Բաժիններ՝

2020 թվականի արդեն ընդունված պետական բյուջեում որևէ տող չկա Կրթության ազգային ինստիտուտի մասին

Օրերս Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արևիկ Անափիոսյանը Կրթության ազգային ինստիտուտի (ԿԱԻ) նախկին աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ, նորից ասել է, որ հիմնադրամի հիմքի վրա նոր կառույց է ստեղծվում, որը փոքր աշխատակազմ է ունենալու, և բոլոր հաստիքները համալրվելու են մրցույթով։

ԿԳՄՍ-ն 2019թ.փետրվարի 14-ին իր պաշտոնական կայքում անսպասելի հայտարարություն տարածեց, որ ԿԱԻ ՓԲԸ-ն լուծարվելու է, ստեղծվելու է կրթության ընդհանուր ծրագրային հարցերով զբաղվող նոր կառույց: Կրթության ազգային ինստիտուտի նախկին աշխատակիցները 168.am-ին փոխանցեցին. «Գաղափարը նոր չէր, դեռևս 2016թ.-ին էին նման բան որոշել, բայց ոչ թե լուծարել, այլ փոփոխություններ կատարել: Անկեղծ, չենք հասկանում, թե ի՞նչ են ուզում անել: Ինչ վերաբերում է հիմնադրամի հիմքի վրա ստեղծվող կառույցին, այն դեռ սեպտեմբերին պետք է բացվեր, սակայն մինչ օրս որևէ շարժ չկա: Միայն բանավոր խոսակցություններ են այն մասին, որ կանոնադրությունը պետք է փոխվի, հաստատվի: Մեզ ներկայացրել են ապագա հիմնարկի կանոնադրությունից երկու տող, որը հիմնականում կրկնում էր այն գործառույթները, ինչ նախկինում արել էր Կրթության ազգային ինստիտուտը: Միայն տարբերությունն այն էր, որ, եթե առաջ ուսուցիչների վերապատրաստումները ԿԱԻ-ն էր անում, հիմա կազմակերպիչն է անում: Այսինքն, ուրիշ կազմակերպություններ պետք է դիմեն այդ նոր կառույցին, իրենք մրցույթ հայտարարեն, և այլն:

Իսկ ֆինանսավորման մասով 2020թ. պետական բյուջեն հաստատվել է, այնտեղ որևէ տող չկա, որը ցույց է տալիս, որ այդ կառույցը երբևէ կբացվի: Ի դեպ, այս ընթացքում առնվազն 8000 ուսուցիչ չի վերապատրաստվել, դա օրենքով էր և պարտադիր»,- ասացին Կրթության ազգային ինստիտուտի նախկին աշխատակիցները:

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 25-ին, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի առջև հավաքված Կրթության ազգային ինստիտուտի մի խումբ նախկին աշխատակիցներին հանդիպեցլ էր փոխնախարար Արևիկ Անափիոսյանը և ասել էր, որ նախարարությունն այս պահին աշխատում է այդ ուղղությամբ։

«Գոյություն ունեցող հիմնադրամներից մեկի հենքի վրա վերաձևակերպվում է, և ֆունկցիաների մի մասը, որ ԿԱԻ-ն անում էր, իրականացնելու է այն»,- վստահեցրել էր փոխնախարարը։

Նրա խոսքով՝ ինստիտուտի որոշ գործառույթներ իրականացնում է նաև Հանրակրթության վարչությունը, ուստի որոշ հաստիքներ պետք է կրճատվեն։

«Փոքր կազմ է ունենալու, և բոլոր հաստիքները համալրվելու են մրցույթով։ Շատ մեծ էր ինստիտուտի հաստիքների ցանկը՝ շուրջ 340: Կրճատումների արդյունքում շատ գործառույթներ արտապատվիրելու են տարբեր կազմակերպությունների, որոնք կրկին մրցույթով կընտրվեն»,- պարզաբանել է Անափիոսյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս