Հայ քանդակագործն ու Հայաստանում պահվող Լենինի, Տոլստոյի, Մայակովսկու մահվան դիմակները

Աշխարհում շատ են տարօրինակ թանգարանները։ Կան նաև թանգարաններ, որոնք սարսափելի են, ու ոչ բոլորն են ցանկանում այցելել այդ թանգարանները։ Օրինակ, Իտալիայում է գտնվում Քրեական թանգարանը, որում ցուցադրվում են մարդկային գանգեր, դիակներ, մարդու մարմնի մասեր։ 19-րդ դարավերջին բացված այդ թանգարանը մինչ օրս գրավում է զբոսաշրջիկներին։ Շատ հաճախ մենք լսում ենք նմանատիպ թանգարանների մասին ու ափսոսանք հայտնում, որ Հայաստանում չկան նմանատիպ թանգարաններ։ Սակայն իրականում պետք է նշենք, որ Հայաստանում կա նմանատիպ մեկ թանգարան, որն իրենից ներկայացնում է նաև պատմամշակութային մի մեծ արժեք։ Զարմանալի է, որ հայերն այդ թանգարան գրեթե չեն այցելում, սակայն հայերի փոխարեն՝ այդ թանգարանի մշտական այցելուներն են ռուսները, ովքեր հազարավոր կիլոմետրեր են կտրում ու հասնում Գյումրի քաղաք, որպեսզի տեսնեն իրենց ազգի մեծերի մահվան դիմակները։

Եթե մի օր գնաք Գյումրի, հայտնվեք մի թանգարանում, որտեղ մահացած մարդկանց մահվան դիմակներ են, ու սարսափելի երաժշտություն, ապա դուք գտնվում եք հայտնի քանդակագործ Սերգեյ Մերկուրովի թանգարանում։ Մերկուրովին դժվար թե ճանաչի ժամանակակից հայ երիտասարդը, քանի որ նա չի տեսել Լենինի արձանը, որ տեղադրված էր ներկայիս Հանրապետության հրապարակում։ Զարմանալի է, որ Մերկուրովն իր կենդանության օրոք արձանն իրականում տեղադրված չի տեսել, այլ ծանոթացել է միայն լուսանկարներով։ ԽՍՀՄ ժամանակաշրջանում հազարավոր մարդիկ գալիս էին Հայաստան Լենինի արձանը տեսնելու համար։ Այն համարվում էր ԽՍՀՄ քանդակագործության գլուխգործոցը։ Սակայն Մերկուրովը չէր սահմանափակվում միայն մարդկանց քանդակներով։ Նա նաև մահվան դիմակների վարպետ էր։

Գյումրիում ծնված Մերկուրովը Թիֆլիսի ռեալական դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտ։ 1902 թվականին սովորում է Ցյուրիխի համալսարանում։ Նրա կյանքում շրջադարձային է լինում 1905 թվականը, երբ Մյունխենի գեղարվեստի ակադեմիան ավարտելուց հետո տեղափոխվում է և ապրում Փարիզում։ Նա Փարիզում դառնում է Օգյուստ Ռոդենի աշակերտը։ Ռոդենի հետ շփումն ու աշակերտությունը խորը հետք է թողնում Մերկուրովի ստեղծագործության ու կյանքի վրա, և շատ արվեստաբաններ Մերկուրովի քանդակներում տեսնում են ռոդենյան ձեռագիրը։

Մերկուրովի առաջին աշխատանքներից է լինում Խրիմյան Հայրիկի մահվան դիմակը։ 1907 թվականին մահանում է Խրիմյան հայրիկը, և միակ մարդը, ով ստացել էր քանդակագործի ակադեմիական ուսում՝ Մերկուրովն էր, և հենց նա էլ հանում է Խրիմյան Հայրիկի մահվան դիմակը։ 1910 թվականին՝ Տոլստոյի դիմակը։ Այդ շրջանում Տոլստոյը եկեղեցուն քննադատում էր, և արգելեցին, որ նրան թաղեն քրիստոնեական սովորույթներով։ Տոլստոյի «խղճուկ» թաղման մասին հուշ ունի նաև Վահան Տերյանը․

«Տոլստոյի թաղմանը չէր մասնակցում ամբողջ Ռուսաստանը, իսկ մինչդեռ պետք է մասնակցեր ամբողջ աշխարհը․․․․

Հանդեսը ավելի քան սովորական էր, նման մյուս այդ տեսակ հանդեսներին, մինչդեռ Տոլստոյը միակն է և նմանը չունի։ Թաղման հանդեսին ներկա եղած գյուղացիների մեջ ես առանձնակի հուզմունք չնկատեցի։ Նրանք եկել էին թաղելու Տոլստոյին ոչ իբրև մի մարգարեի, այլ իբրև իրենց ծեր «աղային», «բարի կալվածատիրոջը»։ Մինչդեռ Տոլստոյը ամենից քիչ այդ րոպեին աղա կամ կալվածատեր կարող էր համարվել․․․․․։»

Տոլստոյին թաղել են հայ ուսանողները ու հրավիրել են Մերկուրովին, ով հանել է Տոլստոյի մահվան դիմակը։ Շվեյցարիայում Մերկուրովը շփվել էր Լենինի հետ, և Լենինի մահից հետո կանչում են Մերկուրովին, և նա հանում է Լենինի մահվան դիմակը։ Մինչև Մերկուրովին կանչելը մեկ ուրիշն է փորձել անել դա, սակայն դիմակը ստացվել է շատ վատ։ Կարճ ժամանակ անց Մերկուրովին են վստահում ռուս նշանավոր մարդկանց մահվան դիմակները հանելու առաքելությունը։ Մերկուրովի ձեռքին են պատկանում Վլադիմիր Մայակովսկու, Մաքսիմ Գորկու, Ալեքսեյ Տոլստոյի, Միխայիլ Բուլգակովի, Անտոն Մակարենկոյի մահվան դիմակները։ Մերկուրովը հանել է նաև ռուս ու այլազգի հասարակական և քաղաքական գործիչների մահվան դիմակները՝ Յակով Սվերդլովի, Ռոզալիա Զեմլյաչկայի, Բորիս Ասաֆևի և այլոց։ Այս ցանկը կարելի է երկար շարունակել։ Եվ այս ամենին պիտի ավելացնենք նաև հայ մեծերի մահվան դիմակները։ Հատկապես Հովհաննես Թումանյանի դիմակը, որում ամփոփված է մեծ բանաստեղծի կյանքի վերջին շրջանի տառապանքն ու ցավը։ Հատկանշական է, որ թանգարանում պահվում են նաև դիմակներ, որոնք անհայտ են։

Վերոնշյալ ցանկից Հայաստանում չի գտնվում միայն Միխայիլ Բուլգակովի մահվան դիմակը։ Պետք է նշենք, որ այս դիմակները սովետական ժամանակաշրջանում Հայաստան են տեղափոխվել վագոններով։ Եվ այս անգին արժեքը, մեծ փորձություններից հետո, ի վերջո, հասավ Հայաստան։ Սակայն այն հիմա մատնված է անտարբերության՝ այնպես, ինչպես մեր գրադարակներում՝ Թումանյանի, Տոլստոյի ու Բուլգակովի գրքերը։ Իսկ Լենինի քանդակի մասին խոսելն արդեն իսկ ավելորդ է։

Շարունակելի․․․

Զ Շուշեցի

Տեսանյութեր

Լրահոս