Բաժիններ՝

Պատմություն. Դրեզդենի կործանումը

Քրեական ժամանակագրությունում հաճախ են հանդիպում «չհիմնավորված դաժանություն» կամ «չհիմնավորված ոճիր» հասկացությունները: Որպես կանոն, դա անում են հոգեբույժ Լոմբրոզայի «բնածին հանցագործների պատկերասրահի» մռայլ, նեղճակատ սուբյեկտները կամ էլ անմիտ պատանիները: Շատ ավելի հազվադեպ չհիմնավորված դաժանություն են կատարում քաղաքական գործիչները: Նրանց գործած հանցանքները հիմնված են լինում հեռահար հաշվարկների վրա: Օրինակ, ատոմային ռումբերի նետումը Հիրոսիմա ու Նագասակի քաղաքների վրա 1945թ. օգոստոսի 6-ին և 9-ին, երբ արդեն ակներև էր, որ Ճապոնիան պատրաստ է ընդունելու իր կապիտուլյացիան, հանրությանը ներկայացվեց՝ որպես ամերիկացի երիտասարդների կյանքերը պահպանելու միջոց: Հասարակության առավել քաղաքականացած մասը հասկացավ, որ խոսքը գնում է այդ օրերին ընթացող Պոտսդամի բանակցություններում ԱՄՆ դիրքերի ուժեղացման մասին: Միաժամանակ, ատոմային ռմբահարումը հետապնդում էր նաև ճապոնական ազգի հոգեբանական ահաբեկման նպատակ:

Բայց առաջին անգամ «մաքուր» հոգեբանական ահաբեկչական գործողություն իրականացվեց 1945թ. փետրվարի 13-14-ին, երբ անգլոամերիկյան օդուժի կողմից ավերվեց գերմանական Դրեզդեն քաղաքը: Զոհվեցին տասնյակ-հազարավոր մարդիկ (շրջանառվում են տարբեր թվեր՝ 30-ից մինչև 130 հազար):

Սակայն Դրեզդենի ողբերգությունը, որ բոլոր չափանիշերով հանդիսանում է մարդկության դեմ գործած ոճիր, խնամքով լռության է տրվում: Ժամանակին այս հարցը ջանում էր բարձրացնել համաշխարհային ճանաչում ունեցող ամերիկացի գրող Կուրտ Վոնեգուտը, բայց նրա շուրջ ստեղծվեց «լրատվական լռության գոտի»: Դրեզդենի սարսափազդու դժոխքի տպավորիչ նկարագրությունն է տվել մեկ ուրիշ ամերիկացի՝ Ջորջ Պարկերը, որից որոշ դրվագներ ներկայացված են ստորև:

* * *

1945թ. սկզբին դաշնակիցների ինքնաթիռները մահ ու ավեր էին սփռում ողջ Գերմանիայի վրա, բայց հնագույն սաքսոնական Դրեզդենն այդ մղձավանջի մեջ մնացել էր անդորրության միակ կղզյակը: Լինելով ճանաչված մշակութային կենտրոն և չունենալով ռազմական արտադրություններ՝ այն փաստորեն օդային հարձակումներից պաշտպանված չէր: Արտաքինից կարող էր տպավորություն ստեղծվել, թե բոլոր կռվող կողմերն ինչ-որ ջենթլմենական համաձայնությամբ Դրեզդենին «բաց քաղաքի» կարգավիճակ էին տվել: Փետրվարի 13-ի նախօրեին փախստականների մեծ հոսքը քաղաքի բնակչության թիվը հասցրել էր միլիոնից ավելիի: Ամեն ժամ փախստականներ էին ժամանում, և հազարավոր ցրտահար մարդիկ ճամբարներով տեղավորվում էին ուղղակի փողոցներում: Այդ րոպեներին ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ մեկ օր էլ չի անցնի, երբ այդ անմեղ մարդիկ կենդանի կայրվեն «քաղաքակիրթ» անգլոամերիկացիների պատրաստած հրե մրրկասյունում:

Երբ օդային տագնապի առաջին ազդանշանները նշանավորեցին գալիք դժոխքի սկիզբը, դրեզդենցիները հնազանդորեն ցրվեցին իրենց ապաստարանները՝ ենթադրելով, սակայն, որ տագնապը կեղծ է: Իրենց քաղաքը մինչ այդ չէր ենթարկվել օդային հարձակման: Շատերը երբեք էլ չէին հավատա, որ այնպիսի մեծ դեմոկրատ, ինչպիսին Ուինսթոն Չերչիլն է, մյուս մեծ դեմոկրատ Ֆրանկլին Ռուզվելտի հետ, կորոշեն Դրեզդենը տոտալ ռմբահարմամբ մահվան դատապարտել: Հազիվ էին Դրեզդենի բնակիչները քաշվել իրենց ռմբապաստարանները, երբ քաղաքի վրա նետվեց առաջին ռումբը՝ 1945թ. փետրվարի 13-ին, ժամը 22:00-ին: Գրոհը տևեց 24 րոպե: Քաղաքը վերածվեց կրակի ծովի: «Նպատակակետի կատարյալ ռմբակոծումն» առաջացրեց ցանկալի հրե փոթորիկը. սա մտնում էր հումոր և սիգարներ սիրող «դեմոկրատ» Չերչիլի հաշվարկների մեջ:

Փոթորիկը սկսվեց, երբ հարյուրավոր փոքր հրդեհներ ձուլվեցին մեկ վիթխարիի մեջ: Օդի հսկայական զանգվածները ներծծվեցին գոյացած ձագարում և ստեղծեցին արհեստական մրրկասյուն: Այն դժբախտներին, որոնց բարձրացրել էին պտուտահողմերը, մրրկասյունը նետեց այրվող փողոցների բոցերի մեջ: Նրանք, որ թաքնվել էին գետնի տակ, խեղդամահ եղան օդից արտածծված թթվածնի պակասից կամ մահացան ջերմությունից. ջերմություն, որից հալվում էր մարդկային միսը, և մարդու տեղը մնում խոնավ բիծ: Ականատեսը, որ ապրել էր այս ամենը, պատմում է. «Ես տեսա երեխաները ձեռքներին երիտասարդ կանանց, որոնք վազում էին և ընկնում: Նրանց մազերն ու հագուստը այրվում էին, և նրանք սարսափելի բղավում էին այնքան ժամանակ, մինչև որ փլվող պատերը իրենց տակ թաղեցին նրանց»:

Առաջին թռիչքարշավից հետո եղավ 3-ժամյա դադար: Անդորրը մարդկանց դուրս հանեց ապաստարաններից: Որպեսզի փրկվեն մահացու շոգից, հազարավոր բնակիչներ ուղղվեցին դեպի Դրեզդենի կենտրոնի 1,5 քառակուսի մղոն տարածքով Գրոս-Գարդեն հրաշալի զբոսայգին: Բայց դահիճներն ամեն ինչ հաշվարկել էին: Ժամը 01:20-ին սկսվեց երկրորդ թռիչքարշավը: Տագնապի ազդանշանները չգործեցին: Երկինքը ծածկել էին երկու անգամ ավելի շատ ռմբակոծիչներ՝ հրկիզող ռումբերով: Ռմբակոծումների երկրորդ ալիքը նախատեսված էր ընդարձակելու հրե փոթորիկը մինչև Գրոս-Գարդեն:

Նրանք, որ գտնվում էին ստորգետնյա ապաստարաններում, «հեշտ» մահացան՝ ակնթարթորեն այրվեցին, հենց որ շրջապատի ջերմաստիճանը կտրուկ բարձրացավ. նրանք կա′մ մոխրի վերածվեցին, կա′մ հալվեցին: Մի քանի րոպեների ընթացքում կրակի շերտը ակոսեց խոտը, բռնկեց ծառերը, և ամեն ինչ սկսեց այրվել՝ հեծանվից՝ մինչև ոտք ու ձեռք: Դեռ շատ օրեր դրանից հետո այս ամենը մնացել էր բաց երկնքի տակ՝ որպես սադիզմի զարհուրելի հիշեցում:

Շուտով, փետրվարի 14-ի առավոտյան, քաղաքի վրա թափվեց ռումբերի վերջին խմբաքանակը: Ամերիկյան ռմբատարները «չարչարվեցին» ամբողջ 38 րոպե: Այս հարձակումը բնորոշվում էր բացառիկ դաժանությամբ: «Մուստանգները» (ամերիկյան կործանիչների տիպ,- Վ.Հ.) թռչում էին շատ ցածր և գնդակոծում այն ամենը, ինչը որ շարժվում էր, ներառյալ՝ փրկարար մեքենաների շարասյունը, որ եկել էր էվակուացնելու կենդանի մնացածներին: Մի գրոհ հատուկ ուղղված էր Էլբայի ձախ ափին, որտեղ զարհուրելի գիշերից հետո խմբվել էին փախստականները և վիրավորները: Բանն այն էր, որ պատերազմի վերջին տարում Դրեզդենը դարձել էր քաղաք-հոսպիտալ, ու գիշերային զանգվածային սպանությունների ժամանակ բուժքույրերը հերոսաբար իրենց վրա էին տանում խեղվածներին ու տեղափոխում Էլբայի ձախ ափ: Եվ ահա ցածր թռչող «Մուստանգները» գնդակահարում էին այդ անօգնական հիվանդներին, ինչպես նաև քաղաքից փախչող հազարավոր ծերերին, կանանց ու երեխաներին:

Ահա Դրեզդենի նկարագրությունը երկու շաբաթ հետո: Այն պատկանում է ոմն շվեյցարացու. «Ես տեսա,- ասում է նա,- պոկված ձեռքեր ու ոտքեր, խեղված մարմիններ, գլուխներ՝ գլորված փողոցների եզրերին: Հրապարակներում դիակները դեռ սփռված էին այնքան խիտ, որ պետք էր չափազանց զգույշ քայլել»:

Դաշնակիցների ջատագովները, որ արդարացնում են այս սպանդը, հավասարեցնում են Դրեզդենը անգլիական Քովենթրիի հետ: Սակայն Քովենթրին հանդիսանում էր ռազմական պաշարների պահեստարան, այսինքն՝ օրինական ռազմական նշանակետ: (Նկատենք, որ Ու. Չերչիլը, շնորհիվ գերմանացիների կոդի գաղտնազերծման, նախապես տեղեկացված էր Քովենթրիի վրա հարձակման մասին: Բայց կոդի բացահայտումը քողարկելու համար՝ նա որոշեց զոհաբերել քաղաքը,-Վ.Հ.): Դրեզդենը, որ բաժակներ ու սկուտեղներ էր արտադրում, այդպիսին չէր: Չերչիլը, որ Դրեզդենի սպանդի հրամանն արձակողն էր, ավարտեց իր կարիերան՝ որպես «մեծ մարդ»: Կենսագիրներն իրենց «անաչառ» գրառումներից փութաջանորեն սրբել են այդ «մեծ մարդու»՝ հանուն կասկածելի նպատակի տասնյակ-հազարավոր տղամարդկանց, կանանց ու երեխաների զոհաբերելու մասին ցանկացած հիշեցում: Դրեզդենում սպանվածներն այս անգամ հրեաներ չէին, այլ գերմանացիներ: Բայց չարագործությունը մնում է չարագործություն, և այստեղ երկակի ստանդարտներ չեն կարող լինել:

Վահե Հայկունի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս