Սյունիքի պատմական Շրվենանց դպրոցի պատմությունն ու դպրոցի մասին բացառիկ արխիվային փաստաթուղթը

Կապանի Շրվենանց գյուղի դպրոցը, որը պաշտոնապես հայտնի է՝ որպես Հայոց եկեղեցական երկդասյան-երկսեռ «Գ.Յ. Տեր-Մարգարեան» դպրոց, առանձնահատուկ տեղ է գրավում հայկական գյուղական դպրոցների մեջ:

Այն հիմնադրել է Գասպար Տեր-Մարգարյանցը, ով անցել է բարդ՝ քննադատություններով լի ճանապարհ, մինչև կարողացել է իրականացնել իր նպատակը:

1901 թվականին Կովկասյան ուսումնարանների օկրուգը հաստատեց Շրվենանցում դպրոց կառուցելու իրավունքը։ Դպրոցի առաջին զանգը հնչեց 1902 թվականի սեպտեմբերին, և առաջին տարում այն ուներ 136 աշակերտ:

Կարդացեք նաև

Տեր-Մարգարյանցը հոգում էր բոլոր ծախսերը՝ ազատելով աշակերտներին վարձավճարներից և ապահովելով կարիքավոր երեխաներին սնունդով ու հագուստով։ Դպրոցը ժամանակավորապես դադարեց գործել 1906 թվականին՝ հայ-թաթարական բախումների պատճառով, սակայն 1907-ից այն կրկին բացվեց։ Առաջին աշխարհամարտի դժվարին տարիներին Շրվենանցի դպրոցը շարունակում էր գործել՝ Տեր-Մարգարյանցի աջակցությամբ։ 1916-1917 ուստարում դպրոցում սովորում էր 143 աշակերտ։ 1918 թվականին դպրոցը փակվեց պատերազմի և այլ խնդիրների պատճառով:

Դպրոցը վերաբացվեց 1921թ.՝ խորհրդային իշխանության հաստատումից հետո և դարձավ Սյունիքի լավագույն գյուղական դպրոցներից մեկը։ Դպրոցում դասավանդել են մի շարք հայ և արտասահմանցի նշանավոր մասնագետներ և ուսուցիչներ: Դպրոցն ունեցել է նաև պատվավոր շրջանավարտներ:

Արդեն 15 տարի է, ինչ Շրվենանց գյուղի դպրոցը փակ է, չի գործում: Պատմական ու հայ իրականութան մեջ գործած ամենաբացառիկ դպրոցներից մեկն այս պահին քանդվում է, սակայն քանդվող դպրոցի պատերի ներսում, դատարկության մեջ շարունակում է լսվել դպրոցի անցյալի մեծ պատմության ձայնը:

Հետաքրքրական է, որ դպրոցն իր գործունեության տարբեր շրջաններում թղթային տարբերակով հարցազրույց է վերցրել իր նախկին շրջանավարտներից, ովքեր պատմել են դպրոցի մասին: Շրվենանց դպրոցի 1939-1940 ուսումնական տարվա շրջանավարտ Բախշյան Վարդուհին այն բացառիկ շրջանավարտներից է, ով պատմել է իր ուսման տարիների, անցյալի հիշողությունների մասին:

Թեև մեր ձեռքի տակ հայտնված բացառիկ այս արխիվային փաստաթղթի թվականը նշված չէ, այնուամենայնիվ կարելի է ենթադրել, որ այն գրված է ավելի վաղ շրջանում, քանի որ հարց ու պատասխանն արված է հասուն տարիքում: Դա է փաստում նաև թղթին փակցված նախկին շրջանավարտի լուսանկարը, որում երևում է, որ նա հասուն տարիքում է:

Ստորև ներկայացնում ենք Շրվենանց դպրոցի մասին դպրոցի շրջանավարտի անկեղծ հարցուպատասխանը.

«Հարց- Երկու խոսք դպրոցի մասին:

Պատասխան- Դպրոցը, որտեղ աշխատում եմ ես, գտնվում է քաղաքի կենտրոնում, Սպանդարյան շրջանում: Այն կրում է հայ հեղափոխական բանաստեղծ Հ. Հակոբյանի անունը: Դպրոցն ունի 650 աշակերտ՝ քսան դասարանով:

Հարց- Ուսումնառության տարիների ամենավառ հուշը:

Պատասխան- Ուսումնառության տարիների ամենավառ հուշը, որ այնուհետև ուղեկցել է ինձ, կապված է եղել ավարտական դասարանի հետ, ուր ես մտավորապես և գաղափարապես ավելի հասունացա, վերջնականապես կողմնորոշվեցի ապագա մասնագիտության հարցում և ստացա ատեստատ:

Հարց- Ձեր սիրելի ուսուցիչ(ուհի)ը:

Պատասխան- Հ. Ղազարյան, Ստ. Սահակյան, Վ. Ավագյան, Գր. Նալբանդյան:

Հարց- Երկու խոսք Ձեր ընտրած մասնագիտության մասին:

Պատասխան- Ես ընտրել եմ բանասերի մասնագիտությունը, մայրենի լեզու և գրականություն եմ դասավանդում VI-X դաս.: Գոհ եմ ընտրածս մասնագիտությունից, քանի որ գրականությունը դիտում եմ՝ որպես մարդագիտություն, իսկ լեզուն, նրա լավ յուրացումը՝ մյուս գիտելիքների հաջող յուրացման միջոց:

Հարց- Ինչպիսի՞ն կուզենայիք լինեն այսօրվա աղջիկն ու պատանին:

Պատասխան- Ամենից առաջ քայլել ժամանակի պահանջների թելադրանքով, իսկ դրա համար մտահոգվել համակողմանի զարգացմամբ, զերծ մնալ եսասիրությունից, ինֆորմացիայի հզոր աղբյուրներից զատ, սովորել կյանքից, վերցնելով այն, ինչ մարդկային է ու ազնիվ, իսկ ամենից առաջ օգտվել գեղարվեստական գրականությունից, քանզի այն դիտում եմ՝ որպես սինթետիկ (ինչպես կինոն է) արվեստ ու գիտություն, մի գիտություն, որն առավել կամ պակաս չափով ներառում է մյուս գիտությունների տարրերը»:

Զ. Շուշեցի

 

Տեսանյութեր

Լրահոս