«Որ մի փոքր օրիգինալ լինեք, և՛ ձեր հյուրերը ձեզնից գոհ կմնան, և՛ թունավորումներ չեք ունենա». Դավիթ Պիպոյան
«Սննդամթերքի անվտանգության ոլորտում կան գլոբալ համակարգային խնդիրներ»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը:
«Դուք կարող է խնդիր տեսնեք, ասեք՝ տեսեք, այս տարի դպրոցում եղավ թունավորման դեպք կամ չթույլատրված ապրանքի իրացման դեպք, եթե հետագծելիության համակարգ չի ներդրվում, որպեսզի բացառվի չգրանցված օպերատորների ապրանքի շուկա հանումը, անվտանգության համակարգ չունեցող տնտեսվարողի կողմից բիզնես գործունեություն ծավալելու երևույթը, մենք ունենալու ենք այդ խնդիրները»,- նշեց նա՝ ընդգծելով, որ օրենքով ամրագրված են բոլոր դրույթները, բայց դա բավարար չէ:
«Պետությունը պետք է իրականացնի պատշաճ և խիստ վերահսկողություն այս ոլորտում: Բոլոր բարեփոխումները ցավոտ են անցնում, և հենց այս է խնդիրը, որ բարեփոխումների իրականացման ժամանակ ամբողջ աշխարհն անում է պիլոտային հետազոտություններ, հետո դրանց խնդիրներն է ուսումնասիրում, սոցիալական ազդեցությունը, որպեսզի պետությունը մեղմման քաղաքականություն վարի, ոլորտ-ոլորտ խնդիրները կարգավորի: Պետությունը, թույլատրելով, որ օրենքի խախտմամբ աշխատեն տնտեսվարող սուբյեկտները, արջի ծառայություն է մատուցում ոչ միայն տնտեսվարողներին, այլև հանրային առողջապահական վնասների պատասխանատուն է»,- ընդգծեց նա:
Դավիթ Պիպոյանի խոսքով՝ կենդանական ծագում ունեցող մթերքները բարձր ռիսկայնության են և ավելի մեծ վտանգ են ներկայացնում. «Մեզ մոտ խնդիրների ճնշող մեծամասնությունը գալիս է առաջնային արտադրությունից: Մենք ունենք մանր մասնատված ֆերմերային տնտեսություններ, և անվտանգության համակարգեր, որոնք ամբողջ աշխարհը ներդնում է առաջնային արտադրությունում, որպեսզի կանխարգելի հետկենսաբանական, քիմիական, ֆիզիկական ռիսկերի ներթափանցումը հաջորդ փուլ: Այսինքն՝ վերամշակման արտադրամաս, և հետո՝ իրացման ցանց, մեզ մոտ արդեն շատ վատ վիճակում է գտնվում: Հենց այստեղից են գալիս բոլոր խնդիրները: Վերցնենք կաթնամթերքի արտադրությունը. եթե հումքն արդեն եկել է ոչ պատշաճ կթով, հիգիենան չի պահպանվել, տեղափոխման ժամանակ սառեցման ագրեգատներ չեն օգտագործվել, վերամշակման փուլում ուզում եք՝ գնացեք և ձեռք բերեք նորագույն վերջին ճիչով և տեխնոլոգիաներով պատրաստված գործարանը, դուք չեք կարող ունենալ որակյալ և անվտանգ կաթնամթերք, եթե այդ հումքը պարունակում է հակաբիոտիկ»:
Սննդագիտության դոկտորը շեշտեց՝ տրանս-ճարպաթթուները, իրենց հերթին՝ առաջացնում են հանրային առողջապահական խնդիրներ. «Մարդը, որ ձեռք է բերում պաղպաղակ, կարողանում է հասկանալ, որ բուսայուղով պաղպաղակը 100 դրամ է, մյուսը, բնական է՝ 300 դրամ է: Բայց այստեղ ունենք կարևոր խնդիր, որ հանրային իրազեկման միջոցով պետք է հանրության ներկայացնել, որ ավելի լավ է օգտագործել մեկ անգամ, բայց բնական պաղպաղակ, քան շաբաթական երեք անգամ՝ բուսայուղով, տրանս ճարպաթթուներ պարունակող պաղպաղակ»:
Նա ընդգծեց՝ այն երկրներում, որտեղ սոցիալական խնդիրները շատ են, և մարդկանց, առաջին հերթին, գինն է հետաքրքրում, խնդիրների լուծումը լինում է շատ բարդ. «Բոլոր տիպի անվտանգության համակարգերի ներդրումը բերելու է 20 տոկոս գնաճի, որին այսօր, ցավոք, մեր ազգաբնակչությունը պատրաստ չէ»:
Տոնական օրերին սննդային թունավորումներից խուսափելու համար նա քաղաքացիներին խորհուրդ տվեց պահպանել սննդամթերքի անվտանգության և սնման կանոնները. «Խորհուրդ կտամ կարճ պիտանելիության ժամկետ ունեցող ուտելիքները Նոր տարվա սեղանից հանել, մասնավորապես՝ մայոնեզով, թթվասերով պատրաստվող աղցանները, որոնք նաև պարունակում են ձու, հավի կրծքամիս: Հոգնել ենք այդ ավանդական աղցաններից, կրեատիվ եղեք, ավելի լավ է՝ կանաչեղենով, հազարով թարմ աղցաններ պատրաստեք: Որ մի փոքր օրիգինալ լինեք, և՛ ձեր հյուրերը ձեզնից գոհ կմնան, և՛ թունավորումներ չեք ունենա»:
Ինչ վերաբերում է խոզի ազդրամսին, ապա այն, ըստ նրա՝ պետք է պահպանել սառը և հով տեղում. «Եթե գիտեք, որ հունվարի 1-ին և 2-ին փոքր թվով հյուրեր եք ունենում, նախ՝ ավելի լավ է պահպանեք սառը տեղում, և երբ հյուրերը գան՝ տեղափոխեք սեղանին: Մի խնդիր էլ կա՝ բոլորին թվում է, որ, երբ խոզի ազդրամիսը ծանրացել է և տհաճ հոտ է գալիս, եթե ջերմամշակման ենթարկենք, վտանգը կանցնի. դա բացարձակապես այդպես չէ: Եթե ունենք հին մթերք, որտեղ բացասական փոփոխություններ են տեղի ունեցել, դուք հույս չունենաք, որ ջերմային մշակումը ձեզ փրկելու է թունավորումից կամ ախտաբանական խնդիրներից»:
Մանրամասները՝ 168 TV-ի տեսանյութում