Իրանը թույլ չի տա իրեն փոխարինել նավթաշուկայում

Իրանը ոչ ոքի թույլ չի տա իրեն փոխարինել նավթաշուկայում: Այդ մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:

«Իրանը ոչ մի երկրի թույլ չի տա իրեն փոխարինել նավթաշուկայում»,- ասել է Մուսավին, նշելով, որ դատապարտում է Բահրեյնի եւ Սաուդյան Արաբիայի դիրքորոշումը, որոնք պաշտպանում են ԱՄՆ-ի պատժամիջոցները Իրանի նավթի արտահանման դեմ:

Ավելի վաղ Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն հայտարարել է, որ ԱՄՆ-ը ու նրա դաշնակիցները մեծ սխալ գործեցին՝ քաղաքականացնելով նավթը եւ այն օգտագործելով որպես զենք: Նա հավելել է, որ Իրանն առավելագույն ջանքեր կգործադրի՝ «խափանելու ԱՄՆ-ի պատժամիջոցները»: Նախարարը նաեւ հայտնել է, որ ԱՄՆ-ը չի կարողանա զրոյի հասցնել իրանական նավթի արտահանումը:

Նա այս հայտարարություններով հանդես է եկել այն բանից հետո, երբ ապրիլի 22-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարեց, որ ԱՄՆ-ը մայիսի սկզբից ոչ մի բացառիկ արտոնյալ ժամանակաշրջան չի նախատեսում այն երկրների համար, որոնք այժմ ամերիկյան պատժամիջոցների գործողության տակ կհայտնվեն Իրանից նավթ գնելու համար: Անցյալ տարվա նոյեմբերին ԱՄՆ-ը 180 օր ժամկետով բացառություն էր արել ութ երկրների ու տարածքների համար, որոնք Իրանից ածխաջրածիններ են ներմուծում, որպեսզի նավթի գների աճ թույլ չտրվի աշխարհում, ինչպես նաեւ ժամանակ տրվի այլընտրանքներ գտնելու համար:

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Իբրահիմ ալ Ասաֆը հայտարարել է, որ թագավորությունը երախտագիտություն է հայտնում իրանական նավթի գնման պատժամիջոցներից բացառությունների վերացման վերաբերյալ ԱՄՆ-ի որոշման առնչությամբ: «Թագավորությունը լիովին պաշտպանում է ԱՄՆ-ի ձեռնարկած քայլերը՝ դրանք համարելով անհրաժեշտ՝ իրանական վարչակարգին հարկադրելու դադարեցնել ապակայունացման քաղաքականությունը, ահաբեկչության օժանդակումն ու հովանավորումն ամբողջ աշխարհում»,- ասել է նա:

Նախարարը նշել է, որ թագավորությունը կշարունակի շուկաների կայունացմանը միտված քաղաքականությունը, իր գործողությունները կհամակարգի նավթի մյուս արտադրողների հետ՝ սպառողներին նավթի համապատասխան մատակարարումների ապահովման նպատակով, ինչպես նաեւ համաշխարհային տնտեսության կայունության եւ աճի ապահովման համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս