարծիքով՝ այս հարցում մասնագիտական մոտեցումն իսպառ բացակայում է:
«Երևանի այն շենքերում, որտեղ աղբը խողովակաշարով իջնում է ներքև, այդտեղ են մտնում շները, քանի որ ցուրտ է: Երբ մարդիկ այդ կողմերով անցնում են՝ շները փորձում են պաշտպանել իրենց «տարածքը»: Բոլոր այն պնդումները, որ աղբի բացակայության պատճառով է այս վիճակը, սուտ է, իսկ այն, որ մարզերից են գալիս, դա միշտ էլ այդպես է: Գալիս են ոչ միայն մարզերից, այլև հարևան երկրներից, քանի որ շարժը սահմանափակված չէ, հսկողություն, կանխարգելում չկա: Դրանք վայրի շներ են, մեծ մասը գալիս են Վրաստանից, որտեղ տարածված է կատաղությունը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գրիգոր Գրիգորյանը՝ հավելելով, որ գարնանը հատկապես շնազգի կենդանիների մոտ ագրեսիվությունը բարձրանում է:
«Շների ստերջացման ծրագիր են որոշել իրագործել՝ առանց գիտական վերլուծության: Ստերջացնում են շներին և բաց են թողնում, բայց մեկ բան հաշվի չեն առել. ստերջացված շները՝ հատկապես էգերը, շատ ագրեսիվ են դառնում: Գոյություն ունեն բազմաթիվ աշխատանքներ, որոնցում ապացուցված է այն, որ ստերջացված սեռահասուն էգ շների մոտ մի քանի անգամ ավելի շատ ագրեսիա կա, քան որձերի մոտ, ու մեծ մասամբ այն դրսևորվում է երեխաների հանդեպ»,- նշեց «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավարը:
Նա անհիմն է համարում այն բացատրությունը, թե ստերջացված շունը հիմնականում իր ձագերին է պաշտպանում:
«Դա մանիպուլյացիա է, որովհետև երբ քոթոթ է, այդ ժամանակ հնարավոր է՝ անգամ կողքով անցնես ու հարձակվեն քեզ վրա, բայց երբ ձագերը մեծանում են, շունը հանգստանում է: Այնինչ, այս ստերջացված էգերը մի ամբողջ տարի իրենց տարածքը պաշտպանելիս ագրեսիա են դրսևորում: Երբ տանում, ստերջացնում և բաց են թողնում, արդեն ագրեսիայի օջախներ են դրանով ստեղծում: Այդ շներին չի կարելի բաց թողնել, սակայն նրանց պահելու համար տարածք էլ չկա: Հիմա գոռում են՝ կացարաններ սարքենք, և այլն: Երբ ունենք քաղաքացիներ, ովքեր կացարան և սնունդ չունեն, ինչքանո՞վ է բարոյական մտածել շների կացարանի մասին: Որքան էլ սարքեն՝ չեն կարող մշտական շարժի ժամանակ այդ քանակի շներին կացարանով ապահովել»,- նկատեց փորձագետը:
Գրիգոր Գրիգորյանն ընդգծում է՝ բոլոր ստերջացված շները պետք է պատվաստվեն մի շարք հիվանդությունների դեմ, այդ թվում՝ կատաղության, որը հատուկ վտանգավոր հիվանդություն է, բայց համոզված չէ, որ դա կատարվում է:
«Գրեթե համոզված եմ՝ եթե ծնողներից մեկը շանը սատկացներ՝ վայնասուն էր բարձրանալու: Էլ դատի կտային, էլ եսիմ ինչ: Եթե չեք կարողանում հանրային անվտանգության պաշտպանությունը ապահովել, մարդկանց ասում եք՝ կենդանիներին մի սատկացրեք, բա ի՞նչ անեն, թողնեն իրենց երեխաներին հոշոտե՞ն: Ամեն ինչ սկսվեց մարզերից՝ մոտ 3 ամիս առաջ: Ահազանգում էին, որ շները հարձակվում են, ոչ մի ռեակցիա չեղավ: Հետո դեպքեր արձանագրվեցին Երևանում: Կենդանիների առողջության և բարեկեցության ոլորտի լիազոր մարմինը ՍԱՏՄ անասնաբուժական տեսչությունն է. զրո ռեակցիա, «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի» ՀՈԱԿ-ի կողմից՝ նույնպես: Սրա մասնագիտական լուծումը պետք է գտնել: Լիազոր մարմինը պետք է հարցի լուծման պարտավորությունը ստանձնի»,- եզրափակեց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախկին պետը:
Հավելենք, որ Ֆեյսբուք սոցիալական ցանցում օգտատերերից մեկը լուսանկարներ է հրապարակել՝ գրելով.
«Քանի որ իմ ու շատ ծնողների բողոքներից հետո այդքան էլ լուրջ չեն վերաբերվել հարցին, ավելի ճիշտ՝ չեն պատկերացնում, թե ինչ ահավոր սարսափելի դեպքերի մասին է խոսքը, որոշեցի նորից գրել ու նորից բարձրացնել այս հարցը։ Ճի՛շտ է, ինչ-որ չափով մեր բակի շները քչացել են, բայց կոնկրետ հենց 174 և 176 դպրոցների դիմաց գտնվող դաշտում առավոտներն էլի բավականին շատ շներ են երեխաներին դիմավորում։ Քաղաքապետարանի, թաղապետարանի համապատասխան բաժինների հարգելի՛ աշխատակիցներ, հետաքրքի՞ր է, դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ հոգեկան վիճակում է 4 շների կողմից հենց իրենց շենքի մուտքի մոտ քաշքշված այս 6 տարեկան աղջնակը (հունվարի 24-ի դեպք), կամ 9 տարեկան այս տղա երեխան, ով 1 ամսից ավելի է, դեռ չի ապաքինվել (հունվարի 14-ի դեպք):
Սրանք հենց նույն շներն են, որոնք և հարձակվել էին իմ աղջկա վրա (բարեբախտաբար, միայն վերարկուն էին բռնել ու քաշքշել): Խնդրում եմ, լուծեք այս հարցը, ազատեք այս տարածքը շներից (խոսքը Շերամի 99, 101, 108 բակերի, Սվաճյան փողոցի եկեղեցուն կից տարածքի ու նաև մոտակա դպրոցների տարածքի մասին է), պաշտպանեք մեր երեխաներին անտեղի հարձակումներից ու սթրեսներից։ Ավելի լուրջ մոտեցեք այս հարցին, թույլ մի՛ տվեք էլի անմեղ երեխաներ տուժեն, հուսով եմ՝ պատկերացնում եք՝ հետո ինչ հիվանդությունների ու խնդիրների առաջ կարող են կանգնել այդ երեխաները»։