
«Մտել են գյուղ, մեքենաներն արագ վարում են՝ իջնում ու բարձրանում, ասում են՝ պիտի կնանիքին տանենք բաժին». Վերին Դվինում տեղի ունեցածի հետքերով

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ասորական համայնքի ներկայացուցիչ Զեմֆիրա Միրզոևան առավոտյան ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել՝ հրավիրելով պատկան մարմինների և լրատվամիջոցների ուշադրությունը, քանի որ նրան դիմել էին Վերին Դվինի բնակիչները՝ ահազանգելով, որ պարեկներն անօրինական գործողություններ են իրականացնում գյուղում։
Տեղի ունեցածի վերաբերյալ Վերին Դվինի բնակիչները 168.am-ին պատմեցին, որ վաղ առավոտյան ոստիկանները, պարեկները մտել են գյուղ, սկսել են մտնել տներ ու մարդկանց տանել։
«Մտել են գյուղ, արագ վարում են իրենց մեքենաները, իջնում ու բարձրանում են։ Վերջն այնպես եղավ, որ ժողովուրդը հավաքվեց, թե՝ այս ի՞նչ եք ուզում։ Մի քանի օր առաջ Արևաշատում ինչ-որ կռիվ է եղել, ինչ-որ հանգամանքներ են ուզում պարզել։
Հասկացանք՝ կռիվ է եղել, թող նորմալ իրենց աշխատանքը կատարեն, բա այսպե՞ս կմտնեն գյուղ, բոլորին կանգնեցնում են, չգիտեն՝ ով է, ինչ է։ Ոստիկաններն իրենց մեքենաները նույնիսկ 120 կմ/ժ արագությամբ էին վարում գյուղում։ Մենք փակեցինք գյուղի ճանապարհը, ոստիկանության աշխատակիցներից մեկը քաղաքացիական հագուստով էր, հարցրեցի՝ տեռո՞ր եք անում, ինձ պատասխանում է՝ «լավ եմ անում, հա, տեռոր եմ անում, ինչ ուզեմ՝ կանեմ»։
Հետո նույն մարդն ինձ ասում է՝ «արի գնանք, խոսենք», պատասխանեցի, որ ես տեռորիստի հետ խոսելու բան չունեմ։ Այդ մարդը պետք է ներողություն խնդրի ժողովրդից»,- նշեց գյուղի բնակիչներից մեկը։
Նրա խոսքով՝ գյուղից նույնիսկ կանանց են բաժին տարել, միջադեպի վերաբերյալ հարցեր տվել, ու ազատ են թողել։
«Սա գյուղ է, ժողովուրդ է ապրում, երեխաներ, կանայք, այդպե՞ս են քշում մեքենան գյուղի մեջ։ Իմ տեղեկություններով՝ գյուղից 7 հոգի տարել են, մեքենա էլ են տարել, ակտ են գրել։
Սրանց վարվելը օրինական չէ, ինչ ուզում՝ անում են»,- հավելեց նա։
Բնակիչներից մեկն էլ փոխանցեց, որ իր կնոջը ևս ցանկացել են բաժին տանել։
«Եկել ասում են՝ տղաներդ ո՞ւր են, ասում եմ՝ դաշտում են, տղաներս ոչ մի բան չեն արել։ Ասում եմ՝ ես կարող եմ գալ ոստիկանություն, տեսնեմ՝ ինչ է եղել, ինձ ասում են՝ չէ, կնոջդ պետք է տանենք, կինս էլ ասաց՝ չի գնալու, բայց ի՞նչ իրավունքով իմ կնոջը պետք է վերցնեն, տանեն։
Երեկ նորից մի քանի կնոջ են մեր գյուղից տարել բաժին, մտնում են տուն ու ասում՝ պիտի կնանիքին տանենք։ Մտել տուն են խուզարկում, հարսները, երեխեքը տանը քնած են, ի՞նչ իրավունքով են տուն մտնում»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Վերին Դվին համայնքի ղեկավար Լյուդմիլա Պետրովան էլ 168.am-ի հետ զրույցում ասաց, որ գյուղում արտառոց որևէ բան չի եղել, պարզապես կողքի գյուղում միջադեպ է եղել, դրանով պայմանավորված՝ գյուղ ոստիկաններ են եկել։ Այլ մանրամասներ նա չհայտնեց։
ՆԳՆ-ից էլ դեպքի առնչությամբ մեզ փոխանցեցին, որ խուլիգանության փաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են Արևաշատ համայնքի բնակիչներ, նույն վարույթի շրջանակում այս պահին ոստիկաններն իրականացնում են դեպքի հետ առնչություն ունեցող մյուս կողմի մի քանի անձանց ձերբակալություններ Վերին Դվին համայնքում։