
Ի՞նչ է բրենդը և ինչպե՞ս բիզնեսի համար ճիշտ բրենդ ստեղծել. Էդուարդ Քանքանյան
168TV-ի «Կապիտալի ՈՒԺԸ» հաղորդաշարի հյուրը «Braind» ընկերության համահիմնադիր ԷԴՈՒԱՐԴ ՔԱՆՔԱՆՅԱՆՆ Է։
Հարցազրույցի կարևոր թեզերը՝ ստորև.
– Արդեն 15 տարի է՝ հանդիսանում եմ «Braind» ընկերության համահիմնադիրը. մինչ ընկերություն ստեղծելը զբաղվում էի դիզայնով, համալսարանական տարիներից հետո գնացի բանակ, վերադարձից 10 օր անց հիմնադրեցինք այս ընկերությունը:
– Ընկերություն հիմնելու համար առաջինը գաղափարն էր. մենք ունեինք գաղափար, չունեինք գումար, չունեինք մեծ փորձ։ Չգիտեմ, եթե փորձառու ձեռներեց լինեինք, լավ հաշվարկներ կարողանայինք անել, շուկան գնահատել, գուցե նման ընկերություն չստեղծեինք։
– Ե՞րբ հասկացանք, որ մեզ մոտ ստացվեց… իրականում մենք շատ երկար ժամանակ զբաղվում էինք ընկերությունների բրենդինգով. առաջին 10 տարին վազելով փորձում էինք առաջ գնալ։ Մենք զբաղվում էինք այլ ընկերությունների բրենդների ստեղծմամբ՝ չգիտակցելով, որ այս տարիների ընթացքում ձևավորվեց մեր բրենդը, չէինք գիտակցում, որ արդեն ունենք բրենդ, և դա այն դեպքում, երբ մենք երբեք մեր բրենդինգը չենք արել։
– Ի՞նչ է բրենդը. բրենդն այն ասոցիացիան է, որն առաջանում է մարդու մոտ տվյալ կազմակերպության անունը լսելիս կամ ապրանք տեսնելիս։ Բրենդի միջոցով կարողանում ենք տեղեկատվություն փոխանցել մարդու և ընկերության մասին։ Բրենդը վաճառում է էմոցիա, զգացողություն և կարգավիճակ։ Այն բրենդերը, որոնք այդ էմոցիոնալ կապը չեն կարողանում ստեղծել իրենց հաճախորդների հետ, չեն հաջողում։
– Բրենդ ստեղծելիս կարևոր է ստեղծել մնայուն արժեք։
– Բիզնեսը մարդիկ են. բիզնեսը հասկանալու համար պետք է հասկանալ մարդկանց։
– Մեզ պակասում է մեծ մտածողությունը։ Կարծում եմ՝ շատ սահմանափակումներ ուղղակի մեր մտքում են, ոչ թե իրականությունում։
– Մեծ մտածելու համար քեզ տարածք է պետք. տարածք, որը վիրտուալ է, իրական չէ։
– Ցանկացած մարդ, որն իր կյանքը կապում է բիզնեսի հետ, ես նրան խորհուրդ կտամ իր կյանքի մի շրջանը կապել միջազգային շուկայի և փորձի հետ. սովորի և կիրառի այդ փորձը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։