Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպի իրական ուղերձները. Նաիրյան ստոր և նենգ դավաճանությունը. ՄԱՍ 2-րդ

Սույն հոդվածի նպատակն է՝ ցույց տալ Եղիշե Չարենցի իրական գաղափարները «Երկիր Նաիրի» վեպում, որոնց մասին «կրթողները»՝ «Կրթվելը նորաձև է» շարժմանը մասնակցող (նաև դրանից դուրս) մի շարք գրականագետներ և «գրականագետներ», լռում են:

Հոդվածաշարում, որը կունենա թեմատիկ տարանջատում և բաղկացած կլինի մի քանի մասերից, մենք կխոսենք, թե ովքե՞ր են կեղծում Չարենցին, ի՞նչ նպատակով և ո՞րն է ճշմարտությունը:

Քանի որ Չարենցի կենդանության օրոք «Երկիր Նաիրի» վեպն ունեցել է 4 հրատարակություն, մենք այս հոդվածում կօգտագործենք «Երկիր Նաիրի» վեպի 1932 թվականի հրատարակությունը, որը խմբագրել է Եղիշե Չարենցը, և այն վերահրատարակվել է 2022 թվականին:

Կարդացեք նաև

Հոդվածաշարի առաջին մասն արդեն հրապարակվել է:

Մաս 2

Նաիրյան ստոր և նենգ դավաճանությունը

Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպն ունի մի շարք գաղափարական ուղերձներ: Նախորդ հոդվածում մենք խոսեցինք վեպում թուրքի՝ հավիտենական հիվանդի մասին: Այս հոդվածում կներկայացնենք վեպում առկա մեկ այլ կարևոր գաղափար, ինչը «կրթողները», գրականագետներն ու «գրականագետները» փորձում են շրջանցել:

Խոսքը «Երկիր Նաիրի» վեպում հայ դավաճանների մասին է, որոնց գործողությունները դարձան Նաիրիի կործանման գլխավոր պատճառներից մեկը:

Վեպի առաջին իսկ մասում, որը վերնագրված է «Քաղաքը և բնակիչները», կարդում ենք Կարսի բերդի և քաղաքի անկման պատճառը.

«Անառիկ է այդ բերդը-ամենքը այդ գիտեն,-և դավաճանությունն է, նենգ, ստոր, նաիրյան դավաճանությունն է այդ բերդը հանձնել եկվոր սրիկաներին»: (Չարենց Ե., «Երկիր Նաիրի», Երևան, 2022, էջ 30):

Վեպում հայ դավաճանների մասին գրելով՝ Չարենցը նրանց տալիս է մի շարք բնորոշիչ անուններ. «ստոր, նենգ նաիրյան դավաճանություն, անձնամոլ վասակներ, անպատկառ նաիրադավաճան մարդիկ, նաիրուրաց» (Տե՛ս նույն տեղում, էջ 30, 168, 231, 232, 235, 242) և այլն: Դավաճանության մասին Չարենցը պատմում է վեպի տարբեր կերպարների շուրթերով, քարոզներով ու խոսքերով: Մասնավորապես այսպիսի դրվագ կա Սուրբ Աստվածածին եկեղեցու ամբիոնից Տեր Հուսիկ քահանայի քարոզում.

«Խորամանկ, հանճարեղ են եղել նաիրցի արքաները, ասաց տեր Հուսիկ քահանան.-նրանք իմացել են կապել հոգևորն ու մարմնավորը, սուրը և խաչը, կրոնն ու ռազմական կորովը: Խորամանկ, հանճարեղ են եղել նրանք, բայց, դժբախտաբար, եսական ու անմիաբան, և ա՛յդ էր, որ կործանեց երկիրը հնամյա-հազարամյա Նաիրին: Ստոր, նենգ, եսական դավաճանությունն է եղել մեզ կործանողը. Անձնամոլ վասակներն են եղել մեր տունը քանդողը-….»: (Նույն տեղում, էջ 168):

