
Դանիել Իոաննիսյանը «գործ չի տվել», այլ փաստացի ցուցում՝ Քննչական կոմիտեին. գլուխ գովելու տեղ այստեղ ունի, ասել է, արել են

2018թ. իրադարձությունները ցույց տվեցին, որ Հայաստանի քաղաքացիական հասարակություն ասվածը դրամաշնորհների հիման վրա ստեղծված, մի քանի հոգուց կազմված կազմակերպություններ են, որոնք իբր ժողովրդավարական արժեքների և մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում ծրագրեր են իրականացնում` կախված տրամադրված դրամաշնորհի չափից: Գործում են «ոչ մի անձնական բան, միայն բիզնես» սկզբունքով:
Այստեղ արժե հիշեցնել հենց ԱՄՆ Պետդեպի նախկին աշխատակից Մայք Բենցի հարցազրույցները, որոնցում նա ներկայացրել է, թե ինչպես է ԱՄՆ-ի համար ռազմավարական հետաքրքրություն ներկայացնող վայրերում Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) (Central Intelligence Agency-CIA) սերտ համագործակցում քաղհասարակության` հասարակական կազմակերպությունների (ՀԿ) հետ տարբեր ոլորտներում՝ մեդիա, արհմիություններ, համալսարաններ, իրավական ոլորտ՝ օրենքի գերակայության ծրագրերի միջոցով, արվեստի և մշակույթի, կրոնական, ազգային գրեթե բոլոր ինստիտուտներ:
Նրանք ներգրավվում են գունավոր հեղափոխությունների ժամանակ (Վրաստան, Ուկրաինա, և այլ երկրներ, փաստորեն, նաև Հայաստան), միլիարդավոր դոլարների հասնող ֆինանսական աջակցություն է տրվում քաղաքացիական հասարակություն կոչված այդ խմբավորումներին: ԱՄՆ Պետդեպի նախկին աշխատակից Մայք Բենցը նաև պատմել է, որ ընդհուպ «ուկրաինական դասագրքերը և, հետևաբար, ուկրաինացի դպրոցականների մտքերը վերահսկվում են ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից:
Երբ Հայաստանում 2018 թվականի հեղափոխական աղմուկ-աղաղակի մեջ քաղաքացիական հասարակության կազմակերպություններն ու իրավապաշտպանները գլադիատորների նման վեթինգի կոչեր էին անում, հանկարծ դրամաշնորհ բաշխողները հիշեցին, որ կառավարությունն էլ ժողովրդավարության ու եվրոպական արժեքների ներդրման անվան տակ ահագին գումարներ է տարել, և իրենք էլ դրական են գնահատել կատարված աշխատանքը. բա հիմա ո՞նց վեթինգ անեն, դրա անունն ի՞նչ դնեն: Ստացվում է՝ այսքան ժամանակ ուղղակի փո՞ղ են լվացել…
Այն, որ հայկական իրականությունում պարադոքսալ երևույթներն արդեն սովորական բնույթ են կրում, չենք զարմանում, բայց որ պետական կառավարման, առավել ևս՝ արդարադատության համակարգը կարող է հրահանգավորվել քաղաքացիական հասարակություն համարվող Դանիել Իոաննիսյանի կազմակերպության կողմից, արդեն վարկաբեկում է երկու կողմերին էլ:
Այստեղ խոսք չի գնում «գործ տալու» մասին, որի մասին ակտիվորեն խոսում է բարձր քաղաքացիական գիտակցության ահռելի բարձր աստիճան ունեցող այս սուբյեկտը, ով, հիշեցնենք՝ Քովիդ 19-ի համաճարակի ժամանակ ոստիկանի էր դիմել, որ իրեն վարչական պատասխանատվության ենթարկեն առանց դիմակ կրելու փողոց դուրս գալու համար, լավ է, այն ժամանակ ոստիկանը լուրջ չէր ընդունել դա: Դանիել Իոաննիսյանն ընդամենը փորձում է «գործ տալու» թեման մանիպուլացնելով՝ պարզունակ դարձնել բավականին վտանգավոր այս գործընթացը:
