
«Փաշինյանը սեփական իշխանությունը պահելու համար ամեն ինչի պատրաստ է, նույնը ես չեմ տեսնում հակառակ ճամբարում, դրա համար ինքն էլ մնում է իշխանության». Արամայիս Աղաբեկյան

Օրերս հայտնի դարձավ, որ Հայաստանի իշխանությունը հետ է պահանջում ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության շենքը։
Այսպիսով՝ Գլխավոր դատախազությունը հուլիսի 15-ին Կադաստրի կոմիտեի դեմ հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևան քաղաքի Ն. Զարյան փողոցի թիվ 17Ա հասցեում գտնվող շինության նկատմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սեփականության իրավունքի պետական գրանցումը։
Ըստ Կադաստրի Կոմիտեի ինքնաշխատ եղանակով ստացված տվյալների՝ նշված գույքի նկատմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սեփականության իրավունքը գրանցվել է 2017թ. մարտի 20-ին։
Անշարժ գույքը, որի հետ կապված իրավունքները վիճարկում է Գլխավոր դատախազությունը, տարիներ շարունակ եղել է ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության շենքը։ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո փաստացի այն Արցախի պաշտոնյաների գործունեության և Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հետ կապ պահելու միակ տարածքն է։
Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանի դիտարկմամբ՝ պարզ է, որ սա պարզապես շենքի հարց չէ, ավելին՝ իշխանություններն իրենց այս քայլերն անելու ընթացքում ամեն կերպ փորձում են ցույց տալ, որ շենքի ու քարի խնդիրը չէ, որպեսզի դրանով ադրբեջանական կողմի «խաղաղության» շրջանակների մեջ հերթական քայլն անեն։ Այլ կերպ ասած, փորձում են Ադրբեջանին ցույց տալ, որ պատրաստ են խաղի այն կանոններին, որոնք դրել է սեղանին։
«Խելքը գլխին իշխանության դեպքում պետք է ամեն ինչ արվեր, որպեսզի Արցախի իշխանությունները ոչ միայն մնային, այլև հնարավորություն ունենային ծավալելու բնականոն գործունեություն, իսկ Հայաստանն էլ այդ դեպքում կպնդեր, թե որևէ բան չի անում, արցախահայերն իրենց գործն անում են։ Ինչպես, օրինակ, հիմա Ադրբեջանն է անում ոչ մի լեգիտիմություն չունեցող, միջազգային իրավունքով դատապարտելի և միայն թուրքական աշխարհի կողմից ընդունված «Արևմտյան Ադրբեջան» կոչվածի հետ, այդ անունով հեռուստատեսություն է ստեղծել, միջազգային կառույցներին դիմելու հնարավորություններ և այլն։
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի այդ «Արևմտյան Ադրբեջան» կոչվածը գոնե տեղեկատվական տեսանկյունից բերի միջազգային հարթակ ու քննարկի։ Եթե նույնիսկ այսօր ինչ-որ կառույց ասում է, որ դա իրենց համար անընդունելի է, միևնույն է, նշանակում է՝ տվյալ տերմինը շրջանառում է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արամայիս Աղաբեկյանը։
Նրա կարծիքով՝ այստեղ շատ կարևոր նրբություն կա. ՀՀ օրվա իշխանությունների ներկայիս դիրքորոշման պայմաններում՝ Արցախի իշխանությունների և այլ անձանց կողմից պետք չէ Արցախի ներկայացուցչության շենքը ֆետիշացնել։ Եթե իշխանությունը որոշել է, որ այդ շենքը վերցնելու է, ուրեմն՝ կվերցնի։
