Օղակը սեղմվում է

Բիզնեսի դեմ իշխանությունների սկսած արշավը մեկ անգամ ևս եկավ ապացուցելու, որ Նիկոլ Փաշինյանը թքած ունի երկրի շահի վրա։ Քաղաքական շարժառիթներով հաշվեհարդար է տեսնում բիզնեսի նկատմամբ՝ անտեսելով այն բոլոր վնասներն ու վտանգները, որոնք թաքնված են դրա տակ։

Այն, ինչ տեղի է ունենում գործարար Սամվել Կարապետյանի բիզնեսի հետ, վատ երազում անգամ դժվար է պատկերացնել։ Սրա հետևանքները հետո են երևալու, որոնց դեռ շատ առիթներ կլինեն անդրադառնալու։

Սինչ այդ՝ մի բան ակնհայտ է, որ Հայաստանի տնտեսությունը խնդիրների պակաս չունի։ Այդ խնդիրները լուծելու փոխարեն՝ իշխանությունները նոր ու ավելի մեծ խնդիրներ են ստեղծում։ Առանց դրա էլ՝ վերջին տարիներին հասցրել են ոտնատակ տալ բիզնես միջավայրը, արհամարհել սեփականության իրավունքը, հիմնահատակ ոչնչացնել տնտեսության ներդրումային գրավչությունը։ Զարմանալի չէ, որ Հայաստանի տնտեսությունը գրեթե դադարել է ներդրումներ ներգրավել։

Պաշտոնական տվյալներով, այս տարվա առաջին եռամսյակում իրական տնտեսության մեջ կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը կազմել են ընդամենը 5.7 մլրդ դրամ կամ գրեթե 15 մլն դոլար։

Կարդացեք նաև

Սա խայտառակություն է, որը ցույց է տալիս տնտեսության ու բիզնես միջավայրի իրական վիճակը։ Հայաստանում միշտ էլ ներդրումների գրավչությունը բարձր չի եղել, բայց այն, ինչ տեղի է ունենում վերջին տարիներին, սարսափելի է։ 2 տարի առաջ նույն ժամանակահատվածում իրական տնտեսության մեջ կատարված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը 33 մլրդ դրամ էին, այս տարի 5.7 միլիարդի կարգի են եղել. 2 տարում գրեթե 6 անգամով կրճատվել են։

Առաջիկայում շատ ավելի վատ պատկերի պետք է պատրաստ լինել՝ հաշվի առնելով այն, թե ինչ է տեղի է ունենում Հայաստանի ամենախոշոր ներդրողներից մեկի՝ Սամվել Կարապետյանի բիզնեսի ու սեփականության հետ։ Հընթացս օրենքները փոխելով՝ ներդրողից փորձում են խլել իր սեփականությունը։ Նույնիսկ ձևականությունները չեն պահպանում, արհամարհած ունեն օրենքն ու սահմանադրական իրավունքը։

Սա լուրջ ահազանգ է ցանկացած ներդրողի համար։ Զարմանալի չէ, որ մեր տնտեսության մեջ ներդրումների այսպիսի խայտառակ պատկեր է։ Ու դեռ այդքանից հետո, իշխանություններն իրենք են խթանում ներդրումների արտահոսքը, ահաբեկում են ներդրողներին, քաղաքական հաշվեհարդար են տեսնում բիզնեսի հետ։

Սրանից Հայաստանի տնտեսության խնդիրներն առաջիկայում ավելի են խորանալու, չնայած այսօր էլ դրանց պակաս չկա։

Տեսնում ենք, թե ինչ է կատարվում տնտեսության մեջ։ Քաղաքական խնդիրներն աստիճանաբար տեղափոխվում են տնտեսական դաշտ։ Բիզնեսը խնդիրների է բախվում՝ ինչպես ներսում, այնպես էլ՝ երկրի սահմաններից դուրս։ Բիզնեսը բացարձակ անպաշտպան է մնացել  ոտնձգություններից։

Քանի կար, կոնյակագործներն էին ահազանգում, որ արտահանման ժամանակ Վրաստանում բախվում են խոչընդոտների հետ, տարանցվող բեռը պարտադրում են ենթարկել որակի ստուգման։ Կոնյակագործների հետ կապված խնդիրները չլուծված, խնդիրների առաջ հայտնվեցին ծաղկեգործները, որոնք չեն կարողանում իրացնել իրենց արտադրանքը, որովհետև իշխանություններն ի վիճակի չեն իրենց հարաբերությունները պատշաճ կազմակերպել արտահանող երկրի կամ երկրների հետ։ Ու դրանից տուժում են տնտեսավարողները, որոնք հայտնվել են անելանելի վիճակում՝ վարկեր են վերցրել, ջերմոց են դրել, ծաղիկներ են աճեցրել, այն հույսով, որ պիտի վաճառեն բերքն ու փակեն իրենց ծախսերը։ Բերքը չեն կարողանում իրացնել, թափում են, իսկ վարկերի տոկոսները պտտվում են։

Առաջիկայում կտեսնենք, թե հերթական հարվածի տակ ովքեր են ընկնելու։ Բայց ովքեր էլ ընկնեն, դրանից ամբողջ տնտեսությունը, ժողովուրդն է տուժելու։

Իշխանությունը միայն ներսում է առյուծ կտրում, դրսում տարրական հարցեր չեն կարողանում լուծել։ Չնայած նման թույլ իշխանության հետ ո՞վ պետք է հաշվի նստի։ Պատահական չէ, որ ամեն քայլափոխի անհարկի խնդիրներ ու դժվարություններ են ստեղծում բիզնեսի համար։ Ու մինչ իշխանություններն ամեն անգամ իրենց անկարողությունն են ցույց տալիս՝ մարդիկ փորձում են անհատական միջոցներով լուծել իրենց խնդիրները։

Արդեն խոսակցություններ են պտտվում, որ Վրաստանով տարանցման ժամանակ աստիճանաբար վերադառնում ենք 90-ականներ, երբ հայաստանյան բեռնափոխադրողներից «նալոգներ» էին հավաքում։ Նման լուրերից հետևություններ անելու ու քայլեր ձեռնարկելու փոխարեն՝ էկոնոմիկայի նախարարը դիմում է իրավապահ մարմիններին՝ դրանց հիման վրա քրեական գործ հարուցելու համար։ Քիչ է, բեռնափոխադրողները բազմաթիվ դժվարությունների են բախվում դրսում, հիմա էլ պետք է իրավական քաշքշուկների միջով անցնեն։ Կարծես քրեական գործ հարուցելով՝ խնդիրները լուծվեցին։ Խնդիրները ոչ միայն չեն լուծվում, այլև ավելանում են։

Ծաղիկներին հաջորդեցին հեղուկ գազի ներկրման հետ կապված խոչընդոտները։ Ու մինչ էկոնոմիկայի նախարարը, օրեր շարունակ Վերին Լարսի անցակետում մնալուց ու վնասներ կրելուց հետո, մի կերպ սահմանը հատող մեքենաների թվերն էր հաշվում, շուկայում գները կտրուկ բարձրացան։ Պատճառները պարզելու հույսով՝ մրցակցության հանձնաժողովը նույնիսկ վարույթ հարուցեց, չնայած դրանից սպառողների համար ո՛չ տաք է, ո՛չ էլ սառը։ Ամիսներ կտևի՝ մինչև հանձնաժողովը պարզի պատճառները։ Մինչ այդ սպառողները ստիպված են թանկ գին վճարել հեղուկ գազի համար՝ զուտ այն պատճառով, որ իշխանություններն ի վիճակ չեն պաշտպանել սեփական տնտեսավարողներին։

Մի կողմից՝ Վրաստանում են ճնշում ու անհարկի քաքշուկներ ստեղծում արտահանող-ներմուծողների համար, մյուս կողմից՝ ռուսական շուկայում են դժվարություններն ավելանում։ Ի պատասխան մեր անպատասխանատու իշխանությունների աշխարհաքաղաքական խաղերի ու կողմնորոշումների փոփոխությունների, Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը ոչ վաղ անցյալում հայտարարեց իր երկրի մոտեցումները Հայաստանի տնտեսության նկատմամբ փոխելու մասին։ ՌԴ-ն նախագահն էլ հանձնարարեց օրենսդրական փոփոխություններով խստացնել այլ երկրներից ապրանքների ներմուծման համապատասխանության վերաբերյալ տրված սերտիֆիկատների օրինականության նկատմամբ պահանջները։

Հազիվ թե հայկական ապրանքների արտահանումները խուսափեն այս խստացումներից, ու դա կլինի հերթական հարվածը Հայաստանի տնտեսությանը։

Այս ամենից հետևություններ անելու փոխարեն՝ իշխանությունները մի բան էլ ներսում են արշավ սկսել բիզնեսի նկատմամբ։ Ահաբեկում ու քաղաքական բռնաճնշումների են ենթարկում։ Հետևանքները երկար սպասեցնել չեն տա։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031