Ով կգնի «նվիրաբերված» գույքը. Կառավարությունը կանգնում է փաստի առջև
Ի սկզբանե էլ պարզ էր, որ կառավարությունը լուրջ խնդիր է ունենալու նախկին սեփականատերերի կողմից պետությանը «նվիրաբերված» կամ պետության կողմից բռնագանձված գույքի համար գնորդ գտնելու առումով։ Հասկանալի է, որ քչերը կցանկանան տեր դառնալ այնպիսի մի գույքի, որը հետագայում լուրջ գլխացավանք կարող է դառնալ իրենց համար։
Այսօր արդեն նման մի օրինակ ունենք` կապված «Բջնի» գործարանի հետ։ Դժվար է ասել, իշխանությունները գիտակցո՞ւմ են դա, թե՞ ոչ, բայց այդ օրինակը կարող է վատ դաս լինել շատերին։
Ինչպես հայտնի է, «Բջնի» գործարանի նախկին սեփականատեր, հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանն օգտվելով այսօրվա իշխանությունների անվերապահ աջակցությունից` փորձում է հետ բերել նախկինում իրեն պատկանող ընկերությունը։ Ժամանակին հարկային պարտավորությունները չկատարելու և պետության նկատմամբ մեծ պարտքեր կուտակելու հիմնավորմամբ` գործարանը բռնագանձվեց և հանվեց վաճառքի։
Առաջին աճուրդում գնորդ չգտնվեց։ Երկրորդի ժամանակ այն ձեռք բերեց նախկին իշխանություններին մոտ կանգնած ոչ պակաս հայտնի գործարար Ռուբեն Հայրապետյանը, ով գործարանի համար վճարեց ավելի քան 4,4 մլրդ դրամ։
Նախկինում Խաչատուր Սուքիասյանը չէր խոսում իր սեփականությունը վերադարձնելու մասին։ Բայց հիմա իրավիճակ է փոխվել։ Այլևս չկա նախկին իշխանությունը, և հիմա արդեն նա համարում է, որ գործարանը խլել են իրենից, ուստի մտադիր է այն հետ բերել։ Ու դրա համար պատրաստվում է իրավական գործընթաց սկսել։
Անկախ նրանից, թե այդ գործընթացն ինչո՞վ կավարտվի, դա վատ նախադեպ է դառնալու պետությանը կամավոր կամ պարտադրված ձևով հանձնված գույքը ձեռք բերելու մտադրություններ ունեցողների համար։ Այսօր արդեն կառավարությունը բախվում է նման խնդրի հետ։ Ու դրա վկայությունն աճուրդի հանված` Ծաղկաձորում գտնվող հայտնի «Գոլդեն Փելես» հյուրանոցն է, որին այդպես էլ ոչ մեկը չուզեցավ մոտ գալ։
Հիշեցնենք, որ իշխանափոխությունից հետո հյուրանոցը պետությանը նվիրաբերեց նախկին սեփականատեր, մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանը։ Ամիսներ առաջ վերջինիս ընտանիքը դիմել էր Պետական գույքի կառավարման վարչությանը` հայտնելով իր մտադրությունների մասին։
Թե ո՞րն էր եղել «Գոլդեն Փելես» հյուրանոցի սեփականատիրոջ նման առատաձեռնության ու մեծահոգության բուն պատճառը, այդպես էլ պարզ չդարձավ։ Ամեն դեպքում, հազիվ թե կարելի է կարծել, որ նա կամավոր կամ զուտ բարի ցանկություններով դրդված է գնացել դրան։ Հատկապես որ, խոսքը բավական թանկ գույքի մասին է. շուրջ 20 հազար քառակուսի մետր շենք-շինություններով` առկա ավելի քան 3,2 հազար միավոր շարժական գույքով և սպասարկման համար հատկացված գրեթե 1,4 հեկտար հողամասով։
Կառավարությունը մտադիր է «Գոլդեն Փելեսը» վաճառել ավելի քան 7,5 մլրդ դրամով կամ առնվազն 15 մլն դոլարով։
Հյուրանոցի առաջին աճուրդը, որը պիտի տեղի ունենար դեկտեմբերի 18-ին, չկայացավ։ Պատճառն այն էր, որ որևէ մեկը ցանկություն չհայտնեց մասնակցել դրան։ Թեև մինչ այդ խոսվում էր, որ դրսից հետաքրքրություններ կան, այնուհանդերձ հետաքրքրություններն այդպես էլ գործնական տեսք չստացան։
Երկրի ներսում նույնիսկ հետաքրքրություններ ներկայացնողներ չեղան։ Չնայած այնպես չէ, որ այդպիսի հնարավորություններ ունեցողներ չկան։
Հյուրանոցի համար գնորդ գտնելու ակնկալիքով` առաջիկայում հավանաբար կառավարությունը ևս մեկ անգամ աճուրդ կհայտարարի։ Բայց դրան զուգահեռ՝ արդեն խոսվում է այն պետության կողմից շահագործելու մասին։
Նման խոսակցությունները, անշուշտ, պատահական չեն. կառավարությունում հավանաբար սկսել են հասկանալ, որ հեշտ չի լինելու գնորդ գտնել այդպիսի մի գույքի համար, որը վաղը վիճահարույց է լինելու։
Որքան էլ հայտարարվի, որ սեփականատերն ինքնակամ է այն նվիրաբերել պետությանը, դա քչերին կարող է համոզիչ թվալ։ Ու եթե «Բջնի» գործարանի պատմությունը կապված է հարկային պարտավորությունների չկատարման հետ, ապա այս դեպքում հայտնի չէ, թե իրականում ի՞նչ է թաքնված հայտարարվող «նվիրատվության» տակ։ Հետագայում շատ ավելի հեշտ է լինելու ասել, որ ստիպել են գնալ նման հարկադրված քայլի։ Այդ ժամանակ խնդիրների առջև է կանգնելու ոչ միայն՝ պետությունը, այլև՝ նոր սեփականատերը։ Եվ սա այսօր դժվար չէ գիտակցել։
«Գոլդեն Փելեսը» դեռ առաջին ծիծեռնակն է։ Առաջիկայում ինչքան նման գույք կարող է ի հայտ գալ, եթե իրականանան կառավարության մտադրությունները` կապված անցումային արդարադատության և վեթինգի հետ։
Չհաշված դեռ գույքահարկը, որով նախատեսվում է ընդհուպ մինչև 8 անգամ ավելացնել հարկային բեռը։ Կասկած չկա, որ դրանից հետո քիչ չեն լինելու այն սեփականատերերը, ովքեր կանգնելու են այդ գինը վճարելու անկարողության առջև։
Սեփականության վերաբաշխումը, անկախ նրանից՝ արդարացի է, թե ոչ, միշտ էլ ցավոտ է լինելու։ Ու քչերը կգտնվեն, որ անցավ գլուխը կդնեն ցավի տակ։
Ոչ մեկը չի կարող երաշխավորել, թե ինչ կարող է լինել վաղը, և չի ստացվելու այնպես, որ մարդիկ հետ պահանջեն իրենց ունեցվածքը։ Այնպես, ինչպես այսօր անում է «Բջնի» գործարանի նախկին սեփականատերը։
Ի վերջո, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հավերժ չէ, ինչ-որ պահից այն, ուզած թե չուզած, չի լինելու, ու այն ժամանակ ջրի երես են ելնելու ոչ միայն կամավոր կամ պարտադիր պետությանը հանձնված գույքի, այլև ֆինանսական միջոցների «բռնագանձումների» հետ կապված մութ պատմությունները։ Այնպես չէ, որ այսօր մարդիկ լռում են, լռելու են նաև վաղը։
Ժամանակն է, որպեսզի մի բան անելուց առաջ կառավարությունը լավ ծանր ու թեթև անի։ Թե չէ, այսօր իրար դեմ հանելով նախկին ու ներկա սեփականատերերին, վատ օրինակ է ստեղծում նրանց համար, ովքեր վաղը կարող են հավակնել պետությանը «նվիրաբերված» գույքի ձեռքբերմանը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