«Հիմա, եթե այդ շենքը վերցրեցին, ի՞նչ, աշխարհի վե՞րջն է, դրանով Արցախի հարցը վերջնականապես փակվե՞լ է, իհարկե ոչ։ Գետնի վրա Արցախը կորցնելուց հետո այդ շենքին չպետք է մեծ նշանակություն տալ ու կանգ առնել։ Մի փոքր գրասենյակում կարելի է շատ մեծ աշխատանք տանել, որ բոլորը խելագարված այս ու այն կողմ վազեն, կարող է նաև այդ մեծ շենքում նստեն ու լուռ մնան։
Քաղաքական գործունեությունը, առավել ևս՝ այն պայմաններում, երբ սոցիալական ու այլ տիպի խնդիրներ լուծելու հնարավորություն չկա, շենքով չպետք է պայմանավորել»,- հավելեց Արցախի ԱԺ պատգամավորը։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ինքը չի ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում, այլ ճանաչել է Հայաստանը, Արամայիս Աղաբեկյանը նախ հիշեցրեց՝ «Նիկոլ Փաշինյանը «պորտը կտրած» մանիպուլյատոր է»։
«Այդ մարդն ասում է՝ ես Արցախը տվել եմ, Հայաստանն ազատագրել եմ, իր ողջ քաղաքականության բովանդակության հիմքում սա է դրված։ Եթե ինքն ասում է՝ ես ավելի շուտ պետք է ճանաչեի Արցախն Ադրբեջանի կազմում, նշանակում է, որ ինքն է այդ գործի մեջ մեծ ներդրում ունեցել։ Ցանկացած իշխանության ժամանակ, եթե որևէ բան է տեղի ունեցել, տրամաբանորեն դրա ամբողջ պատասխանատվությունն ինքն է կրում։ Թե նախկիններն ինչ են արել կամ ինչ չեն արել, կապ չունի, դու ես եկել իշխանության ու որոշակի հռետորաբանություն ես օգտագործել։ Եթե տեսել ես՝ դրա հիմքը չկա, բայց օգտագործել ես, ամբողջ պատասխանատվությունը քեզ վրա է մնում։ Ամեն անգամ կերակրում է «նախկինների» թեզով։
Տեղեկատվական առումով ինքը ճիշտ է աշխատում ու մի քանի քայլ առաջ է և դրանով կարողանում է անգամ ամենադժվար թեզը «տեղավորել»»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Նա վստահ է՝ Նիկոլ Փաշինյանը քաղաքական այնպիսի պարտավորությունների մեջ է մտել, որ իշխանությունը պահելու համար ամեն ինչի պատրաստ է՝ իր՝ իշխանությունը պահելու շահերն ու ՀՀ շահերը չեն համընկնում։
«Իրավական ճանապարհով Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար կա՛մ պետք է ԱԺ-ում անվստահության գործընթաց սկսվի, կա՛մ նա հրաժարական տա։ Բայց տեսանք, որ անվստահության գործընթացի հետ կապված չկա այդ կոնսոլիդացիան, հետևաբար՝ Նիկոլ Փաշինյանն ինչ մակարդակում պատրաստ է իր իշխանությունը պահի, այդ մակարդակում իրենից իշխանությունը վերցնելու քաղաքական կամք չեմ տեսնում։ Նա սեփական իշխանությունը պահելու համար ամեն ինչի պատրաստ է, նույնը ես չեմ տեսնում հակառակ ճամբարում, դրա համար ինքն էլ մնում է իշխանության։
Տանը նստած սովորական քաղաքացին, որը զզված է այս իշխանություններից, տեսնում է մեկին, ով պատրաստ է ինքնազոհության հանուն սեփական իշխանության, և չի տեսնում որևէ մեկին, որը պատրաստ է գնալու մինչև վերջ հանուն նրա, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա։ Երբ լինի նրան հավասար մեկը, որը կգնա ինքնազոհության՝ այդ իշխանափոխությունը տեղի կունենա»,- նշեց պատգամավորը։
Նա միաժամանակ ընդգծեց, որ Սամվել Կարապետյանի հետ հույս է կապում, քանի որ նա հստակ հայտարարեց, որ «թքած ունի ՀԷՑ-ի վրա, մինչև վերջ գնալու է»։ Սամվել Կարապետյանը չի թիրախավորում նաև ընդդիմության առանձին ճյուղերի, մինչդեռ ընդդիմությունն այսօր իրար է թիրախավորում, որի միակ շահառուն դառնում է Նիկոլ Փաշինյանը։