Երեխայի նյարդաբանական զարգացման 4 փուլերը
Երեխաները միշտ կզարմացնեն ձեզ: Բազմաթիվ գործոններ գոյություն ունեն, որոնք ազդում են վարքագծի վրա` էլ չասած այն մասին, որ ներքին և արտաքին ուժերը երբեմն կարող են երեխաներին ստիպել գործել նույնիսկ իրենց բնավորությանը հակառակ:
Այն ծնողները, ովքեր լավ են հասկանում, թե երեխաներն ինչպես են զարգանում նյարդաբանական մակարդակում, ավելի լավ են կարողանում ուղղորդել նրանց ուսուցման գործընթացում ու վարքագծային դրսևորումներում:
Ստորև կներկայացնենք երեխաների նյարդաբանական զարգացման փուլերի նկարագրությունը, և դուք կհասկանաք, թե ինչ են դրանք նշանակում երեխաների դաստիարակության համար:
1-ին` սենսոմոտորային փուլ
Դա տեղի է ունենում ծնունդից մինչև 2 տարեկանն ընկած ժամանակահատվածը: Այս փուլում երեխան սովորում է զգալ շրջակա միջավայրն իր զգացմունքների միջոցով: Օբյեկտների ու զգացողությունների հետ ունեցած փորձառության ընթացքում սխալների ու ճիշտ գործողությունների եղանակով նրանք սկսում են յուրացնել իրենց շրջապատող աշխարհը:
Մոտավորապես մեկ տարեկան հասակում երեխան ուսումնասիրում է օբյեկտի մշտականությունը, հասկանում է, որ օբյեկտը շարունակում է գոյություն ունենալ, նույնիսկ, եթե այն լքում է նրա տեսադաշտը:
Երեխաները նույնպես զարգանում են սոցիալական և էմոցիոնալ մակարդակներում, դրա համար էլ աջակցության համար նրանք սովորաբար դիմում են ծնողներին: Եթե դուք երբևէ հանդիպել եք երեխային, ում չեք ճանաչում, դուք հավանաբար նկատել եք, որ երեխան սովորաբար ծնողին է դիմում` հասկանալու համար, թե ինչպես արձագանքել:
Այս գործողությունը կոչվում է սոցիալական հղում կամ սոցիալական ճանաչում:
Առաջին բառը երեխաներն արտաբերում են մոտավորապես 6 ամսականում: Որպեսզի երեխային օգնեք զարգացնել լեզվական հմտությունները, հիշեք, որ նրանք հետևում են ձեր հայացքին:
Խոսելիս համոզվեք, որ դուք բառերը ճիշտ եք կիրառում, բառը լրիվ եք ասում ու այն կիրառում եք քերականորեն ճիշտ նախադասությունների մեջ:
2-6,7 տարեկան հասակում երեխան անցում է կատարում նախաօպերացիոն փուլին:
Այստեղ զարգացած են լեզվական հմտությունները: Երեխան կարող է սկսել սիմվոլների տերմիններով, զարգացնել թվային հասկացողությունը ու սկսել հասկանալ անցյալի և ապագայի միջև եղած տարբերությունը:
Այդ տարիքում երեխաները լավ են գլուխ հանում կոնկրետ իրավիճակներից: Սակայն վերացական հասկացությունները նրանց դժվար են տրվում:
2 տարեկանում նրանք ապշում են այն մտքից, որ ուրիշներն աշխարհը չեն տեսնում այնպես, ինչպես իրենք են տեսնում: Հոգեբանները վստահ են, որ 2 տարեկան երեխաները չեն կարող վերահսկել իրենց էմոցիաները:
Երբ նրանք ընկնում են հիստերիայի մեջ, նրանց շեղելու լավագույն տարբերակը, թերևս, սիրելիքի խաղալիքի առկայությունն է:
Որպեսզի երեխաներին օգնեն զարգացնել էմպատիան, ծնողները կարող են աշխատել երեխայի մտածողության զարգացման ուղղությամբ: Դա կօգնի նրանց հասկանալ ուրիշների տեսակետը:
Մյուս տակտիկան այն է, որ երեխայի համար կարդան այնպիսի պատմություններ, ուր նրանք պետք է իրենց դնեն այդ պատմության հերոսների տեղում:
6-7 տարեկանից սկսած` մինչև 11-12 տարեկանը երեխան մտնում է կոնկրետ օպերացիաների փուլ:
7 տարեկան հասակը համարվում է խելամտության տարիք: Այստեղ երեխան կարող է հասկանալ վերացական հասկացություններ, իրադարձությունների հաջորդականությունը ու կարեկցել ուրիշներին, նրանց, ում փորձը տարբերվում է իրենց փորձից:
Այս փուլում երեխաները կարող են սովորել աբստրակտ մաթեմատիկական հասկացություններ, բայց նրանք չեն կարողանում գլուխ հանել բարդ խնդիրներից, որոնք պահանջում են համակարգային դատողություններ:
Մասնագետներն այս փուլում խորհուրդ են տալիս հաշվի առնել երեխայի էմոցիոնալ զարգացումը: Ծնողները հաճախ չեն հասկանում, թե ինչպես են իրենց երեխաները տառապում ընտանեկան վեճերից կամ դեպրեսիայով տառապող ծնողներից:
Սկսած 12 տարեկանից` դեռահասային տարիքի ողջ շրջանում երեխան անցնում է օպերացիաների ձևական փուլ:
Այն զարգացնում է հիպոթետիկ մտածողության ունակությունները, վերացական և դեդուկտիվ մտածողությունները:
Որպես կանոն` դեռահասներն արդեն 15 տարեկանում սկսում են լավ հասկանալ դրանք: Բարոյական խնդիրները, ինչպիսիք են սոցիալական արդարությունը և վերացական գաղափարները, ինչպիսիք են հավանականությունները, նույնպես լիովին հասկանալի են դառնում նրանց համար: Դեռահասները հաճախ քմահաճ են ու գերզգայուն: Սովորաբար դա կապված է հորմոնների հետ, բայց դա ևս այն պատճառով, որ նրանց միջին ուղեղը շատ ակտիվ է այս փուլում:
Միջին ուղեղը պատասխանատու է հիշողության, էմոցիաների ու սեքսուալության համար: Ձեզ կարող է զարմացնել այն, որ ուղեղի ռացիոնալ մասը` պրեֆրոնտալ կեղևը, զարգանում է մոտավորապես մինչև 25 տարեկանը:
Այն պատասխան է տալիս այնպիսի բաների համար, ինչպիսիք են որոշումների ընդունումը, պլանավորումը, իմպուլսների նկատմամբ վերահսկողությունը ու ռիսկերի կանխումը:
Ահա թե ինչու դեռահասները, որպես կանոն, շարունակ էմոցիաներով են գործում, սակայն նրանց համար կարող է բարդ լինել դրանք արտահայտելը: Դա նույնպես բացատրում է ռիսկի նկատմամբ նրանց սերը:
Անպայման նրանց հետ խոսեք թմրանյութերի և ալկոհոլի, չպաշտպանված սեքսի ու այլ կործանարար բաների մասին: Նրանց սովորեցրեք այնպիսի բառեր ու արտահայտություններ, որոնք նրանք կարող են օգտագործել սոցիալական ճնշումից խուսափելու համար:
Երբ դեռահասը սխալ է գործում, փոխանակ զայրանալու ու դասեր տալու` աշխատեք դրանից դասեր քաղեր: Իրավիճակը վերլուծեք տրամաբանորեն:
Նրան հնարավորություն տվեք որոշումներ կայացնել, դատողություններ անել կամ ինչ-որ բան պլանավորել: Դա միասին արեք կամ արդյունքներն ինքներդ ամփոփեք, երբ նրանք կատարեն առաջադրանքը:
Իհարկե, երեխա դաստիարակելը բոլորովին էլ հեշտ բան չէ, բայց նյարդակենսաբանություն հասկանալը կարող է իրական օգուտ ունենալ:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը