«Հեղափոխական իշխանությունը սկսել է լրջորեն չարաշահել իշխանությունը. բյուջեն մսխվում է». Նարինե Մկրտչյան
«Նոր իշխանությունները եկան առանց քաղաքական օրակարգի, իրենց հետ չբերեցին քաղաքական մտածողություն և քաղաքական պատկերացումներ, այդ իսկ պատճառով այն, ինչ ձևավորվել է Հայաստանում հեղափոխությունից հետո, քիչ առնչություն ունի քաղաքականության հետ, ավելի շատ առնչվում է քաղաքական տեխնոլոգիաների և քաղաքական շոուների հետ»,- «168 TV»-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ նման տեսակետ հայտնեց Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը:
Նրա խոսքով՝ իշխանության վարքագծի հետևանքով Հայաստանում մամուլն աստիճանաբար բևեռացվում է. «Նկատի ունեմ այն, որ հասարակությանը թելադրվող սևերի և սպիտակների այդ քաղաքականությունը մեծ արտացոլում է գտնում նաև մամուլում: Ո՞րն է մամուլի դերը՝ տալ տեղեկատվություն, նաև՝ ձևավորել հասարակական կարծիք: Այդ բևեռացումը շատ վատ է, որովհետև մամուլից փոխանցվում է հասարակությանը, կամ հասարակությունից՝ մամուլ, և ծայրահեղ դրսևորումներ կան մամուլում»:
Նարինե Մկրտչյանի համար թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարբեր մարդիկ են. «Այն հատկությունները, որ ես գնահատում և տեսնում էի անցյալում, այսօր արագորեն պակասում են, որովհետև իշխանությունը, ի վերջո, նաև ծայրահեղ հնարավորությունների, դրսևորումների, մարդուն իրականում տեսնելու հնարավորություն է տալիս, և պետք է ասել, որ նրանք տարբեր մարդիկ են՝ ի վնաս Նիկոլ Փաշինյան վարչապետի»:
Նրա դիտարկմամբ՝ հեղափոխությունը պետք է գար փոխելու իշխանության բնույթը. «Ցավոք, Հայաստանում իշխանության բնույթը չի փոխվել: Հեղափոխությունը նրա համար չէր, որ արտոնյալների մի խումբ փոխարինվեր մեկ այլ խմբով, հեղափոխության նպատակներից մեկն արդարության հաստատումն էր հենց պետական համակարգում: Սակայն, երբ պետական բյուջեին վերաբերվում ես՝ որպես քո սեփական ընտանեկան բյուջեի, ընդ որում՝ նույնիսկ ընտանեկան բյուջեն այդպես չեն ծախսում, չեն մսխում, ապա լուրջ խնդիրներ են առաջանում: Հեղափոխական իշխանությունը սկսել է լրջորեն չարաշահել իշխանությունը»:
Ճշտող հարցին՝ այսինքն՝ բյուջեն կողոպտվո՞ւմ է նախկինի նման, նա պատասխանեց. «Կողոպտման մեթոդները գուցե փոխվել են, որովհետև այն ժամանակ, բացի բյուջե կողոպտելուց, կար նաև «սև դրամարկղի» հասկացությունը, երբ օլիգարխները, մեծահարուստները, տարբեր մարդիկ ուղղակի մուծումներ էին անում, բայց բյուջեի հանդեպ վերաբերմունքը նույնն է: Այսինքն՝ այդ բյուջեն տնօրինում են՝ ինչպես իրենք են ուզում: Հիմա այդ պարգևավճարները, աշխատավարձերի ահռելի բարձրացումը, տարբեր փաստերը գալիս են վկայելու, որ պետական մտածողություն չկա իշխանության մեջ: Դա ամենավտանգավոր բանն է, երբ սկսում ես կորցնել պետականության զգացողությունը և սկսում ես որոշել, որ` եթե դու իշխանություն ես, դու պետություն ես: Պետությունը միայն իրենք չեն, պետությունը նաև մենք ենք: Պետք է պետական ֆինանսներին մոտենալ զգուշորեն, որովհետև, ի վերջո, այս իշխանությունն իշխանության է եկել հանրության աջակցությամբ, հանրության մեծ վստահությամբ, և պետք է արդարացնի այդ վստահությունը: Ամեն օր մսխվում է այդ վստահությունը, ինչպես մեր բյուջեն է մսխվում»:
Մամուլի ազգային ակումբի նախագահից հետաքրքրվեցինք՝ որքանո՞վ է Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունը» բերել արժեքային հեղափոխության, և ինչպե՞ս է գնահատում քաղաքական վերնախավի ձևավորման գործընթացը: «Ի սկզբանե, հեղափոխությունը մեկ նպատակ էր սահմանել՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը, ինչն իրականացավ: Կարճ ժամանակ անց պարզ դարձավ, որ հեղափոխությունը չի բերում արժեքային փոփոխություն: Կային սկզբունքներ, օրինակ՝ արդարության հաստատում, որը չտեսանք, ցավոք: Բայց արժեքային փոփոխություններ չկային: Ես նույնիսկ չգիտեմ՝ ովքե՞ր են այսօր հասարակության հերոսները, արդյո՞ք նրանք այն հերոսները չեն, որոնք երեկ էին: Ես չեմ ուզում անուններ տալ, բայց ցածրակարգ քաղաքականություն սպասարկող մարդիկ հանրության հերոսներն էին: Չի փոխվել ոչինչ: Այս առումով՝ ոչ միայն չեմ տեսնում արժեքային փոփոխություններ, այլև տեսնում եմ գաղափարազրկություն, որն ինչով ասես՝ կարող է լցվել: Հեղափոխությունից նույնիսկ կարճ ժամանակ անց պարզ դարձավ, որ քաղաքական անսկզբունքայնությունը մատուցվում է՝ որպես քաղաքական ճկունություն»,- պարզաբանեց նա:
Ն. Մկրտչյանը շեշտեց՝ այս իշխանությունները ձեռք են բերում բոլոր այն բացասական գծերը, որոնցից հասարակությունը ցանկանում էր ձերբազատվել. «Դա լուրջ հասարակական խնդիր է, որովհետև հասարակությունն ապրում է նաև իշխանության բերած արժեքներով, սկզբունքներով, և ինչպիսին իշխանությունն է, աստիճանաբար, այդպիսին դառնում է նաև հասարակությունը:
Նույնիսկ իշխանությանը մերժող հասարակությունը ձեռք է բերում նույն բացասական հատկությունները: Հասարակությունը պետք է շատ ուշադիր և պահանջկոտ լինի: Այնուամենայնիվ, կարծում եմ՝ հասարակությունն առաջվանը չէ և որոշակի պահանջատեր է, և եթե սխալներն այսպես կուտակվեն, կարծում եմ՝ այս քաղաքական թիմն իշխանությանն արագ հրաժեշտ կտա»:
Ինչ վերաբերում է այս օրերին հասարակական լայն քննարկումների առարկա դարձած ԿԳՄՍ նախարարության ներկայացրած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծին, որով առաջարկվում է Հայոց լեզու, Հայ գրականություն և Հայոց պատմություն առարկաները դարձնել ոչ պարտադիր բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետների համար, Նարինե Մկրտչյանն ասաց, որ, եթե սա քաղաքականություն է, ապա ուղղված է ազգային օրակարգի դեմ, իսկ եթե քաղաքականություն չէ և արվում է կրթությունն ինչ-ինչ կաղապարներից ազատելու համար, ապա, ըստ նրա՝ դա մոլորություն է.
«Ես պահանջում եմ, որ հայոց լեզվի կիրարկման, անաղարտության, նրա դիրքերի ապահովման համար պետական հայեցակարգ մշակվի, որը կապահովի հայոց լեզվի գերակա և անքննարկելի դերը հասարակական, քաղաքական, պետական բոլոր ոլորտներում:
Հայոց պատմության հետ կապված էլ լուրջ խնդիրներ կան: Նախ պետք է հայոց պատմության դասագրքերը ձերբազատել ժամանակի քաղաքական պատեհապաշտությունից և տալ իրական փաստերը, վերլուծությունները: Փոխանակ նախարարությունն այս խնդիրներով զբաղվի, փոխանակ ընդհանրապես փոխի քաղաքացու մտածելակերպը, այն դարձնի ավելի ազգային, զբաղված է հակառակով»:
Բուհական կրթությունը, նրա խոսքով՝ միայն մասնագիտական կրթություն տալը չէ, այլև՝ քաղաքացի ձևավորելը. «Իսկ առանց մայրենի լեզվի լավ իմացության, սեփական ժողովրդի պատմության, լեզվի հանդեպ բարձր ակնածանքի՝ չի կարող լավ քաղաքացի ձևավորվել: Ես երկու շաբաթ առաջ դատի էի տվել «Լեհական ավիաուղիներին», ուղարկել էի անգլերենով լրացված հայցադիմում, և ստանում եմ այնտեղից պատասխան՝ խնդրում ենք ձեր հայցադիմումն ու մնացյալ փաստաթղթերն ուղարկել լեհերենով, քանի որ Լեհաստանում պետական լեզուն լեհերենն է: Եվ սա՝ այն դեպքում, երբ մենք անվերջ կասկածանքով ենք վերաբերվում, որ եվրոպական երկրները կորցնում են իրենց ազգային ինքնությունը: Մենք այս տարածաշրջանում լուրջ խնդիրներ ունենք, մեզ մնացել են ինքնության մի քանի սյուներ, ուզում ենք դրա՞նք էլ ոչնչացնել»:
Մանրամասները՝ «168 TV»-ի տեսանյութում