Իսկ գործընթացն այդքան էլ բարենպաստ չէ Քննչական կոմիտեի նախագահի համար, ով արդեն իսկ իմիջային անդառնալի կորստի խնդիր ունի: Փաստացի Տեր Արամի հարցազրույցը ՔԿ-ն որպես խնդրահարույց չի դիտարկել, և միայն տևական ժամանակ անց, այն էլ՝ Դանիել Իոաննիսյանի ցուցումով է այդ մասով վարույթ հարուցել:
Ամբողջ հարցն այն է, որ Արագածոտնի թեմի հոգևորականների մասով Հովհաննավանքի քահանա Տեր Արամն է Հանրային հեռուստաալիքով ներկայացրել փաստացի հաղորդում, իսկ «քաղաքացիական հասարակության» ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը քննչական մարմիններին հորդորել է լուրջ վերաբերվել Հովհաննավանքի քահանայի ասածներին, ինչն էլ արվել է քննչական մարմինների կողմից:
Չպետք է մոռանալ, որ ոստիկանության համակարգի կազմալուծման այս փուլում քաղաքացիական հասարակության այս բացառիկ ներկայացուցիչն ԱՄՆ դեսպանության, արդարադատության նախարարության աշխատակից, ներկայումս ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի, Արդարադատության նախկին նախարար, Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Ռուստամ Բադասյանի, նախկին ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանի, Կարեն Անդրեասյանի հետ միասին ստեղծում էին պարեկային ծառայություն, որը, ի դեպ, բոլորովին այլ գործառույթներ պետք է ունենար:
Թե ինչ է կատարվում ՆԳՆ համակարգի հետ այսօր, բոլորն են տեսնում` հանցավորության աննախադեպ աճ, հանցավորության կանխարգելման աշխատանքների տապալում, վարչարարության ու վարչական ակտերի օրինականության սկզբունքի փոխարինում «բյուջե փող բերելու» գործառույթով: Իսկ օրենսդրական նախաձեռնությունների մասով տեսնում ենք, որ ոչ միայն այս կառույցը թքած ունի մարդու իրավունքների պաշտպանության միջազգային ստանդարտների վրա, այլ նույն վարքագիծն են որդեգրել նաև քաղաքացիական հասարակության կազմակերպություններն ու իրավապաշտպանները:
Եվ ինչ, քաղաքացիական հասարակությունն ու իրավապաշտպանները լուռ են, իսկ եվրոպական կառույցները ժողովրդավարացման նոր ծրագրեր են ներկայացնում: Փաստաբանը ցանկանում է մուտք գործել Քննչական կոմիտե իր մասնագիտական գործունեությունն իրականացնելու համար, իսկ Դանիել Իոաննիսյանի ընտրած ու Արփինե Սարգսյանի նշանակած պարեկները, որոնք վեցամսյա արագացված դասընթացներ են անցել, ուղղակի անտեսում են քաղաքացու սահմանադրական ու կոնվենցիոն իրավունքը, որովհետև իրենց Սահմանադրությունն Արփինե Սարգսյանն է, հետո՝ փոխոստիկանապետեր Խուդինյանն ու Ղազարյանը, իսկ բոլորինը միասին վերցրած՝ Նիկոլ Փաշինյանը:
Այնպես որ, իզուր է գործ տալու մասով գլուխ գովում Իոաննիսյանը. ինքը գործ չի տվել, այլ փաստացի ցուցում է տվել՝ քրեական հետապնդում իրականացնելու, որովհետև կարծես թե Քննչական կոմիտեն կարդալու հետ սեր ունի և նույնիսկ համացանցային սոցիալական ցանցերին է հետևում:
Իսկ որ քաղաքացիական հասարակություն և իրավապաշտպան կոչվող սուբյեկտները 2018թ.-ից հետո կիսապետական կառույցներ են, արդեն և՛ փաստ է, և՛ լուռ խորհելու թեմա: