Մարդկանց լուռ մերժումը և ատելությունը Նիկոլի և Աննայի հանդեպ մի օր պայթելու է․ Ժաննա Ալեքսանյան

Այս իշխանությանը ժողովուրդը չի հետաքրքրում։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն անձնականացված է, և տեսանելի է, որ այն առաջնորդվում է իր անձնական շահերով։ Ժողովուրդը, մարդը նրան չեն հետաքրքրում։ Ինչ մտածում է, ինչ խելքին փչում է, որ րոպեին ինչ ուզում է՝ անում է, և իրեն ամբողջությամբ դուրս է դրել օրենքից։ Սա անպատկերացնելի է, բայց իրականություն է։ Ժողովուրդը երբևէ նրա հենարանը չի էլ եղել, անընդհատ խաբել են և շարունակում են խաբել։ Սա այն դեպքն է, երբ իշխանությունն այլասերություն է, իսկ բացարձակ իշխանությունը՝ բացարձակ այլասերություն։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

«Վերջին շրջանի ձերբակալությունների և կալանավորումների մեջ ամենաշատն ապշեցնում են դա հավանողները, դրա կողմնակիցները, նրանց սուտը, կեղծիքը։ Շատերը սովորեցին, նա շատերին սովորեցրեց դրան, ենթակա դարձրեց իրեն։ Մենք սովոր ենք հիմնավորումները տեսնել, և ամեն ինչ նրա ասածով չպետք է ընդունենք։ Այդ մոլուցքով են ներկայացնում ենթադրյալ ահաբեկչության նախապատրաստումը՝ որպես իրողություն։ Սովոր ենք, որ քննություն պետք է լինի։ Երբ քաղաքական քարոզչությունը գերակայում է իրավականին, դա միանշանակ շատ կասկածելի է։ Երբ հետևում ես, ուզում ես տեսնել, թե ինչ հիմքով, հիմնավորումներով է արվում այդ ամենը, բայց տեսնում ես, որ ուղղակի դատարկություն է»,- ասաց հասարակական գործիչը։

«Փաշինյանը պատկերացում չունի անմեղության կանխավարկածի մասին։ Այս երկիրը չի ղեկավարվում, իսկ մարդիկ կրակն են ընկել։ Նա իր բնական վիճակի մեջ է, և նրա համար ոչ մի կաշկանդող բան չկա։ Նրա միջավայրն է թույլ տվել, որ նա այդկերպ լկտիանա, շփվի խուլիգանական բառապաշարով, հետո ասի՝ լավ, հինգ օր այդպես չեմ խոսի։ Երբ նա մի բառ է ասում, թիմակիցն ավելի վատ բառ կարող է ասել։ Ամեն ինչ արժեզրկել, ապականել, անարգել են։ Պետք է ազատվել այս իշխանությունից։ Եկեղեցու դեմ այս արշավի հետ կապված՝ բոլորը տագնապ ունեն, սպասում են՝ ինչ է լինելու։ Լավ է, որ մյուս կողմում հանգստություն կա, դա մարդկանց լուռ մերժումն է, որը մի օր պայթելու է։ Նա, իհարկե, հանգիստ չի տա իր իշխանությունը։ Անպատկերացնելի էր, որ կարող է գա, այս աստիճանի ավերի երկիրը, համակարգերը, դատարանները»,- նշեց Ժաննա Ալեքսանյանը։

Իրավապաշտպանի կարծիքով՝ պետք է հասկանալ, թե ինչու մեզ մոտ դատական համակարգը չի կայանում․ «Մարտի 1-ի դեպքերից հետո անթիվ-անհամար կալանավորումներ էին, դատավորներն անխոս կատարում էին հրահանգները։ Ինչո՞ւ համակարգը չի զարգանում։ Մի փուլն անցնում է, գալիս են նոր նախագահական կամ խորհրդարանական ընտրություններ, և եթե նույնիսկ դատական համակարգն ուզում է իր մեջքը շտկել, չի կարողանում, քանի որ վրա է հասնում մեկ ուրիշը։ Մնացական Մարտիրոսյանին նշանակեցին Երևանի քրեական դատարանի նախագահ։ Երևի անհանգստություն ուներ, որ իր դատավորին չէր գտնի, բայց գտավ, կամ ինչ-որ կապեր ունի հետը։ Նիկոլ Փաշինյանը կապեր ուներ և ունի այդ բոլորի հետ։ Շատ տխուր է, որ մեր երկիրն այս վիճակում է հայտնվել, երբ նա անարգում է ամեն ինչ»:

«Դու ո՞վ ես, որ կաթողիկոսին մեղադրում ես կուսակրոնության խախտման համար, նա քե՞զ է այդ խոստումը տվել։ Քեզ ի՞նչ ես երևակայում, ի՞նչ ես քեզնից ներկայացնում։ Նրանք ոչինչ չեն կարող անել եկեղեցու դեմ։ Ժողովրդի մեջ այնպիսի ատելություն և թշնամանք կա նրանց հանդեպ, որ մարդիկ շատ ծանր են տանում այս ամենը։ Անբարոյականը բարոյականություն է պահանջում։ Չլսված բան է, որ ինքն իրեն Հիսուսի հետ է համեմատում։ Ո՛չ իր, ո՛չ կնոջ մեջ սեր չկա, և դա էլ է պատիժ, միայն չարության պոռթկումներ են»,- ամփոփեց Ժաննա Ալեքսանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս