«Այդ ամենը շատ սիրուն փաթեթավորվում է հայրենասիրությամբ, ազգասիրությամբ, Արցախի հարցով». Արա Պապյան

«Բավականին խառը և դժվար ժամանակաշրջան ենք մենք հիմա ապրում այն առումով, որ իշխանափոխություն կամ հեղափոխություն երևույթը դեռևս չի ամբողջացել, և այնպիսի ոլորտը, ինչպիսին դատաիրավականն է, ցավոք,  լուրջ խնդիրների առջև է բոլորիս կանգնեցրել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց դիվանագետ Արա Պապյանը:

«Բոլոր հարցումները, որոնք կատարվել են նախորդ տարիներին, ցույց են տվել, որ սա ամենակոռումպացված ոլորտն է, բայց այսօր, փաստորեն, դարձել է երկրի միահեծան տերը: 300 դատավորներն են որոշում երկրի ճակատագիրը՝ ով է մեղավոր, ով մեղավոր չէ, ու սա՝ այն պարագայում, երբ մեծ խնդիր կա՝ որոշելու, թե իրենք ինչքանով են արժանի լինել դատավոր ու որոշել որևէ մեկի ճակատագիրը:

Կարծում եմ, այն, ինչ պետք է Նիկոլ Փաշինյանը վաղուց աներ, իհարկե, բավականին ուշացրեց, իսկ հիմա ստիպված է դա անել, քանի որ դատաիրավական ոլորտն ակնհայտորեն դարձել է այն առանցքը, որի շուրջ համախմբվում և ձևավորվում է ռևանշիստական կուռ ուժ: Նրանք մարդիկ են, ովքեր չեն ուզում զրկվել իրենց  արտոնություններից, հնարավորություններից:

Պետք չէ ենթադրել, որ բոլոր մարդիկ են շահագրգռված ու էական փոփոխություններ են ուզում Հայաստանում: Շատ հարցեր իրենց շահերին դեմ են: Իհարկե, այդ ամենը շատ սիրուն փաթեթավորվում է հայրենասիրությամբ, ազգասիրությամբ, Արցախի հարցով»,- հավելեց նա:

Ինչ վերաբերում է  դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելուն՝ դիվանագետը նշեց.

«Vetting-ը կարելի է թարգմանել՝ որպես խորազննում: Երբ որ ձիերը պետք է  սկսեն մրցավազքը,  խորազննում են՝ տեսնեն՝ վնասվածքներ ունի՞, թե՞ ոչ: Արևմուտքում սա տարածված է, գործի ընդունվող բոլոր պաշտոնյաներին Vetting ես անում, ստուգում ես նաև անցած ուղին: Հայաստանում սա պետք է անցկացվի տնտեսական առումով:

Օրինակ, եթե կա դատավոր, և նա Դավիթ Գրիգորյանն է, ով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով աղմկահարույթ որոշում կայացրեց, հիմա, եթե մարդը 83 մլն դրամ նվիրատվություն է ստացել բնամթերքի տեսքով, որը, չեմ հասկանում, թե ի՞նչ է. կաղամբ են նվիրել, գազար… Հիմա մենք, որպես ՀՀ քաղաքացի, իրավունք ունե՞նք իմանալ, թե ո՞վ և ինչո՞ւ է տվել այդ նվերը: Բազմաթիվ դատավորներ, բարձր պաշտոնյաներ, իրենց զավակները, մայրերը, կանայք ու զոքանչները նման նվիրատվություններ են ստացել: Պետք է խորազննել ու բացահայտել մարդու անցած ուղին, իսկ սա պետք է լինի ապաքաղաքական, արդար՝ բոլորի նկատմամբ:

Բոլոր դատավորները պետք է բացատրություն տան, ոչ թե այս Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար  Արգիշտի Քյարամյանը, ով ասում է՝ կոռեկտ չէ, որ հարցնում եք, թե 32 միլիոն դրամ և 46 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն ես ինչու եմ ստացել: Ո՞նց կոռեկտ չէ: Քեզ պաշտոն ենք տալիս, բա  չիմանա՞նք: Կարող է՝ դու ինչ-որ մեկից կաշառք ես վերցրել ու այսօր նրա շահերը պետք է պաշտպանես»:

Հարցին՝ ի՞նչն էր խանգարում վարչապետին՝ այս քայլերը կատարել 6 ամիս առաջ, Արա Պապյանը պատասխանեց.

«Չգիտեմ: Նիկոլ Փաշինյանը ելույթում ասաց, որ հնարավորություն տվեց, որ փոխվեն, բայց դա, կարծում եմ՝ միամտություն է, որովհետև փոխվելու համար մարդիկ անձնապես շահագրգռված պետք է  լինեն:

Արդյո՞ք դատաիրավական ոլորտն այսօր շահագրգռված է լինել ազնիվ և անկախ: Իմ կարծիքով՝ ոչ: Դատավորների մի 30 տոկոսը նախկինում զանգով էր հարցեր լուծում, որի դիմաց ստանում էր  հնարավորություն՝ մի 30 տոկոսն էլ կաշառքով լուծել: Իսկ հիմա իրենց ասում ենք՝ կաշառք չպետք է վերցնես, ազնիվ աշխատես, իսկ դա իր շահերից չի բխում: Եթե օրենսդիր, գործադիր և դատական համակարգերը չզտվեն, չմաքրվեն, և օրենքի գերակայություն չլինի, մեկ ոլորտի խաթարման դեպքում ամբողջը կտուժի»:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս