Բաժիններ՝

1970-ականների ամենասկանդալային տպագրության՝ «Վլադիմիր Իլյիչ Լենին» օրատորիայի մասին

Սլավիկ Չիլոյան պոետի մասին կարելի է անվերջ խոսել, քանի որ այս մարդու, քաղաքացու, բանաստեղծի մասին հուշերն իր նման թափառում են Երևանի փողոցներում, երբեմն՝ Համալսարանի դռներից ներս։ Հիմա նրան հիշում են միայն իր ժամանակակիցներից ոմանք, քանի որ անկախության սերունդն այդպես էլ չգիտի նախորդ դարի ամենախարիզմատիկ պոետներից մեկին։ Չիլոն ուներ բռնկուն բնավորություն, ուներ պողպատյա գաղափարներ, որոնք նա չէր ուրանում, սակայն մեկ շիշ խմիչքի դիմաց պատրաստ էր վաճառել անգամ իր տարիների չարչարանքը՝ «Ռոլանդի երգ»-ի թարգմանությունը։ Չիլոյի կենսագրության ամենաբեղուն շրջանը 70-ականների սկիզբն էր։ 1970 թվականին լրանում էր Լենինի ծննդյան 100-ամյակը։ 1969-ից սկսվեցին նախապատրաստությունները։ ԽՍՀՄ-ում ամեն քար ու ամեն թուփ պիտի պատվեր Լենինյան ոգով։

Այդ թվականին էր, որ Լենինին նկարելու հրաման ստացավ նաև Մինաս Ավետիսյանը, ով, սակայն, տվեց շատ կոշտ պատասխան․ «Լենինն Ապոլոն չի, որ նկարեմ: Նկարիչը բեռնակիր համբալ չի, որ ինչ դնեն շալակին՝ տանի: Չե՛մ նկարել և չե՛մ նկարելու»: Մինասի այս խոսքերը մինչ օրս շատերն են հիշում։ Եվ ո՞վ գիտի, միգուցե հենց այս խոսքերն էին, որ Մինասի համար ճակատագրական դարձան, և արդյունքում՝ եղավ  խորհրդավոր ավտովթարն ու Մինասի մահը։ Դա այդքան էլ կարևոր չէ, քանի որ մնայունը Մինասի նկարչությունն է, ում կտավները և որմնանկարները դեռ կան։ Եվ ի՛նչ հաճելի կլիներ հիմա, որ Մինասի արվեստանոցը հրդեհված չլիներ, ու մոխրացած նկարները հիմա «ողջ» լինեին․․․․

Այդ շրջանում Չիլոյանին չէին տպագրում, քանի որ նա անցանկալի հեղինակ, մարդ էր Երևանի փողոցներում, և միգուցե իրենից վտանգ էր սպառնում սովետական իշխանությունների համար։ Չիլոն որոշեց օգտվել այդ ամենից ու Լենինին օգտագործել՝ իր տպագրության համար։ Նա վերցնում է  իր «Հիսուս Քրիստոս»  օրատորիան և փոխում վերնագիրը՝ «Վլադիմիր Իլյիչ Լենին», և  օրատորիայի շատ հատվածներ։ Արդյունքում այն դառնում է օրատորիա՝ նվիրված Լենինին։

Առաջին հայացքից՝ դա զուտ Լենինի փառաբանությունն էր, սակայն հաշվի առնելով այն, որ Չիլոյի պոեզիայում մեծ դեր ուներ սարկազմը, տրամաբանորեն դա դառնում էր Լենինի չափազանցված գովաբանություն։ Այսպիսի հնարք «Լենինի դեմ» առաջիններից մեկը, ով կիրառել էր՝ Եղիշե Չարենցն էր, ով իր «Լենինն ու Ալին» ստեղծագործության մեջ իրականում ներկայացնում էր, թե Լենինի մահն ինչքան ծանր տարան թուրքերը։ Գրեթե նույն հնարքն էր իրագործել Սլավիկ Չիլոյանը։

«Սովետական Հայաստան» թերթում հրապարակվեց մի հատված Լենինին նվիրված օրատորիայից: Հաջորդ օրն առավոտյան Երևանում հայտնվեց ազգի դավաճան, բանսարկու։ Գրեթե ամբողջ հանրությունը նրա ստեղծագործության մեջ տեսավ հակալենինյան ճառ, սակայն քչերը հասկացան միայն, որ Չիլոյի կողմից արված այս քայլի հիմնական թիրախը տպագրվելն էր միայն։

Իսկ ժամանակակից մարդու, ինչպես նաև՝ անկախության սերնդի ներկայացուցիչների համար շատ դժվար է հասկանալ, թե ինչ է նշանակում՝ այդ թվականներին ներկայացնել հասարակական կյանքը, խոսել և, առավել ևս, գրել խորհրդային իշխանությունների մասին, դա նշանակում էր՝ աչքի դիմաց ունենալ մի ամբողջ հավիտենություն, որ պիտի մաշվեր ու իր վախճանը գտներ Երևանի ուղղիչ տներում։ Դա հավասարազոր էր 16-րդ դարում ապրած իտալացի փիլիսոփա Ջորդանո Բրունոյի այն հայտարարությանը, որ Տիեզերքն անսահմանափակ է, Երկիրը չի հանդիսանում նրա կենտրոնը, ավելին` այն պտտվում է Արեգակի շուրջ, որն էլ իր հերթին՝ հանդիսանում է ընդամենը աստղ: Ու այս ամենի համար Ջորդանոյին ողջ-ողջ այրեցին։ 1937 թվականը ցույց է տվել, թե ինչպես կարող է պատժել այդպիսի մարդկանց։ Այդ թվականը կտրեց հայ գրականության պորտալարը։

Գրական ու հասարակական մթնոլորտը սկսեց ավելի թեժանալ։ Որոշ ժամանակ հետո ձերբակալեցին նրան։ Չիլոյի ժամանակակիցներից ոմանք նշում են, որ գրողը «Սովետական Հայաստանի» խմբագրություն ուղարկել է օրատորիան՝ Սիլվա Կապուտիկյանի անունով։ Իսկ երրորդ վարկածի համաձայն՝ տպագրության բարեհաջող ընթացքի համար միակ մեղավորը «Սովետական Հայաստան» թերթի խմբագիր Խաչիկ Հովակիմյանի դուստր Ժասմենն էր։ Ժասմենն ու Չիլոն մի կարճ ժամանակ նույնիսկ ամուսնացած են եղել, սակայն անտանելի էր ապրել պոետի հետ, քանի որ նա դաժանորեն հարբում էր, անխնա ծեծվում։ Այդ թվականներին հայ արվեստագետների համար հավաքատեղին համարվում էր Առագաստ սրճարանը՝ ներկայիս Պոպլավոկը։

Մեր արվեստագետների համար Պոպլավոկն այնպիսի վայր էր, ինչպիսին ֆրանսիացիների համար՝ «Երկու մագո» սրճարանը, որը գտնվում է Փարիզում։ Այդտեղ էր սիրում նախաճաշել Օսկար Ուայլդը, երբ Լոնդոնից Փարիզ է տեղափոխվում երկու տարվա ազատազրկումից հետո: Սրճարանը հիշում է Ռեմբոյի և Վերլենի վեճերն ու քննարկումները: Էռնեստ Հեմինգուեյը և Ջեյմս Ջոյսն այստեղ էին գալիս խերես խմելու, սակայն «նրանք, ովքեր գրում են Ջոյսի մասին, պնդում են, որ նա շվեյցարական սպիտակ գինիներից բացի՝ այլ բան չէր խմում»։

Լենինին նվիրված օրատորիայի դեպքը, հասարակական հայացքներն ու գրական թեժ մթնոլորտը, ինչպես նաև բանտարկությունն ամբողջությամբ հյուծեցին գրողին, ով արդեն կամաց-կամաց կանխագուշակում էր մոտալուտ վախճանը․

Ես, որպես մի տերև,

որ կանաչ էի՝

այժմ դեղնել եմ

ու գիտեմ, կընկնեմ․․․․

Զ․Շուշեցի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս