
Գուտերեշը հայտարարել է Կիպրոսի կարգավորման շուրջ բանակցություններում առաջընթացի մասին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտնել է Կիպրոսի խնդրի կարգավորման շուրջ բանակցություններում առաջընթացի ևԿիպրոսի հույն և թուրք համայնքների ղեկավարների միջև մի շարք նախաձեռնությունների շուրջ համաձայնությունների մասին։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Իմ մանդատի ամենասկզբից ես հանձնառու եմ եղել կիպրացիների՝ կիպրացի հույների և կիպրացի թուրքերի անվտանգության և բարեկեցության ապահովմանը: Այսօրվա քննարկումները կրկին կառուցողական էին», – նշել է Գուտերեշը Կիպրոսի խնդրի կարգավորման վերաբերյալ այս տարվա երկրորդ ընդլայնված հանդիպումից հետո, որը տեղի է ունեցել հուլիսի 17-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում։
Նրա խոսքով՝ մարտին համաձայնեցված վստահության ամրապնդման շուրջ վեց նախաձեռնություններից չորսն արդեն իրականացվել են: Դրանց թվում են երիտասարդության հարցերով տեխնիկական հանձնաժողովի ստեղծումը, էկոլոգիայի և կլիմայի փոփոխության բնագավառում նախաձեռնությունները, գերեզմանատների վերականգնումը, ինչպես նաև հանքահորերի փակման հարցի համաձայնագեցումը:
Մնացած երկու նախաձեռնությունների՝ չորս անցակետերի բացման և բուֆերային գոտում արեգակնային էներգիայի օգտագործման հարցերի շուրջ քննարկումը կշարունակվի։Գուտերեշը նաև հայտնել է քաղաքացիական հասարակության մասնակցության համար խորհրդակցական մարմնի ստեղծման, մշակութային արտեֆակտների փոխանակման, օդի որակի մոնիթորինգի և միկրոպլաստիկների դեմ պայքարի վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունների մասին:
«Կարևոր է այս բոլոր նախաձեռնությունները հնարավորինս շուտ իրականացնել՝ ի բարօրություն բոլոր կիպրացիների», – ընդգծել է նա։
ՄԱԿ-ի ղեկավարը մանրամասնել է, որ Կիպրոսի ղեկավարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա բարձր մակարդակի նստաշրջանի շրջանակներում, ինչպես նաև մինչև տարեվերջ սպասվում է ներկայիս ձևաչափով նոր ոչ պաշտոնական հանդիպում։
ՄԱԿ-ի կենտրոնակայանում հանդիպումը տեղի է ունեցել «հինգ գումարած մեկ» ձևաչափով, այսինքն՝ կղզու հունական և թուրքական համայնքների ղեկավարների, Կիպրոսի անվտանգության երաշխավոր երեք տերությունների՝ Մեծ Բրիտանիայի, Հունաստանի և Թուրքիայի, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մասնակցությամբ: