Պոեզիան՝ որպես նոր, մաքուր կրոն
Հարցազրույց Սոնա Վանի հետ
– Ձեր հեղինակած «Լիբրետո անապատի համար» ռեքվիեմը կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը վերածել է օպերային երկի, որը հնչեց Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում: Հաջողվե՞լ է համագործակցությունը:
– Գործը հիմնված էր մեծ հորաքրոջս ընդհատված երջանկության, այդ ընդհատված կնոջ ողբերգության վրա, ում հոգին մինչև օրս երկնքում որոնում է իր հարսնաքողը, որ թուրք ժանդարմը ծաղրով դուրս էր շպրտել պատուհանից: Քամին այն տարել էր, փաթաթել հարևան թուրքի ծխնելույզին, որից հետո անհայտացել էր, օդ էր բարձրացել հավանաբար: Սա անապատի վերջին հարսի երկխոսությունն է քամու, ավազի ու Աստծո լռության հետ: Երաժշտական առումով այս ամենը ճիշտ էր ձևակերպված, խոնարհումի ու ողբի, հիշողության ու հույսի հավասարաչափ քանակով, պաթոսով ու լռության նույն չափով, որն իմ մեջ է գտնվում, նաև իմ տողերի մեջ: Ես ուրախ եմ պոեզիայի և երաժշտության այս հիբրիդի ծննդյան համար, որն իր մեջ ունի մնայուն գործ կոչվելու բոլոր արժեքները: Մնում էր, որ ժամանակը վավերացնի այն: Ունկնդրելուց հետո մի ցանկություն ունեի՝ լռել: Երկար ու խոր լռել: Ծափահարելն անգամ թվում էր էթիկորեն սխալ: Կարծում եմ՝ այդ էր պատճառը, որ դահլիճը պարզապես ոտքի կանգնեց ու լռեց:
– Լույս է տեսել Ձեր բանաստեղծությունների «Հայրս ասում է» նոր ժողովածուն: Ի՞նչ է ասում այս խառնակ ժամանակում:
– Սա իմ 7-րդ գիրքն է: Նախորդ գրքում հայրս ասում էր. «Զգուշացիր, աղջիկս, նոր բառ հորինելիս, բառը հաճախ լուրջ է ընդունում իր անվանումը և կայանում է՝ դառնալով մասը հոգուդ, հավատիդ ու ճակատագրիդ»: Իսկ թե ինչ է ասում հայրս այս նոր գրքում, կիմանաք այն ընթերցելուց հետո, որն արդեն գրախանութներում է: Եվ սա գովազդային տող չէ, իրոք կիմանաք:
– Մի բանաստեղծության մեջ Դուք խոստովանում եք, որ հավատում եք խոսքին, բայց վախենում բառ հորինելուց: Փոխարենը՝ օգատգործում եք «հին» ու «անզգույշ» բառեր, որոնք հավատավոր չեն, բաց տանում են իրենց ետևից: Ո՞րն է այդ ընտրության պատճառը: Դա կարելի՞ է ոճ համարել:
– Ես երբևէ չեմ եղել ոճի որոնումի մեջ: Ոճը մարդն է, նրա մատնահետքը, որի եզակիությունից խուսափել անհնար է: Այստեղ արդեն խոստում կա: Սրանք գաղթական բառեր են: Սեփական մշակութային ջրից դուրս նետված բառեր, որոնք ավազի վրա նետված ձկան պես, նախ և առաջ՝ երկկենցաղի այլընտրանքային շնչառությունը զարգացնելու, ողջ մնալու խնդիր ունեն: Գաղթական բառերը չեն կարող հավակնոտ լինել, պսպղուն կամ պերճ: Ցուցամոլ կամ շռայլ: Սա գաղթականի լեզու է, որն օտար հողի վրա իր ինքնությունը հաստատելու, իր գոյությունը սրբագրելու և ավազի հետ կռիվ տալու խոսքի ոճ է: Նաև իր արարողին՝ ինձ, իր տիրույթում պահելու խոսքեր: Չի կարող ինձ էլ կորցնել: Եվ հատկապես չի կարող, ու ես դա զգում եմ: Զգում եմ, թե ինչ է ասում ինձ, և ես այդ նրան թույլ եմ տալիս: Թող ասի՝ ինչ ուզում է: Ես նրա միակ հույսն ու հենասյունն եմ: Ես հաճախ եմ մտածում. Լեզո՞ւն է պահպանում մեզ, թե՞ մենք` լեզուն: Ու եթե մի օր նա որոշի լքել ինձ, ի՞նչ կպատահի: Որոշի ու գնա՝ ասենք:
– Ձեր բանաստեղծություններում կարոտախտ չի զգացվում, թեպետ այնքան ցավով եք խոսում գաղթականության մասին: Ո՞րն է գաղտնիքը:
– Կարոտախտ չի զգացվում, որովհետև այն չկա: Որովհետև չես կարող կարոտել մի բան, որը երբեք չի բացակայել: Ես նույնացել եմ լեզվի հետ, և այսուհետ մենք անբաժան ենք: Իսկ լեզուն ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ հայրենիք: Աշխարհագրությունն ու հողային սահմաններն ինձ միշտ անհեթեթ են թվացել: Մոլորակ է հողը և մոլորակ է մնալու` անկախ մեր ներկայությունից: Ի՞նչ սահմանի մասին է խոսքը, սահմանները միշտ մշակութային ու լեզվական կարող են լինել: Ես արտագաղթել եմ իմ հայրենիքից, իմ լեզվական միջավայրից, հոգուս գոյաջրից: Մնացած առումներով սահմանը խախտելն իմ սիրած զբաղմունքներից է եղել մանկուց: Սոնա… դու նորից ես անցնում սահմանը: Եվ ո՞վ ասաց, որ սա իմ տարածքն է, իսկ սա՝ քո: Ես որքան գիտեմ՝ Աստված սոսկ ջուրն է բաժանել ցամաքից: Անիծվի դրանց վրա առաջին գիծ գծողը, թո՛ւ: Տեսա՞ք, ինչ եղավ…
– Մի քանի միջազգային մրցանակների եք արժանացել, թարգմանվել եք 25 լեզվով, իսկ այս աշնանն էլ Չինաստանում արժանացաք պոեզիայի միջազգային մրցանակի: Մրցանակն ինչ-որ բան փոխո՞ւմ է գրողի կյանքում:
– Ուշադրությունն ու գնահատանքը կնոջ համար ոչ թե ճոխություն է, այլ գոյապայման: Այդ առումով բավարարված եմ և ազատ շնչառության տարածքի գայթակղություն ունեմ: Գիրքս թարգմանվել է չինարեն, այն դրված է ընթերցողի սեղանին: Իմ ամենագեղեցիկ գրքերից մեկն է: Մեծաթիվ ընթերցողներ ունենալը մեծ թվով սրտերի մեջ տեղաշարժվելու հնարավորություն է: Թեպետ երկարակեցության առումով տողը քայլ է՝ ընդամենը 12 հավատավոր ունենալով՝ գոյատևել: 12 առաքյալները կարողացան ապահովել Քրիստոսի խոսքն արդեն 2000 տարի: Եթե խոսքն իր մեջ հորդոր է կրում, այն կգոյատևի: Ընթերցողի թիվը ժամանակի մեջ կոնկրետ կետերում սոսկ թվաբանություն է, որ ապագայում այն հայտնվի մի մեծ զամբյուղում: Ես հավերժության հավակնություն չունեմ: Ես ընդհանրապես չեմ մտածում ոչ մի բանի մասին: Ես պարզապես թույլ եմ տալիս, որ ինձ հետ կատարվի ինչ-որ մի բան: Եթե գլխիս մի բան ընկնի, կասեմ` ուռա՜:
Եթե մի բան ինձ զարմացնի, կասեմ՝ օ՜, եթե մի բան վերապրեմ իմ մեջ, կասեմ` ա՜: Եղբայրս ինձ ծաղրում էր՝ ասելով՝ Սոնա, քեզ ընդամենը 3 տառ է պետք ապրելու համար, ինչի՞դ է պետք ողջ այբբենարանը սովորել: Ու ճիշտ էր: Հարմոնիկ իրականության մեջ այս երեք տառն ու ընդամենը լեզուն` պարը, բավարար կլիներ երջանկության համար: Մինչ այդ հարկավոր է փորձարկել բոլորը` հնչյունի պես զերծ պահելով գործերից պոեզիան՝ որպես նոր, մաքուր կրոն, որպես նոր իրականություն կերտելու ընդունակ արարք: Արտաքին քաոսը ներքին քաոսի անդրադարձն է, ու յուրաքանչյուր ոք պիտի ներգրավվի համընդհանուր ճանաչման հասնելու համար, քանի դեռ ռոբոտը չի սրբագրել մյուսը: Քանի դեռ վերջնականապես չի բթացել վերջին զգացմունքը` վերջինը մարդու մեջ… հայրս ասում էր:
Հարցազրույցը վարեց Հուսիկ Արան