Նաիրյան ստոր և նենգ դավաճանության մասին ամենաշատը խոսվում է վեպի երրորդ՝ «Երկիրը Նաիրի» գլխում: Հատկանշական է, որ այդ հատվածում ազգային դավաճանությունից զատ, Չարենցն ընդգծում է նաև այն նաիրադավաճաններին, ովքեր պատմական այդ ծանր իրավիճակում կոչ էին անում հավիտենական հիվանդի՝ թուրքի հետ համերաշխ և խաղաղ լինել.

«Եվ ո՞վ գիտե՝ կկատարվեի՞ն արդյոք հետագա դժբախտ ու ահավոր դեպքերը, եթե չլինեին այդ ստոր, անպատկառ, նաիրադավաճան մարդիկ: Երևակայո՞ւմ եք՝ դրանք, այդ ստոր, դավաճան, անպատկառ մարդիկ, դեմ էին «գրավված վայրերի» պաշտպանության». Ինչ-որ խաղաղություն էին պահանջում այդ ստոր, դավաճան մարդիկ, երբ դեռ չէր գետնահարված ոսոխը… »: (Նույն տեղում, էջ 232):

Պատերազմի ժամանակ դավաճանության՝ այսինքն՝ թուրքի հետ խաղաղ լինելու կոչեր անողներին Չարենցի քննադատությունը շարունակվում է վեպի վերջին գլխի էջերում ևս.

«…Երբ, մյուս կողմից, արդեն ստույգ լուրեր ուներ ստացած նաիրյան իշխանությունը, որ, վերջին հորդաները հավաքած, թափթփուկ բանակներով մտադրություն ունի գրավված վայրերը խուժելու Հավիտենական Հիվանդը,- ա՛յդ ժամանակ ահա այդ ստոր, դավաճան, նաիրուրաց մարդիկ դեզերտիրություն էին քարոզում նաիրյան բանակում և խոսում էին հաշտության մասին. ո՞ւմ հետ.-Հավիտենական ոսոխի ու Հավիտենական Հիվանդի, որին նաիրցի մի ռազմիկի քացին անգամ բավական էր, ինչպես ասում էր Մազութի Համոն,-որպեսզի նա հավիտենապես փչեր իր շունչը, և նա, իհարկե, կփչեր իր շունչը, եթե չլինեին այդ նաիրուրաց, ստոր, նաիրադավաճան մարդիկ….»: (Նույն տեղում, էջ 234-235):

Պատերազմական և բարդ իրավիճակում Կարսում պառակտում մտցնողները, թուրքի հետ խաղաղության կոչ անողները, խաղաղության դիմաց տարածքներ հանձնողները, պատերազմի դաշտից դասալքություն քարոզողները չեն փրկվում Չարենցի գրչից: Նա ընդգծում է պատմական փաստերը, ցույց տալիս դավաճանությունը, բանակն ու քաղաքը հայերի ձեռքով ներսից քանդելու իրողությունը, պաշտպանելու փոխարեն՝ թալանի իրականացումը, ռազմական ղեկավարության ստեղծած խառնաշփոթը, արտաքին և ներքին քայքայիչ գործունեությունը, ինչը հանգեցնում է Կարսի անկմանը: Վեպում Չարենցը պարբերաբար գործածում և շեշտում է նաիրադավաճան, նաիրուրացություն տերմինները, որով շեշտում է հայրենիքի կործանման բուն պատճառներից մեկը, եթե ոչ՝ գլխավոր պատճառը: Վեպի վերջին հատվածներում Չարենցը նշում է ռազմաճակատից Մազութի Համոյի ուղարկած գրության մասին, ով փորձում էր ոչնչացնել չարիքի արմատը, ոչնչացնել օտարների հրամանները կատարողներին ու ներքին քաոս ստեղծողներին, սակայն ամեն բան արդեն ուշ էր.

«-Դեզերտիրության արմատը հարկավոր է տեսնել այն նաիրադավաճան սրիկաների մեջ, որոնց առաջնորդն էր մեր քաղաքում անհայտ չարագործների (հարկավոր է ասել բարեգործների, փակագծում ավելացրել էր Մազութի Համոն) ձեռքով շանսատակ եղած Կարո Դարայանը:….Դրանք լցրել են հիմա ռազմաճակատը և դեզերտիրություն են քարոզում մեր արի զինվորներին, որանք խոստանում են զինվորներին հող, խաղաղություն ու հանգստություն և նման լկտի միջոցներով քայքայում են մեր բանակը»: (Նույն տեղում, էջ 248):

Ցավոք, դասալքության ու դավաճանության արմատը կտրելու կոչերն ապարդյուն էին, քանի որ Կարսն ընկավ:

Հայ դավաճանների մասին Չարենցը տալիս է միանշանակ գնահատական.

«…Անունն ի՞նչ դնենք…. Օ, ոչ մի անուն չէր կարելի դնել այդ նաիրուրաց տխմարությանը, քան այն անունը, որ դրել էր Տեղական Կոմիտեն, ոչ՝ «Ընկերությունն» ինքը. և այդ անունն էր, ինչպես քանիցս կրկնել ենք արդեն ի միջի այլոց- «Ազգային դավաճանություն»: Եվ ովքե՞ր էին դրանք, և ո՞վ էր դրանց ղեկավարը.-մի քանի լղրճուկ սինլըքորներ, ինչպես ասում էր Համո Համբարձումովիչը, կամ Հայվարա սանքյուլոտներ, ինչպես կարծում էր անգլիախոս Հաջի Օննիկ էֆենդին և չհասկացողին թարգմանում ու հասկացնում, որ սանքյուլո-տներ նշանակում է-անվարտիք շներ…»: (Նույն տեղում, էջ 232):

Դասալքության և ազգային դավաճանության համար Չարենցը Մազութի Համոյի հրամանով՝ առաջարկում էր ամենախիստ պատիժը.

«Դրանց վերաբերմամբ հարկավոր է ամենախիստ միջոցների դիմել, չքաշվել անգամ գնդակահարությունից»: (Նույն տեղում, էջ 249):

Ազգային դավաճանության մասին հատվածները, թեև ցավալի են մեզ համար, սակայն չի կարելի դրանք անտեսել։ Նաիրին, Կարսը չընկավ այն պատճառով, որ նաիրցիները չէին գիտակցում իրական հայրենիքի սահմանները, ինչպես քարոզում են «կրթողները», այլ ընկավ, քանի որ նաիրադավաճանությունը և նաիրուրացությունը հազվադեպ չէին երկրում:

Ահա սրանք են Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպում ազգային դավաճանության մասին հատվածները: Չարենցը ազգային չարիքի արմատի հիմքում տեսնում է ազգային դավաճանությունը: Եվ այդ ամենի հետևանքով ընկավ Կարսը, իսկ հավիտենական հիվանդը՝ թուրքը, սկսեց Կարսում իրականացնել հայ բնակչության հերթական կոտորածը:

Հ.Գ. Իսկ ինչո՞ւ մեր գրականագետները և «գրականագետները» «Կրթվելը նորաձև է» շարժմանը չեն խոսում այս մասին կամ դրանից դուրս չեն շշնջում ՀՀ ղեկավարի ականջին, որ Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպի կարևոր ուղերձներից է այն, որ Նաիրիի, Կարսի անկման հիմքում նաիրյան ստոր և նենգ դավաճանությունն է, և ազգային այդ չարիքից ազատվելու միակ միջոցը, ըստ Չարենցի, դավաճանների գնդակահարությունն է:

Արա Զարգարյան

Տեսանյութեր

Լրահոս